Հայաստան

ԵՄ-ն Օգնում Է Երևանին Դիմակայել Ռուսական Հիբրիդային Պատերազմին

Հայաստանում որոշ քաղաքական դերակատարների ակտիվացումը՝ ներառյալ ռուսական կապիտալի ներկայացուցիչներինը, չի կարելի դիտարկել որպես զուտ ներքին գործընթաց։ Ռուսաստանը փաստացի ընդունում է իր կապը այդ կապիտալի հետ, երբ արձագանքում է տվյալ անձանց շուրջ քրեական գործերին։ 

Հովսեփ Խուրշուդյան

Factor TV-ն զրուցել է«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Քննարկումը հիմնականում կենտրոնանում է Հայաստանում Ռուսաստանի ազդեցության և Եվրոպական Միության  աջակցության վրա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին։

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Եվրամիության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը ուղղված է Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային միջամտությունների կանխմանը։ Նրա խոսքով՝ խոսքը 12 միլիոն եվրոյի մասին է, որը պետք է օգտագործվի հատկապես ապատեղեկատվության, ընտրակեղծարարության և արտաքին ֆինանսավորման դեմ պայքարի համար։Արդեն իսկ նկատվում է Ռուսաստանից և Ռուսաստանին կապ ունեցող բիզնես շրջանակներից ֆինանսական հոսքերի ակտիվացում դեպի Հայաստանի ներքաղաքական դաշտ, ինչը օրենքի խախտում է, սակայն դժվար է վերահսկել։ Խուրշուդյանը հիշեցրեց Գյումրու քաղաքապետի ընտրությունները՝ ընդգծելով, որ ընտրակաշառքի մեխանիզմները գործել են տարբեր թաղամասերում, և արդյունքում ձևավորվել է քաղաքական կոալիցիա։Այժմ նույն մեթոդաբանությունը փորձ է արվում կիրառել համապետական մակարդակում՝ տարբեր ուժերի մանրացման միջոցով, որպեսզի մեկի բացահայտման դեպքում ամբողջ դաշինքը չվնասվի։ Նա դիտարկում է, որ սա համակարգային մոտեցում է, որը բնորոշ է հիբրիդային միջամտություններին։

Հովսեփ Խուրշուդյանը բացատրեց, որ ընտրակաշառքը միայն կանխիկ գումար տալը չէ․այն կարող է իրականացվել նաև նախընտրական շտաբներում բարձր վարձատրվող աշխատանքների միջոցով, ինչի արդյունքում ամբողջ ընտանիքները դառնում են քաղաքականապես պարտավորված։ Նա օրինակ բերեց նաև Մոլդովայում կիրառված մեթոդները, երբ երիտասարդներին տանում էին Ռուսաստան՝ շրջագայությունների, ընդունելությունների, ինչը հետագայում օգտագործվում էր քաղաքական ազդեցության համար։ Հայաստանում տարիներ շարունակ մեդիայի միջոցով տարածված քրեական ենթամշակույթը ևս դեր է խաղացել երիտասարդության քաղաքական կողմնորոշման թուլացման գործում։ Այդ համատեքստում նա հիշատակեց հայտնի սերիալների ազդեցությունը, որոնք լայն դիտում են ունեցել մարզերում։

Խուրշուդյանի խոսքով՝ Հայաստանի դեպքում հիբրիդային սպառնալիքը կապված է ոչ միայն ընտրությունների հետ, այլ նաև արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ։ Նա նշեց, որ թեև Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից, սակայն փաստացի սառեցրել է համագործակցությունը, միաժամանակ խորացնելով հարաբերությունները Արևմուտքի հետ։Նա ընդգծեց, որ Ռուսաստանի դժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է պաշտոնական հայտարարություններով։ Նրա դիտարկմամբ՝ ռուս փորձագետների, այդ թվում՝ համաժողովների ընթացքում հնչած ելույթները ցույց են տալիս, որ Մոսկվան դժգոհ է լոգիստիկ և քաղաքական գործընթացներից դուրս մնալուց։ Հիբրիդային պատերազմը հենց այն է, երբ ուղիղ ռազմական գործողությունները փոխարինվում են քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և գործակալական մեթոդներով։ Նա ասաց, որ Ուկրաինայի փորձը ցույց տվեց՝ այս մեթոդը շատ ավելի էժան է Ռուսաստանի համար, քան բացահայտ պատերազմը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում որոշ քաղաքական դերակատարների ակտիվացումը՝ ներառյալ ռուսական կապիտալի ներկայացուցիչներինը, չի կարելի դիտարկել որպես զուտ ներքին գործընթաց։ Ռուսաստանը փաստացի ընդունում է իր կապը այդ կապիտալի հետ, երբ արձագանքում է տվյալ անձանց շուրջ քրեական գործերին։ Խուրշուդյանը շեշտեց, որ որևէ ուժ արգելել կարելի է ոչ թե գաղափարական կողմնորոշման, այլ օտարերկրյա ֆինանսավորման փաստի հիման վրա։ Նա ասաց, որ եթե որևէ կուսակցություն կամ շարժում ֆինանսավորվում է այլ պետությունից՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին, դա արդեն իրավական խնդիր է։

Նա նաև անդրադարձավ բանկային համակարգին՝ նշելով, որ Հայաստանում ռուսական կապիտալով բանկերը շարունակում են գործել և զարգանալ, մինչդեռ արևմտյան բանկերը տարիների ընթացքում լքել են շուկան։ Նրա կարծիքով՝ սա ևս համակարգային հարց է, որը պետք է ուսումնասիրվի Կենտրոնական բանկի կողմից։ Խոսելով Ռուսաստանի հայտարարությունների հակասականության մասին՝ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ մի կողմից Մոսկվան պնդում է, թե չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, մյուս կողմից՝ ակտիվ քայլեր է իրականացնում տարբեր երկրներում։ Նա սա բնորոշեց որպես դասական երկակի ստանդարտ։

Անդրադառնալով Ուկրաինային՝ նա նշեց, որայնտեղ բացահայտված խոշոր կոռուպցիոն սկանդալները լրջորեն թուլացնում են պետության դիմադրողականությունը և դառնում արտաքին ճնշումների գործիք։ Նրա կարծիքով՝ կոռուպցիան պատերազմող երկրի համար ոչ միայն բարոյական, այլ նաև անվտանգային աղետ է։

Եվրոպան այսօր փորձում է պահել այն արժեքները, որոնց վրա կառուցված է միջազգային իրավակարգը՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, ագրեսիայի անընդունելիություն։ Նրա դիտարկմամբ՝ բիզնես շահերի համար այդ արժեքների զոհաբերումը վտանգավոր նախադեպ է ամբողջ աշխարհի համար։ Հայաստանի համար այս բոլոր գործընթացները ուսանելի են․ պետությունը պետք է ուժեղացնի իր ինստիտուտները, նվազեցնի արտաքին կախվածությունը և հստակ պաշտպանի սեփական ինքնիշխանությունը՝ անկախ արտաքին ճնշումներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *