Ռուսաստանի գլխավոր «խաղաթուղթը» տարածաշրջանում հենց այդ չլուծված հակամարտություններն են, քանի որ դրանց բացակայության դեպքում ռուսական ներկայությունն ու ազդեցությունը կունենային բոլորովին այլ տեսք։
Սամվել Մելիքսեթյան
1inTV-ն զրուցել է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ։ Քննարկումը կենտրոնանում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկի այցի շուրջ, որը տեղի է ունեցել երկկողմ միջկառավարական նիստի շրջանակում:
Սամվել Մելիքսեթյանը նշեց, որ ակնհայտ է՝ օգոստոսի 8-ից հետո տեղի ունեցող բոլոր զարգացումները Ռուսաստանի համար առնվազն մտահոգիչ են և դիտարկվում են որպես սպառնալիք։ Քաղաքագետը, կարծում է, որ նման անհանգստություն նախկինում դրսևորվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում, սակայն այնտեղ կա առանձնահատուկ ներքին կառուցվածք․գործադիր իշխանության համեմատ ավելի կոշտ ու ագրեսիվ հայտարարությունները հիմնականում հնչում են հոգևոր իշխանության թևից, որն ունի զգալի ֆորմալ և ոչ ֆորմալ ռեսուրսներ։ Ներկայիս իրավիճակը նաև Իրանի ներքին քաղաքական ճյուղերի միջև առկա հակասությունների արտահայտություն է։ Նրա խոսքով՝ միաժամանակ ակնհայտ են ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման միտումները, որոնք արտահայտվում են ինչպես տրանսպորտային նախագծերով, այնպես էլ Կասպից ծովի և «Հյուսիս–հարավ» միջանցքի շուրջ ակտիվ քննարկումներով, այդ թվում՝ Ադրբեջանի մասնակցությամբ ստորագրված հուշագրերով։
Քաղաքագետը նշեց, որ Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները և արևմտյան որոշ նախաձեռնություններ Ռուսաստանում ընկալվում են որպես իրենց համար հարաբերականորեն շահավետ ֆոն, ինչը Մոսկվային հնարավորություն է տալիս ակտիվացնել քաղաքական ճնշումները այլ ուղղություններով, հատկապես Հարավային Կովկասում, որտեղ ռուսական դիրքերի թուլացումը առավել ակնհայտ է 2022 թվականից հետո։ Նա հիշեցրեց ռուս խաղաղապահների դուրսբերումը, հայ-իրանական և հայ-թուրքական սահմանային անցակետերից նրանց հեռանալը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ռուսական ներկայության էական նվազումը։ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների ակտիվ զարգացումն ինքնին լուրջ մտահոգության աղբյուր է Մոսկվայի համար։ Նրա դիտարկմամբ՝ այս ֆոնին ռուս փորձագետների, քաղաքական գործիչների և մեդիայի կողմից շրջանառվում է խոսույթ, որի առանցքային նպատակն է պահպանել տարածաշրջանային ազդեցությունը՝ հատկապես հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կոնֆլիկտների միջոցով։
Նա ընդգծեց, որ Ռուսաստանի գլխավոր«խաղաթուղթը» տարածաշրջանում հենց այդ չլուծված հակամարտություններն են, քանի որ դրանց բացակայության դեպքում ռուսական ներկայությունն ու ազդեցությունը կունենային բոլորովին այլ տեսք։ Մելիքսեթյանը տարօրինակ և անհիմն համարեց որոշ փաստարկներ, օրինակ՝ երկաթուղային գծի լայնության կամ Մեղրիիհատվածի իբր կոնցեսիոն պատկանելիության վերաբերյալ, նշելով, որ 2008 թվականին կնքված պայմանագրի պահին այդ հատվածը պարզապես գոյություն չուներ։
Հայաստանի համար կենսական կարևորություն ունի հնարավորինս արագ իր վրա վերցնել հայ-իրանական սահմանի ամբողջ երկայնքով անվտանգության ապահովումը։ Նրա խոսքով՝ խոսքը ընդամենը 41-42 կմ սահմանի մասին է, որը տեխնիկապես լիովին վերահսկելի է, այդ թվում՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Նա ընդգծեց, որ դա թույլ կտա չեզոքացնել այն փաստարկները, որոնք պարբերաբար օգտագործվում են Հայաստանի դեմ։
Մելիքսեթյանը նշեց, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է Եվրամիությանը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի աջակցության համար, ինչը փաստում է՝ այդ սպառնալիքները իրական են և պահանջում են համալիր, երբեմն նաև սահմանափակող քայլեր։ Նրա գնահատմամբ՝ ռուսական կողմի պնդումները, թե առանց իրենց մասնակցության ենթակառուցվածքային ծրագրերը չեն կարող իրականացվել, հիմնված են ԵԱՏՄ անդամակցության, կոնցեսիաների և ռուս սահմանապահների ներկայության շուրջ ձևավորված դոգմաների վրա։
Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանը դասում է այն երկրների շարքին, որոնք իր պատկերացմամբ «անվստահելի» են և որոնց նկատմամբ կարելի է կիրառել գրեթե ցանկացած միջոց ազդեցությունը պահպանելու համար։ Նրա խոսքով՝ ռուսական քաղաքական էլիտաները միջազգային հարաբերությունները շարունակում են ընկալել 19-րդ դարի կայսերապաշտական տրամաբանությամբ և չեն ընդունում փոքր պետությունների ինքնուրույն օրակարգ ունենալու իրավունքը։ Եթե Ռուսաստանը հնարավորություն ունենա, կօգտագործի բոլոր լծակները՝ իր ազդեցությունը Հայաստանում և տարածաշրջանում պահպանելու համար, և հենց այդ պատճառով Հայաստանի շահերից է բխում այդ լծակների նվազեցումը։ Նա առանձնահատուկ կարևորեց հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ ընդգծելով, որ կոնֆլիկտների պահպանմամբ միայն ուժեղացվում է արտաքին միջամտության ռիսկը։
Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանի որոշ քաղաքական և փորձագիտական շրջանակներում հնչող հայտարարությունները, որոնք ենթադրում են ռուսական վերադարձ տարածաշրջան՝ առանց դրա բացասական հետևանքների, չափազանց միամիտ են։ Մելիքսեթյանի խոսքով՝ Ադրբեջանի կենսական շահերից նույնպես բխում է կարգավորման գործընթացի արագացումը, քանի որ հակառակ դեպքում պատմությունը կարող է կրկնվել՝ հիշեցնելով 1920 թվականի ողբերգական զարգացումները։
Քաղաքագետը կարծում է, որ տարածաշրջանի պետությունները պետք է ցուցաբերեն քաղաքական հասունություն և գիտակցեն՝ լծակներն ու լուծումները իրենց ձեռքում են։ Նրա խոսքով՝ եթե այժմ բաց թողնվեն առկա հնարավորությունները, ապագայում գինը կարող է լինել շատ ավելի բարձր։ Մելիքսեթյանը հավելեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում լավագույն մոտեցումը կախվածության առավելագույն թուլացումն է՝ միաժամանակ պատրաստ լինելով սեփական շահերից ելնելով կառուցողական երկխոսության, որքանով դա հնարավոր է։ Հայաստանը և նրա հարևանները պետք է մշտապես ելնեն ամենավատ սցենարները հաշվի առնելու կանխավարկածից և արագ գործեն, քանի որ նման պատմական հնարավորությունները կարող են երկար ժամանակ չկրկնվել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
