Հայաստան

Հարցազրույց Արայիկ Հարությունյանի Հետ

Երբեմն մեծ գայթակղություն է առաջանում պատասխանել ընդդիմախոսների ոճով, բայց կառավարությունը փորձում է խուսափել «պլինտուզային մակարդակներից», որոնց, ըստ նրա, դիմում են որոշ ընդդիմախոսներ։ 

Արայիկ Հարությունյան

Factor.TV-ն զրուցել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Քննարկման ընթացքում շոշափվել են  երկրի ներքին և արտաքին քաղաքականության մի շարք հրատապ հարցեր։ 

Արայիկ Հարությունյանը նշեց, որ մեծ սիրով ընդունել էր հարցազրույցի հրավերը, և թեև որոշ ժամանակ զբաղվածությունը չէր թույլ տալիս մասնակցել, այժմ, ըստ նրա, կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել։ Նա ընդգծեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն ունեն քաղաքական բանավեճի և խոսքի մշակույթի խնդիրներ, որոնք երբեմն դրսևորվում են նաև իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ։ Նրա խոսքով՝ սա ընդհանուր քաղաքական մշակույթի մակարդակի խնդիր է, և անհրաժեշտ է համատեղ ջանքերով շտկել իրավիճակը։

Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ իշխող թիմը գիտակցում է նշաձողի բարձրացման կարևորությունը, և վերջին ամիսներին այդ ուղղությամբ արդեն երևում են դրական փոփոխություններ։ Նա հիշեցրեց, որ վարչապետը նույնիսկ հրապարակային ներողություն էր խնդրել մեկ գրառման համար, ինչը, ըստ նրա, լուրջ քայլ էր նշաձող սահմանելու տեսանկյունից։ Հարությունյանը հավելեց, որ իշխանությունն ապագայում առավելագույնը փորձելու է զերծ մնալ ոչ էթիկական խոսույթից։ Դիտարկելով ընդդիմախոսների քննադատությունները՝ նա ասաց, որ երբեմն մեծ գայթակղություն է առաջանում պատասխանել ընդդիմախոսների ոճով, բայց կառավարությունը փորձում է խուսափել «պլինտուզային մակարդակներից», որոնց, ըստ նրա, դիմում են որոշ ընդդիմախոսներ։ Նա ընդգծեց, որ վարչապետի հասցեին հնչող մեղադրանքներից որոշները գերագնահատված են, և սխալ է պնդել, թե վարչապետը «օրն սկսում է հայհոյաբանությամբ»։ Նրա կարծիքով՝ առանձին դեպքերը չեն կարող ընդհանրացվել։

Անդրադառնալով իր, որպես նախկին կրթության նախարարի, վերաբերմունքին՝ նա ասաց, որ երբեմն քաղաքական բանավեճը հանգեցնում է սրված ու հուզական արտահայտությունների, սակայն դա չի նշանակում, որ իշխանությունը չի գիտակցում դրանց անընդունելի լինելը։ Հարությունյանը կրկին ընդգծեց, որ նման դրսևորումներից պետք է զերծ մնալ։

Խոսելով պետական ծառայողների մեծ համաժողովի մասին՝ Արայիկ Հարությունյանը ասաց, որ իր խորին համոզմամբ նման միջոցառումները պետք է անցկացվեին դեռևս 2018-ից։ Նրա խոսքով՝ կառավարությունը տարիներ շարունակ խորապես ընկղմված էր ընթացիկ խնդրի լուծումների մեջ և բաց էր թողել լայն քննարկումների և պետական ապարատի հետ համադրումների անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ դա իշխանության բացթողումներից մեկն է եղել, սակայն այժմ նպատակ կա այդպիսի հավաքները դարձնել շարունակական։ Միջոցառման կազմակերպումն ի սկզբանե կապ չուներ նախընտրական գործընթացների հետ, և «նախընտրական տրամաբանություն փնտրել» ամեն քայլի մեջ սխալ մոտեցում է։ Միջոցառման վերաբերյալ գերատեսչություններին ուղարկվել էր միայն ծանուցում՝ ըստ նախարարությունների ներկայացվածության սահմանելով տեղերի քվոտաներ, սակայն պարտադիր հրահանգ չի եղել։ Նա ասաց, որ նույնիսկ իրենց աշխատակազմում կային աշխատակիցներ, ովքեր ցանկացել էին մասնակցել, բայց սահմանափակ տեղերի պատճառով չեն կարողացել։

Անդրադառնալով միջոցառման քննադատությանը՝ մասնավորապես այն հայտարարություններին, թե դա նմանվել է ոչ ժողովրդավարական երկրի հավաքի, Հարությունյանը նշեց, որ նման համեմատություններն անհիմն են։ Նա ընդգծեց, որ եթե Հայաստանը «Հյուսիսային Կորեա» լիներ, ապա Ազգային ժողովում տեղի ունեցող կոշտ ու հաճախ ցածրակարգ քննարկումները պարզապես չէին լինի։ Նա նաև բերեց օրինակ, որ ԱՄՆ-ում նախագահների ելույթների ժամանակ նույնպես հաճախ են ոտքի կանգնում և ծափահարում, ինչը քաղաքական մշակույթի տարր է ու նորմալ երևույթ։

Խոսելով ներքին գործերի համակարգի, հրդեհների հանգցման և պետական կառույցների միասնականության մասին՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուր ոլորտ ունի խնդիրներ՝ մասնակիցների գիտելիքների, հագեցվածության և առկա ռեսուրսների առումով։ Նա շեշտեց, որ նման երևույթները հնարավոր է գնահատել միայն մասնագիտական վերլուծությամբ, և քաղաքական հետևություններ անել առանց այդ գնահատումների՝ սխալ է։ Հարությունյանը նշեց, որ կառավարության կարևոր ուղերձներից մեկն այն է, որ բոլոր խնդիրների հիմքում կրթությունն է, և դրա բարեփոխումը առաջնահերթություն է դարձել։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ նա ասաց, որ օրենքը  թույլ չի տալիս դրանք անցկացնել խորհրդարանական ընտրությունների օրը, և երկու գործընթացները տարբեր բնույթի են։ Նրա խոսքով՝ որևէ «վստահության խնդիր» չկա, և եթե խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, իշխանությունը բնականաբար ձգտելու է վերաստանալ հանրային մանդատը։

Խոսելով ընտրություններից առաջ իշխանության տված ու չիրականացված խոստումների, մասնավորապես թալանի վերադարձի մասին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ 2018-ից հետո հասարակությունը պահանջում էր վենդետաների կիրառում, սակայն իշխանությունը հրաժարվել է այդ ուղուց և նախընտրել օրենսդրական ու ինստիտուցիոնալ ճանապարհը։ Նա ընդգծեց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացն այժմ կայացած է և վերադարձելի չէ։ 

Իր խոսքը շարունակելով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը առանձնացրեց երեք հիմնական ձեռքբերում. Առաջինը, ինչպես նա ասաց, կրթության ոլորտում տեղի ունեցած համակարգային փոփոխություններն են, որոնց կուլմինացիան լինելու է ակադեմիական քաղաքի ստեղծումը։

Երկրորդը, տնտեսության բարձր աճն է, որը, ըստ նրա, հնարավոր է դարձել տնտեսության ապաքաղաքականացման, հովանավորչության վերացման և մրցակցության ազատության պայմաններում։ Երրորդը, իրավապահ համակարգում և դատաիրավական ոլորտում իրագործված բարեփոխումները, այդ թվում՝ դատավորների զգալի փոփոխությունը, ինչը, ինչպես նշեց նա, վեթինգի գործառույթ է իրականացրել, թեկուզ ոչ ուղիղ ձևով։

Վերջում անդրադառնալով ընդդիմադիրների և իշխանության ներկայացուցիչների միջեւ իրավապահ մարմինների վերաբերմունքի տարբերության մասին բարձրացվող հարցերին՝ Արայիկ Հարությունյանը ասաց, որ չի կարող ընդունել այն պնդումները, թե իրավապահները ընտրովի մոտեցում են ցուցաբերում։ Նա ընդգծեց, որ տարբեր իրավիճակներում արտահայտված խոսույթները տարբեր իրավական կարգավիճակ ունեն, և սեռական բնույթի վիրավորանքը չի կարող դրվել նույն հարթության վրա «շան լակոտ» արտահայտության հետ։ Նա նաև նշեց, որ իր տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ էլ բազմաթիվ դեպքերում հարուցվել են գործողություններ և չեն կարող լինել «անպատժելիության գոտիներ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *