Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Արցախի նախագահի «այդ քայլը» հայտարարության տեքստում բնութագրվել է որպես «վերջին կարմիր գծի խախտում»: Փաստացի դա Արայիկ Հարությունյանին ներկայացված հրաժարականի պահանջ էր: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 93-րդ

Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի ընտրությունից երեք օր հետո Ադրբեջանի «Կարմիր մահիկ» կազմակերպությունը հայտարարել է «որպես մարդասիրական օգնություն Ղարաբաղին քառասուն տոննա ալյուր հատկացնելու մասին»: Բաքվի պետական քարոզչությունը օգոստոսի 11-ին տեսանկահարել եւ միջազգայնացրել է Բարդայից դեպի Աղդամ բեռնատարների շարժը: Հաջորդ օրը, ըստ ադրբեջանական կողմի տեղեկության, ալյուրով բեռնված ավտոմեքենաներն Աղդամից շարժվել են դեպի Ասկերան: Ոչ պաշտոնական տեղեկություններով, այդ օրերին Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի հրամանատարության միջնորդությամբ կազմակերպվել են բանակցություններ: Քննարկվել է տարբերակ, որ եթե Ադրբեջանը թույլատրի Հայաստանից Լաչինի միջանցքով երկու բեռնատարի Ստեփանակերտ մուտքը, ապա «ադրբեջանական բեռնատարները համաժամանակյա ռեժիմում կմտնեն Ասկերան»:

Ովքե՞ր, որտե՞ղ եւ Ադրբեջանի ի՞նչ ներկայացուցիչների հետ են այդ հարցով բանակցություններ վարել, որեւէ տեղեկություն չի հրապարակվել ինչպես այդ օրերին, այնպես էլ անցած ավելի քան երկուսուկես տարում: Փաստ է, որ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Արցախի դիմադրության եւ զարգացման ճակատը», որին մաս էին կազմում Արցախի խորհրդարանում ներկայացված ՀՅԴ-ն, «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունները, կտրուկ դեմ է արտահայտվել ադրբեջանական ալյուրն ընդունելուն: 

Օգոստոսի կեսերին Ասկերանում ձեւավորվել է «դիմադրության տեղական կոմիտե», որ գլխավորել է ՀՅԴ-ական Ալյոշա Գաբիելյանը: Նա Արցախում հայտնի դեմք է, եղել է առաջին Գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի, չորրորդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին Գաբրիելյանը զբաղեցրել է Ասկերանի քաղաքապետի պաշտոնը, ավելի վաղ, խորհրդային շրջանում գլխավորել է շրջանի կրթության բաժինը: Ասկերանի դիմադրության «կոմիտեի որոշմամբ» Աղդամ-Ասկերան ավտոճանապարհի սահմանային հատվածում շուրջօրյա հանրահավաքներից մեկն ավարտվել է մայրուղին արգելափակող բետոնասալիկների տեղադրմամբ: Ըստ ոչ այնքան ստույգ տեղեկությունների, ակցիան իրականացվել է նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ նրա «կողմից ֆինանսավորմամբ»: 

Մայրուղու արգելկափակումը հստակ ուղերձ էր Բաքվին, որ «Արցախի դիմադրության եւ զարգացման ճակատը» նույնիսկ մարդասիրական հարցերում Ադրբեջանի հետ բանակցության մտադրություն չունի: Իրավիճակի անսպասելի փոփոխություն, սակայն, տեղի է ունեցել օգոստոսի լույս 31-ի գիշերը: Ականատեսների վկայությամբ, կեսգիշերից ժամեր առաջ Ասկերանի «դիմադրության կոմիտեի» անդամների հետ բանակցություններ է վարել Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Նրան ուղեկցել են «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունների մի քանի անդամներ: Իշխանյանը փորձել է համոզել, որ բետոնասալիկները հեռացվեն, որպեսզի ռուսական զորախմբի բեռնատարներն անցնեն ադրբեջանական կողմ եւ տեղափոխեն քառասուն տոննա ալյուրը: Ասկերանի «կոմիտեն» մերժել է: Ժամեր հետո «Արցախի դիմադրության եւ զարգացման ճակատը» ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որ Արայիկ Հարությունյանը «ճնշում է գործադրել, որպեսզի Ասկերանում բացվի ճանապարհը, եւ ադրբեջանական բեռնատարները մտնեն Ստեփանակերտ»: Արցախի նախագահի «այդ քայլը» հայտարարության տեքստում բնութագրվել է որպես «վերջին կարմիր գծի խախտում»: Փաստացի դա Արայիկ Հարությունյանին ներկայացված հրաժարականի պահանջ էր: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *