ՄԵՐ ՈՒՂԻՆ

Եւ Վերադարձնելով Էրդողանի Դիմանկարը

Կարելի է անվարան ասել, որ Էրդողանը չի միջամտի, եւ Հաջիբեյլին կարտաքսվի Բաքու, որտեղ նրան կձերբակալեն հենց օդանավակայանում, ապա կկայացվի կալանքի որոշում, եւ նա կհայտնվի Պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանի մենախցում: 

Վահրամ Աթանեսյան

Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կառույցի նախագահության անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին Ֆեյսբուքի անձնական էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բաց նամակ» է հղել: Հաջիբեյլին նոյեմբերի 29-ին թուրքական ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Ստամբուլում, որտեղ նա ուսանող որդու հետ ապրում էր վարձակալությամբ: Նույն գիշերը նա տեղափոխվել է Թուրքիայից արտաքսման ենթակա անձանց ժամանակավոր պահման վայր, որտեղ գտնվել է անցած երկու շաբաթներին: 

Դեկտեմբերի 15-ին Հաջիբեյլին պատկան մարմնից գրավոր ծանուցում է ստացել, որ հինգ տարի Թուրքիա մուտք գործելու արգելով հանդերձ երկրի տարածքից «արտաքսվում է իր քաղաքացիական հայրենիք՝ Ադրբեջան»: 

Միլլի մեջլիսի նախկին պատգամավորը Թուրքիայի նախագահին հայտնել է, որ ունի Թուրքիայում մշտապես բնակվելու երկամյա ժամկետով թույլտվություն, ոչ մի օրինախախտում թույլ չի տվել, ուստի համարում է, որ իր նկատմամբ «անարդարացի վճիռը ոչ թե իրավական, այլ քաղաքական է եւ ընդունվել է Ադրբեջանի իշխանությունների պահանջով»: 

Գյուլթեքին Հաջիբեյլին Թուրքիա  է մեկնել, երբ իր անունը շրջանառվել է կալանքի ենթարկված՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիեւի հետ կապ ունեցող անձանց «ցուցակում»: Նա Ստամբուլում էր, երբ ձերբակալվել, ապա կալանավորվել է ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Հաջիբեյլին համարում է, որ եթե իրեն Թուրքիայից արտաքսեն, ապա Բաքվում ինքը կձերբակալվի անհիմն մեղադրանքով: Նա Էրդողանին հիշեցնում է, որ ինքը տարիներ շարունակ պաշտպանել է «թուրք-ադրբեջանական եղբայրությունը, մշտապես հպարտացել Թուրքիայով», որտեղ իրեն «մշտապես անվտանգ եւ պաշտպանված է զգացել»: Հաջիբեյլին զգուշացնում է, որ իր արտահանձնումը «շատ վատ կընկալվի ադրբեջանական ժողովրդի կողմից» եւ համոզմունք է հայտնում, որ Թուրքիայի նախագահը «հնարավորություն կստեղծի, որպեսզի հաղթի արդարադատությունը»: 

Կարելի է անվարան ասել, որ Էրդողանը չի միջամտի, եւ Հաջիբեյլին կարտաքսվի Բաքու, որտեղ նրան կձերբակալեն հենց օդանավակայանում, ապա կկայացվի կալանքի որոշում, եւ նա կհայտնվի Պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանի մենախցում: 

Էրդողանից ադրբեջանական հանրության գիտակցության մեջ կմնա ոչ թե ժողովրդավար նախագահի, այլ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում Իլհամ Ալիեւին ամենամեծ օգնությունը ցուցաբերած «ավագ եղբոր» կերպարը: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Գյուլթեքին Հաջիբեյլին բազմիցս ֆեյսբուքյան գրառումներով գովերգել է թուրք-ադրբեջանական միասնական բանակի «պանծալի հաղթականկները»: Եկել է «հաղթանակի պտուղները վայելելու» ժամանակը: Բայիլովյան բանտը սպասում է Գյուլթեքին Հաջիբեյլիին: Այնտեղ նա ժամանակ կունենա մտածելու եւ հասկանալու, որ մի ժողովրդի ողբերգության հաշվին իր ժողովրդին «հաղթանակ» վերագրողը վատ է ավարտում: Նա փորձել է Էրդողանի «դիմանկարը վերադարձնել»,  բայց ստացվել է այնպես, որ այդ գրառումը բացահայտում է իրեն: 

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *