ՄԵՐ ՈՒՂԻՆ

Արցախի Պետնախարարը «Ակտիվիստ» Չէ

Ընդունելով «ակտիվիստի» կեցվածք, նրանք չեղարկում են Արցախի ընտրված ներկայացուցչի մանդատը, խզում միջազգային հանրության հետ շփումները, վերածվում, ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասեր, «շարքային ընդդիմադիրի»:

Վահրամ Աթանեսյան

Բռնատեղահանված Նժդեհ Իսկանդարյանը, ով մամուլի հետ շփումներում հանդես է գալիս որպես «պետնախարար», Արցախի ներկայացուցչության շենքում Քննչական կոմիտեի անցկացրած խուզարկության դրդապատճառ է համարել իրենց «ակտիվությունը»: Նախօրեին այդ շենքում Արցախի Ազգային ժողովը ԼՂՀ անկախության հանրաքվեի եւ սահմանադրության օրվա առթիվ «լսումներ է կազմակերպել»: 

Քննչական կոմիտեն դեռեւս հիմնավորում մեկնաբանություն չի արել, թե ինչ քրեական գործի կամ ողջամիտ կասկածի հիման վրա է անցկացվել խուզարկությունը եւ ինչ արդյունքի է հասել, բայց պետք է արձանագրել, որ պատկան մարմինը, մեղմ ասած, այդ գործողությունն իրականացնելու ամենահարմար ժամանակը չէ, որ ընտրել է: 

Մյուս կողմից, սակայն, Արցախի նախագահի պաշտոնակատարը, ով նաեւ Ազգային ժողովի նախագահն է, պետական նախարարը, կառավարության անդամները, պատգամավորները, եթե նրանք իրոք հանդես են գալիս որպես բռնատեղահանված բնակչության ընտրված ներկայացուցիչներ եւ նպատակ ունեն օրակարգում պահել Արցախի եւ արժանապատիվ վերադարձի հարցը, չպետք է այդ մասին հիշեն միայն տոն եւ հիշատակի օրերին եւ գործեն «ակտիվիստի» նման: 

Ամենեւին էլ պատահական չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը Հայաստան-Եվրամիություն ռազմավարական համագործակցության մասին «մեկնաբանություններում» առանձնահատուկ շեշտել է, որ 2023 թ. սեպտեմբերի 19-ին սանձազերծած ահաբեկչական մեկօրյա պատերազմից հետո ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարության նստավայրում եւ Եվլախում Արցախի իշխանության ներկայացուցիչներին «ներկայացրել է ինտեգրացիայի ծրագիր», որը «մերժվել է, ընտրվել Հայաստան տեղափոխվելու տարբերակը»: 

Արցախի նախագահի պաշտոնակատարը եւ Ազգային ժողովը պետք է առաջին հերթին այս հարցում պարզություն մտցնի. Եղե՞լ է «ինտեգրացիայի ծրագիր», ի՞նչ պայմաններով, ի՞նչ հիմնավորումներով են Արցախի բանագնացները մերժել այն, իսկ եթե Ադրբեջանի ԱԳՆ «մեկնաբանությունները» կեղծ են, հնարածին, ինչի հավանականությունը շատ բարձր է, ապա ինչու՞ «լսումների» մասնակիցներն այդ մասին հայտարարություն չեն տարածել: Եւ առհասարակ, ինչու՞ անցած ավելի քան երկու տարիներին Ստեփանակերտը Բաքվի հասցեին ոչ մի հայտարարություն չի ընդունել: 

Թվաբանական պարզագույն գործողության նման ակնհայտ է, որ վերադարձի իրավունքը միջազգային իրավական ատյաններում պաշտպանելու եւ հաստատելու համար նախ պետք է իրավական գնահատական տրվի Արցախից հայ բնակչության «ելքին»: Այսինքն, պետք է ապացուցվի, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, բռնի տեղահանություն: Այս հարցի իրավատերը ֆորմալ առումով շարունակում են մնալ Արցախի նախագահի պաշտոնակատարը, նրա կառավարությունը, Ազգային ժողովը: 

Ընդունելով «ակտիվիստի» կեցվածք, նրանք չեղարկում են Արցախի ընտրված ներկայացուցչի մանդատը, խզում միջազգային հանրության հետ շփումները, վերածվում, ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասեր, «շարքային ընդդիմադիրի»: Եւ ամեն ինչ վերածվում է ողբերգազավեշտի. նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը մի ձեռքով Նիկոլ Փաշինյանին զրկում է Արցախի հարցը փակելու իրավունքից, մյուսով պահանջում, որ Հայաստանի իշխանությունները միջազգայնացնեն եւ Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգ բերեն Արցախ վերադարձի իրավունքի հարցը: 

Այս վիճակը հիշեցնում է «Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում» հոխորտանքը Հայաստանին պարտադրելու նպատակասեւեռումը, նաեւ որի հետեւանք էր Արցախի շրջափակումը, պաշարումը, մեկօրյա պատերազմը եւ հարյուր հազար մարդու բռնատեղահանությունը: Դա մի ժամանակ էր, երբ Ստեփանակերտում օրինական իշխանությունը փոխակերպվել էր «բազմագլուխ» ամբոխավարության, եւ բոլորը ոչ թե պատասխանատու պաշտոնյա, այլ «Սարդարապատի ակտիվիստ էին»: Այդ փորձը Հայաստանում չպետք է կրկնվի, Արցախի ներկայացուցիչները պարտավոր են «ակտիվիստից» վերափոխվել պատասխանատու ներկայացուցիչների: Իսկ եթե չեն կարող, ուրեմն թող դադարեն հանդես գալ բռնատեղահանված հարյուր քսան հազար մարդու անունից: 

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *