Հայաստան

Նոր Կաթողիկոս Ու Նոր Օրակարգ

Խնդիրը Գարեգին Երկրորդի մնալ–չմնալ-ը չէ, այլ այն՝ արդյո՞ք հետո հնարավոր կլինի վերականգնել եկեղեցու հեղինակությունն ու վստահությունը, թե՞ կունենանք «նոր կաթողիկոս, բայց հին պրակտիկաներով»։ 

Էդվարդ Անտինյան

Freenews Armenia-ն զրուցել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ։ Զրույցի ընթացում խոսել են Հայաստանի ներքին իրադարձությունների և գլոբալ աշխարհաքաղաքականության միջև կապերի մասին, ընդգծելով, որ Հայ Առաքելական Եկեղեցին դարձել է ոչ միայն աղոթատուն, այլև քաղաքական պայքարի կենտրոն։

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանն ասաց, որ վաղուց էր զգուշացրել․ ճիշտ կլինի, որ Գարեգին Երկրորդը մինչ տարվա ավարտը հրաժարական ներկայացնի՝ առողջական պատճառաբանությամբ, քանի որ դա կարող էր լինել ամենափակ ու ամենալավ լուծումը։ Նա նշեց, որ իրավիճակը գնալով սրվում է, քանի որ արդեն տասը եպիսկոպոս պահանջում են կաթողիկոսի հեռացումը, հայտարարել են ինքնակամ հանգստի կոչվելու անհրաժեշտության մասին, իսկ անազատության մեջ գտնվող երկու սրբազանները պահանջում են ազգային եկեղեցական ժողովի օրակարգի ձևավորում։

Անտինյանը նշեց, որ եթե անգամ կանոնակարգը միանշանակ չի սահմանում հրաժարականի ընթացակարգ, դա չի կարող լինել պատճառ՝ մթնոլորտի կործանարար լարվածությունը անտեսելու համար։ Նա օրինակ բերեց Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի հրաժարականը, որը, ինչպես ասաց քաղաքագետը, «զուտ ավանդական անհնարության պայմաններում նույնպես հնարավոր դարձավ, որովհետև ինքն իրեն չէր ընկալում այլևս ծառայելու ի վիճակի»։

Նա ընդգծեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը չի կարողացել որակապես փոխել կաթողիկոսի ինստիտուտը, քանի որ այն երկար ժամանակ մնաց խորհրդային ազդեցության տակ, իսկ հետագայում էլ իշխանությունները շարունակեցին միջամտել այդ նշանակմանը։ Անտինյանը հիշեցրեց, որ Վազգեն Առաջինի դեմ ժամանակին հարձակում էր կազմակերպում ՀՀՇ իշխանությունը, հետո Լևոն Տեր-Պետրոսյանը նշանակեց Գարեգին Առաջինին, իսկ Գարեգին Երկրորդը ընտրվեց արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ Վազգեն Սարգսյանի ուղիղ ազդեցությամբ։ Նրա դիտարկմամբ՝ այս շարունակական միջամտությունները ժառանգեցին և խորացրին համակարգային խնդիրները։

Քաղաքագետն ասաց, որ չի ցանկանում, որպեսզի այժմ էլ կաթողիկոսը դառնա Նիկոլ Փաշինյանի «նշանակած» գործիչը, և մատնանշեց՝ ճիշտ կլինի, որ եկեղեցին որոշումները կայացնի իր ներսում և հնարավորինս հեռու պահի աշխարհիկ իշխանության ուղղակի ներգործությունը։

Էդվարդ Անտինյանի համոզմամբ՝ եկեղեցական դաշտի ներսում այսօր կա երկու բևեռ․ նրանք՝ , ովքեր պնդում են, թե կաթողիկոսի հեռացումը անհնար է ազգային ժողովի որոշումից դուրս, և նրանք՝, ով քերկարծում են, որ իրավիճակը հասել է այնպիսի հարթության, երբ կաթողիկոսը պետք է ինքը հասկանա իր հեռանալու անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց, որ առողջական կամ ծառայունակության անկման փաստը բավարար հիմք կարող է լինել հրաժարականի համար։

Անդրադառնալով բարեվարքության թեմային՝ Անտինյանն ասաց, որ բարեվարքության ինստիտուտը եկեղեցական համակարգում չի կարողս տուգվել աշխարհիկ իշխանության մեթոդներով․«Մենք խոսում ենք համաշխարհային կառույցի մասին, ոչ թե միայն Էջմիածնում նստած մի քանի հոգու»,- նշեց քաղաքագետը։ Նա հիշեցրեց, որ Վազգեն Առաջինի բարեվարքությունն էլ չէր կարող աշխարհիկ կառույց ստուգել, և որ եկեղեցին ինքը պետք է ունենա իր ներհամակարգային չափորոշիչները։

Անտինյանը քննադատեց Գարեգին Երկրորդի գործունեության մի շարք դրվագներ՝ հիշեցնելով Պուտինից ստացած մեդալները, Եզրաս արքեպիսկոպոսի կողմից ռուսական ռազմական գործողություններին օրհնություն տալը։ Նա ընդգծեց, որ խնդիրը «Գարեգին Երկրորդի մնալ–չմնալ»-ը չէ, այլ այն՝ արդյո՞ք հետո հնարավոր կլինի վերականգնել եկեղեցու հեղինակությունն ու վստահությունը, թե՞ կունենանք «նոր կաթողիկոս, բայց հին պրակտիկաներով»։

Անդրադառնալով կաթողիկոսի լռությանը՝ Անտինյանը ասաց, որ դա խոսում է իրավիճակի ձգձգման և ժամանակ շահելու փորձի մասին՝ սպասելով ներքաղաքական զարգացումներին, ընտրություններին, արտաքին ազդակներին։ Սակայն նա նշեց, որ նման պահվածքն «անկայուն է և լրջության պակաս ունի»։

Էդվարդ Անտինյանը ընդգծեց, որ այսօր եկեղեցին ունի լուրջ հեղինակային ճգնաժամ, որը խորացել է սպասավորական անձնակազմի վարքագծով։ Նա նկատեց, որ հասարակության մեջ պահպանվում է մեծ հարգանք հենց եկեղեցու նկատմամբ, բայց ոչ՝ սպասավորների, որոնք, ինչպես ասաց, «սպառողի, նյութապաշտ վարքագծով անդադար վնասում են ինստիտուտին»։

Անտինյանը դիտարկեց, որ հավատացյալը սպասում է հոգևոր ուղղորդման , բարոյական խոսքի, ոչ թե նյութական շքեղության ցուցադրման, և քանի դեռ հոգևորականները չեն վերադառնում իրենց առաքելությանը, հանրությունն ավելի ու ավելի է հեռանալու նրանցից։

Նա անդրադարձավ նաև այն հայտարարություններին, որոնք քաղաքական ուժերը անում են եկեղեցու և հավատքի թեմաներով․ըստ քաղաքագետի՝ եկեղեցին փորձել օգտագործել ներքաղաքական նպատակներով՝ դա սխալ է և վտանգավոր։ «Որքան շատ են հավատքից խոսում, այնքան մեծ վնաս են տալիս»,- ասաց նա և հավելեց, որ հավատքը չի կարող դառնալ նախընտրական քարոզչական գործիք։

Անտինյանը խոսեց նաև ԲՀԿ առաջնորդի առաջարկի մասին՝ Քրիստոսի արձանը տեղադրելու վերաբերյալ․ ըստ նրա՝ այս փուլում նմանննախաձեռնությունները ավելի շատ քաղաքական, քան հոգևոր ենթատեքստ ունեն։

Այնուհետև նա անցավ արտաքին քաղաքական օրակարգին․ Էդվարդ Անտինյանը նշեց, որ Ուկրաինայի պատերազմում վերջին զարգացումները հուշում են, որ Ռուսաստանը զգալիորեն թուլացած է էներգետիկ ճնշումների պատճառով․ «Ռուսաստանը հիմա ունի հոսանքի և ջեռուցման լուրջ պակասներ՝ մոտեցող  ձմռան պայմաններում, իսկ Ուկրաինան՝ չորս տարի դիմանալով այդպիսի պայմաններում, շարունակում է հարվածներ հասցնել ռուսական ենթակառուցվածքներին»։

Քաղաքագետը ասաց, որ Թրամփը այսօր փորձում է ճնշում գործադրել Ուկրաինային՝ խաղաղության ծրագրի շրջանակում, սակայն դա, ըստ նրա համոզման, հանգեցնելու է պատերազմի սառեցման, ոչ թե լուծման․ «Այդ տարբերակը կխրախուսի ագրեսորին, ու պատերազմը շարունակություն է ունենալու Թրամփից հետո էլ»։

Նա ընդգծեց, որ Ուկրաինան արդեն ցույց է տվել՝ կարող է ինքնուրույն արտադրել և հարվածներ հասցնել, իսկ Ռուսաստանը չի կարողանում պաշտպանել սեփական ենթակառուցվածքները դիվերսիոն գործողություններից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *