Մադրիդյան և Կազանյան սկզբունքների սևագրերը վաղուց հայտնի էին մասնագետներին, և դրանք բոլորն էլ ենթադրում էին 5+2 կամ 7 շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի այնպիսի կարգավիճակի դիմաց, որը պիտի իրականանար Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո։
Գեորգի Թումասյան
Armtimes-ը զրուցել է վրացահայ հասարակական գործիչ Գեորգի Թումասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են իշխանության կողմից գաղտնազերծված փաստաթղթերը։ Թումասյանը պնդում է, որ այդ փաստաթղթերը, ներառյալ «Քիվեսթի» մասով, պետք է դառնան լուրջ քրեական հետաքննության առարկա, հատկապես նախկին նախագահների կոռուպցիոն գործունեության և հնարավոր դավաճանության վերաբերյալ։
Գեորգի Թումասյանը նշեց, որ հրապարակված փաստաթղթերը, իր համոզմամբ, նոր հնարավորություններ են տալիս հասկանալու՝ ի՞նչ գործընթացներ են տեղի ունեցել Ղարաբաղյան կարգավորման շուրջ։ Նա ասաց, որ երկար տարիներ հանրության մեջ կասկածներ են եղել՝ հոկտեմբերի 27-ի և Մեղրիի փոխանակման պլանի միջև կապի մասին, սակայն դրանում հստակ եզրակացություններ անելն այսօր էլ բարդ է․դրա համար, ինչպես նշեց Թումասյանը, պետք է աշխատեն քննչական մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը և այլ համապատասխան կառույցներ։
Նա ընդգծեց, որ պետք է քննվեն ինչպես հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, այնպես էլ քի-վեսթյան գործընթացի իրական բովանդակությունը, որովհետև, ըստ նրա դիտարկման, շատ հարցերի պատասխաններ այդտեղ են թաքնված։ Գեորգի Թումասյանը ասաց, որ պետք է պարզել՝ ինչ դիրքորոշումներ են ունեցել ներգրավված քաղաքական դերակատարները, այդ թվում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և ինչ քայլեր են իրականում արվել։
Ըստ նրա՝ հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում փաստացի ավարտվել է պետական ինքնիշխանությունը։ Թումասյանը նշեց, որ փաստաթղթերի հրապարակումը նաև լույս է սփռում բանակցությունների բովանդակության և հայկական կողմի ունեցած խնդիրների վրա, ներառյալ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների շերտերը։
Գեորգի Թումասյանը անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին, ասաց, որ այնտեղ ևս արձանագրված է ռազմական բալանսի խախտումը, մոտալուտ պատերազմի վտանգը և Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանին։ Նրա խոսքերով՝ եթե նախկին իշխանություններն իսկապես «դրախտային տարբերակ» էին առաջարկում, անհասկանալի է, թե ինչու տարիներով չէին իրականացնում այդ լուծումները։ Նա կարծում է, որ նախկին իշխանությունները մանիպուլյացիաներ են արել և թաքցրել են իրական բովանդակությունները։
Թումասյանը նշեց, որ Մադրիդյան և Կազանյան սկզբունքների սևագրերը վաղուց հայտնի էին մասնագետներին, և դրանք բոլորն էլ ենթադրում էին 5+2 կամ 7 շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի այնպիսի կարգավիճակի դիմաց, որը պիտի իրականանար Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո։ Նա ընդգծեց, որ պատերազմի հաղթանակից հետո տարածքներ զիջելը հանրության համար եղել է անհամապատասխան և անընդունելի։ Ռազմական բալանսի խախտման պատասխանատվությունը կրում են և՛ նախկին իշխանությունները, և՛ Ռուսաստանի ազդեցության շրջանակները Հայաստանում, որոնք, ըստ նրա, քանդել են պետական համակարգը, տնտեսական կայունությունը և բանակը։ Թումասյանը ասաց, որ հեղափոխությունն էլ իրականում եղել է ներքին քաղաքականությունից բխող անհրաժեշտություն՝ ոչ թե արտաքին։
Խոսելով հետաքննությունների անհրաժեշտության մասին՝ Գեորգի Թումասյանը ընդգծեց, որ պետք է բացահայտվեն այն գործողությունները, որոնք թույլ են տվել նախկին ղեկավարները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, ինչի հետևանքով Հայաստանը ռազմավարական առումով թուլացել է։ Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի նամակում փաստացի ընդունված է, որ պատերազմում պարտությունը գրեթե անխուսափելի էր՝ հաշվի առնելով ուժերի տարբերությունն ու ռազմական տեխնոլոգիական հետընթացը։
Թումասյանը նշեց նաև, որ 2018 թվականից հետոերկու տարում բանակում աննախադեպ ներդրումներ են արվել, բայց հնարավոր չէր վերականգնել ավելի քան 20 տարվա ընթացքում կորցրածը։ Նա հավելեց, որ Ադրբեջանը նկատելով այդ փորձերը՝ շտապել է պատերազմ սկսել։
Նրա կարծիքով՝ հրապարակված փաստաթղթերում կան բազմաթիվ դրվագներ, որոնք պետք է դառնան իրավապահների ուսումնասիրության առարկա։ Նա ասաց, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր այն անձինք, որոնք ներգրավված են եղել կոռուպցիոն, հակապետական կամ վտանգավոր որոշումների մեջ։ Թումասյանը հիշեցրեց նաև, որ նախկին ղեկավարների կապիտալի ծագումը պետք է դառնա հատուկ հետաքննության թեմա՝ այն պատճառով, որ այդ կարողությունը կուտակվել է պետական ռեսուրսների հաշվին՝ թուլացնելով զինված ուժերը և պետական հիմքերը։
Գեորգի Թումասյանը դիտարկեց, որ Ռուսաստանը եղել է հիմնական դերակատարը տարածաշրջանում՝ Ադրբեջանին զինելով 80 տոկոսով և առաջ մղելով Լավրովի և Կազանյան պլանների տրամաբանությունը, որոնք ի վերջո 2020-ին դարձել են փաստ։ Նա ընդգծեց, որ այս ամենը պետք է պաշտոնապես արձանագրվի Հայաստանի կողմից։
Նա նշեց, որ պետք է հետաքննվեն նաև «Իսկանդեր» համակարգերի թեմաները՝ ինչու դրանք լիարժեք չեն գործարկել, ինչ պայմաններով են տրամադրվել, և արդյոք հայկական կողմը ունեցել է դրանց լիարժեք կառավարում։
Իսկ Արցախի հարցի մասին Թումասյանը ասաց, որ պետք է հստակ արձանագրել՝ հակամարտությունը ավարտված է։ Հայաստանում պարտությունը պետք է ընդունվի որպես ռազմաքաղաքական իրողություն, և պարտված երկիրը չի կարող գործել այնպես, ինչպես հաղթողը։ Նրա խոսքով՝ Հայաստանի գերագույն նպատակն այսօր իր անվտանգությունն ապահովելն է, և անընդհատ հայտարարելը, թե հարցը փակված չէ, վտանգ է ստեղծում Հայաստանի ինքնիշխանության և խաղաղության համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
