ՄԵՐ ՈՒՂԻՆ

Քաղաքական «Ալքիմիան» Հակացուցված Է

Պարտավոր ենք ստույգ, մաթեմատիկական բանաձեւի նման ճշտորոշել, թե կոնկրետ այս փուլում ինչ խնդիր է  եւ ինչպես ենք լուծում: Իսկ պետականորեն եւ հանրայնորեն ճշտորոշվելու կամ, թերեւս, ինքնորոշվելու համար անցյալի դառը դասերը պետք է սերտվեն մինչեւ վերջ: 

Վահրամ Աթանեսյան

ԼՂ կարգավորմանը վերաբերող փաստաթղթերի հրապարակումը բուռն քննարկումների տեղիք է տվել: Ոմանք պնդում են, որ հարցը «բանակցային լուծում չուներ, Հայաստանը պետք է արդիականացներ բանակը, ամրաշինական կառույցներ ստեղծեր, իրականացներ վերաբնակեցում» եւ այլն: Գործ ունենք «հիվանդ գլխից առողջի վրա բարդելու» մոտեցման հետ, որովհետեւ բանակցային լուծում չի ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այլ՝ «լուծման» այն տարբերակը, որ հայկական դիվանագիտությունը փորձում էր իրացնել 1998թ. «իշխանափոխությունից» հետո: 

Մտավարժանքները վտանգավոր են, քանի որ բազմիցս կրկնվելու դեպքում փոխակերպվում են կարծրատիպերի: Ինչպես եղել է գրեթե քառորդ դար, երբ հայ իրականության մեջ ամրապնդվել է տեսակետ, թե բանակը պատերազմում հաղթանակ է տարել, դիվանագետները պետք է դա ամրագրեն: Ըստ էության, մենք ավելի քան քսան տարի փորձել ենք ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ միջազգային հանրությանը մեր բացառիկ ճշմարտության մեջ համոզելու եւ նրա օգնությամբ Ադրբեջանին պայմաններ թելադրելու խնդիր լուծել: 

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «մեր թշնամին Ադրբեջանը չէ, միջազգային հանրությունն է» սահմանումը մենք ընկալել ենք որպես Լեռնային Ղարաբաղի խնդրի հայանպաստ լուծման հանդեպ նրա «չկամություն», նույնիսկ «թշնամանք»: Մինչդեռ ասվածը պարզ ճշմարտություն է, եթե հաշվի առնենք, թե ինչ է մեզ առաջարկվել եւ ինչ պատասխան ենք մենք տվել 1998-ին: 

Տեսակետ կա, որ «անիմաստ է բանավիճել, քանի որ եղածը եղել է»: Դա ոչ միայն անհիմն, այլեւ վտանգավոր միտում է, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում իրականացված չէ, հաղորդուղիները բացված չեն, հանրային փոխըմբռնում հաստատված չէ, եւ մենք պարտավոր ենք ստույգ, մաթեմատիկական բանաձեւի նման ճշտորոշել, թե կոնկրետ այս փուլում ինչ խնդիր է  եւ ինչպես ենք լուծում: Իսկ պետականորեն եւ հանրայնորեն ճշտորոշվելու կամ, թերեւս, ինքնորոշվելու համար անցյալի դառը դասերը պետք է սերտվեն մինչեւ վերջ: Այլապես կարող են նոր «ալքիմիկոսներ» հայտնվել կամ տեղի ունենա նախկին «ալքիմիկոսների ռեինկառնացիա», եւ Հայաստանը վերստին մատնվի «կույր դեգերումների»:

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *