Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Առհասարակ, ո՞վ եւ ինչու՞ է Ստեփանակերտում վերջին ամիսներին անկառավարելիություն ստեղծել: Ծայրահեղ ծանր իրավիճակը պահանջում էր կենտրոնացված, գրեթե ռազմական դրությանը համապատասխան կառավարում, բայց իրականում իշխանության ոչ մի մարմին լիարժեք չի գործել:

Վահրամ Աթանեսյան

Մաս 94-րդ

Պահպանվել է 2023թ. օգոստոսի  31-ին Արցախի Ազգային ժողովի մոտ արված ոչ պրոֆեսիոնալ, ամենայն հավանականությամբ՝ բջջային հեռախոսով արված, տեսագրություն: Խորհրդարանի նախագահի եւ խմբակցությունների ղեկավարների հետ տեւական քննարկումներից հետո Արայիկ Հարությունյանը մոտ երկու տասնյակ, հիմնականում երիտասարդ տղամարդու, ներկայացնում է ստեղծված իրավիճակը: Նա ասում է, որ ռուսական զորախմբի հրամանատարության միջնորդության ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում, պարզաբանում է, որ նախնական համաձայնություն կա, որպեսզի հումանիտար բեռնափոխադրումների համար համաժամանակյա բացվի եւ Գորիս-Ստեփանակերտ, եւ Աղդամ-Ստեփանակերտ երթեւեկությունը: Այս պահից տեսագրությունը խառնվում է, լսվում են անհամաձայնության բացականչություններ, հնչում են «ոչ» ձայնարկություններ, սուլոցներ: Արայիկ Հարությունյանը հարկադրված ընդհատում է խոսքը, ձեռքը թափ է տալիս եւ քայլում դեպի նախագահի նստավայր:

Ամենայն հավանականությամբ, հենց այդ միջադեպից հետո է «Արցախի դիմադրության եւ զարգացման ճակատը» ֆեյսբուքի իր էջում հրապարակել  «վերջին կարմիր գիծը հատելու» մասին հայտարարությունը, որ Արայիկ Հարությունյանը, նկատի ունենալով գերլարված իրավիճակը, ընդունել է որպես իրեն ներկայացված հրաժարականի վերջնագիր: Տեսագրությունից կարելի է պարզել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բացելուն «ոչ» ասող երիտասարդների ինքնությունը, բայց դա ոչինչ չի տա, եթե չի պարզվում, թե ով է նրանց տեղյակ պահել Արայիկ Հարությունյանի եւ խորհրդարանականների հանդիպման մասին եւ կազմակերպել «արդարացի բողոքի» ցույցը: 

Առհասարակ, ո՞վ եւ ինչու՞ է Ստեփանակերտում վերջին ամիսներին անկառավարելիություն ստեղծել: Ծայրահեղ ծանր իրավիճակը պահանջում էր կենտրոնացված, գրեթե ռազմական դրությանը համապատասխան կառավարում, բայց իրականում իշխանության ոչ մի մարմին լիարժեք չի գործել: Ավելին, հանրությանը ներշնչվել է Արայիկ Հարությունյանի հանդեպ անվստահություն, կասկածամտություն: Բավական է մի փաստ վկայակոչել. Բոլոր բնակավայրերում գյուղացիները հրաժարվել են հնձած ցորենը վաճառել կառավարությանը: Իսկ դա հնարավորություն էր, որպեսզի Ստեփանակերտը եւ մյուս քաղաքներն ապահովվեին սեփական հացով:Այդ դեպքում Ադրբեջանի հետ բանակցություններն ավելի առարկայական կլինեին: Բայց գյուղացին, այսպես հավաքական ասենք, իշխանությանը, կոնկրետ Արայիկ Հարությունյանին ընդառաջ չգնաց: Ընդ որում, մերժումը համատարած էր, ինչը վկայում է, որ այն կազմակերպված եւ հրահանգավորված էր: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *