Եկեղեցու ներսում դեռ կա դիմադրության որոշակի ներուժ, և այդ դիմադրությունը, նրա գնահատմամբ, կպահպանվի մինչև այն պահը, երբ գործընթացին ներգրավված եպիսկոպոսների թիվը էականորեն մեծանա։ Այս փուլում անհրաժեշտ է համբերություն և սպասում։
Ռոբերտ Ղևոնդյան
1inTV-ն զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Զրույցն անդրադառնում է Հայ Առաքելական Եկեղեցու ներսում ճգնաժամին, որտեղ եպիսկոպոսների մի խումբ պահանջում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը, ինչին ի պատասխան Մայր Աթոռը կոչ է անում հանդարտություն պահպանել։ Միաժամանակ, անդրադարձ է արվում նաև Հայաստանի շուրջ միջազգային հարաբերություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող «TRIPP» տրանսպորտային ուղու նախագծին, որը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում և Իրանում՝ արտաքին միջամտության և անվտանգության ռիսկերի վերաբերյալ։
Ղևոնդյանը նշեց, որ Էջմիածնում սպասվող հավաքի շուրջ հիմնական խնդիրը բախումներից կամ անցանկալի իրավիճակներից խուսափելն է։ Հավաքվող խմբերը, ըստ էության, ունեն նույն հայտարարված նպատակը՝ պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին, սակայն տարբեր են նրանց պատկերացումները այդ պաշտպանության ձևերի վերաբերյալ։ Քաղաքագետը կարծում է, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իր համար ամենակարևորը որևէ բախման, ողբերգական կամ ծանր հետևանքներով իրավիճակի բացակայությունն է։
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Կաթողիկոսը կարող է լքել Հայաստանը, ՌոբերտՂևոնդյանն ասաց, որ նման սցենար հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե Կաթողիկոսը հրաժարվի գահից։ Նրա գնահատմամբ, եթե գործընթացները բերեն նման հանգուցալուծման, ապա դա կլինի իշխանությունների և եկեղեցու ներկայացուցիչների միջև ամիսներ տևած ուղղակի բախման ավարտը, թեև անուղղակի հակադրությունը, ինչպես նա նշեց, սկսվել է տարիներ առաջ։ Քաղաքագետը կարծում է, որ այդ դեպքում եկեղեցին կդադարի քաղաքական գործունեություն ծավալել, և կվերականգնվի սահմանադրական նորմը՝ պետության և եկեղեցու տարանջատման վերաբերյալ։
Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ դժվար է բարձր գնահատել այն հավանականությունը, թե հանգուցալուծումը կարող է տեղի ունենալ հենց այս պահին։ Նրա խոսքով՝ թեև գործընթացը ակնհայտորեն տանում է Կաթողիկոսի հեռացման ուղղությամբ, եկեղեցու ներսում դեռ կադիմադրության որոշակի ներուժ, և այդ դիմադրությունը, նրա գնահատմամբ, կպահպանվի մինչև այն պահը, երբ գործընթացին ներգրավված եպիսկոպոսների թիվը էականորեն մեծանա։ Նահ ավելեց, որ այս փուլում անհրաժեշտ է համբերություն և սպասում։
Խոսելով ադրբեջանական նավթամթերքի հնարավոր արտահանման մասին Հայաստան՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Հայաստանը ներկայումս արդեն իսկ էապես կախված է էներգակիրների ներմուծումից՝ Ռուսաստանից և Ադրբեջանից։ Նրա կարծիքով, եթե Հայաստանը կարողանա էներգակիրներ ստանալ մի քանի աղբյուրներից, ապա կախվածությունը ոչ թե կուժեղանա, այլ կթուլանա, քանի որ կառաջանա մրցակցություն թե՛ գների, թե՛ քաղաքական ազդեցության առումով։ Քաղաքագետը հակատրամաբանական և հակատնտեսագիտական է համարում այն պնդումը, թե երկրորդ աղբյուրից ներմուծումը կախվածություն է ձևավորում։ Նավթամթերքի ներմուծման թեման նոր չէ և վերջին շրջանում դրա մասին խոսակցություններ կային թե՛ Վրաստանում, թե՛ Ռուսաստանում, ինչպես նաև Ադրբեջանի ներսում։ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով, ադրբեջանական լրատվամիջոցներում արդեն իսկ քննարկվում է նաև մոտ ապագայում Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ուղիղ մատակարարման հնարավորությունը՝ երկաթուղով մինչև սահման, ապա ավտոմեքենաներով, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է, որ սա միայն գործընթացի սկիզբն է։
Անդրադառնալով Ռուսաստանի և Իրանի արձագանքներին «TRIPP» նախագծի վերաբերյալ՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ ռուսական կողմի հղումները Հարավկովկասյան երկաթուղուն տվյալ նախագծի հետ որևէ առնչություն չունեն։ Նրա խոսքով, կառուցվելիք երկաթուղին չի լինելու Հարավկովկասյան երկաթուղու կառավարման ներքո, և գործող կոնցեսիոն պայմանագիրը նման պարտավորություն չի նախատեսում։ Այդ առումով նա նշեց, որ ռուսական կողմը ակնհայտորեն շահարկում է թեման։ Միաժամանակ նա ընդգծեց, որ ճիշտ է այն դիտարկումը, ըստ որի Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Հայաստանի տարածքով անցնող ցանկացած բեռ ենթակա է ԵԱՏՄ կարգավորումներին։
Իրանի վերաբերյալ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ թեև հոգևոր իշխանությունների ներկայացուցիչները կտրուկ բացասական են արտահայտվել նախագծի մասին, աշխարհիկ իշխանությունների մակարդակում հայկական կողմը, ըստ նրա, որոշակի համաձայնությունների է հասել։ Նա հավելեց, որ Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը նոր իրավիճակ է ստեղծում, և Հայաստանը պետք է աշխատի իրանական կողմի մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Իրանը նախորդ տարիներին, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի և Արցախի էթնիկ զտման ընթացքում, էականորեն չի պաշտպանել հայկական դիրքորոշումները, և նույնիսկ եղել են դեպքեր, երբ իրանական ներկայացուցիչները շնորհավորել են Ադրբեջանին։ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Հայաստանը որևէ պարտք կամ պարտավորություն չունի Իրանի նկատմամբ և որպես ինքնիշխան պետություն ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը և իր տարածքում իրականացվող ծրագրերը։
Խոսելով նախագծի շուրջ աճող միջազգային անհանգստությունների մասին՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ դրանք պայմանավորված են նրանով, որ գործընթացները սկսել են մտնել գործնական փուլ։ Նրա խոսքով, արտաքին դերակատարները տեսնում են, որ քննարկվում են մանրամասներ, ձեռք են բերվում պայմանավորվածություններ, և Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են որոշ ուղղություններով համագործակցել, ինչի օրինակներից մեկն էլ նավթամթերքի ներմուծումն է Հայաստան։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի սպասվող այցին Հայաստան՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև արդեն կան ստորագրված փաստաթղթեր, սակայն դրանցով նախատեսված գործընթացները դեռ ամբողջությամբ չեն իրականացվում։ Նրա գնահատմամբ, այցի նպատակը ոչ թե նոր հնարավորությունների բացումն է կամ համագործակցության խորացման մեկնարկը, այլ նախկինում արդեն համաձայնեցված գործընթացների իրականացման ընթացքի հստակեցումն ու համակարգումը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
