Հայաստան

Հայ-Ամերիկյան Հարաբերությունները՝ Լավ Հնարավորություն Սփյուռքահայ Ներդնողների Համար

Հայաստանում դեսպանի փոփոխությունը չի նշանակում ամերիկյան քաղաքականության շրջադարձ Հայաստանի ուղղությամբ։ Անկախ վարչակազմի փոփոխությունից, Վաշինգտոնի քաղաքական գիծը Հայաստանի նկատմամբ շարունակվում է նույն տրամաբանությամբ և նույն ուղղությամբ։ 

Վիգեն Հովսեփյան

1inTV-ն զրուցել է ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանի հետ։ Զրույցի ընթացքում Վիգեն Հովսեփյանը պարզաբանում է, որ դեսպան Քրիստինա Քուինի փոփոխությունը բնականոն դիվանագիտական գործընթաց է և չպետք է ընկալվի որպես քաղաքականության կտրուկ շրջադարձ։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ինքնիշխան կառավարումը և ամերիկյան ներդրումների ներգրավումը։ Առանձնակի կարևորվում է ամերիկահայ բիզնեսի դերը, որը պետք է հաղթահարի նախկին հուսախաբությունները՝ սատարելու համար Հայաստանի տնտեսական հզորացմանը։

Վիգեն Հովսեփյանն ասաց, որ վերջին ժամերին սոցիալական ցանցերում նկատում է բազմաթիվ մեկնաբանություններ՝ հատկապես Հայաստանի վերլուծաբանների կողմից, որոնք փորձում են դեսպանների փոփոխությանը տալ առանձնահատուկ քաղաքական նշանակություն։ Նրա դիտարկմամբ՝ այդ փոփոխությունը ինքնին որևէ արտառոց կամ տարածաշրջանային հատուկ ենթատեքստ չունի։ Հովսեփյանը նշեց, որ փոխվում են շուրջ 29 ամերիկացի դեսպաններ, որոնց մեծ մասը ծառայության մեջ է եղել երեքից չորս տարի, ինչը Միացյալ Նահանգների դիվանագիտական համակարգում լիովին օրինաչափ գործընթաց է։ Նրա խոսքով՝ անգամ եթե ԱՄՆ-ում նման խոշոր քաղաքական փոփոխություններ տեղի չունենային, դեսպանների մեծ մասը միևնույն է կփոխվեր պաշտոնավարման ժամկետի լրանալու պատճառով։

Քաղաքագետը հիշեցրեց, որ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ընթացքում ևս նշանակումների հարցում եղել են փորձարարական մոտեցումներ, երբ դասական հանրապետական կադրերից դուրս փորձ է արվել ներգրավել այլ շրջանակների ներկայացուցիչների։ Այդ քաղաքականությունը, ըստ Հովսեփյանի, հանգեցրել էր կադրային դժվարությունների, որոնցից ներկայիս վարչակազմը փորձել է դասեր քաղել։ Վիգեն Հովսեփյանը կարծում է, որ Հայաստանի դեպքում դեսպանի փոփոխությունը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է, քանի որ այլ երկրների դեսպաններ արդեն ամիսներ առաջ են փոխվել։ Նա օրինակ բերեց Հնդկաստանում ԱՄՆ դեսպանի փոփոխությունը՝ նշելով, որ այդ գործընթացը սկսվել էր դեռևս նոյեմբերին։

Նա ընդգծեց, որ Հայաստանում դեսպանի փոփոխությունը չի նշանակում ամերիկյան քաղաքականության շրջադարձ Հայաստանի ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ անկախ վարչակազմի փոփոխությունից, Վաշինգտոնի քաղաքական գիծը Հայաստանի նկատմամբ շարունակվում է նույն տրամաբանությամբ և նույն ուղղությամբ։ Հովսեփյանը նշեց, որ դա արդեն տեսանելի է եղել նախկինում, երբ ռազմավարական համաձայնագիրը ստորագրվեց Բայդենի վարչակազմի վերջին ամիսներին, իսկ Թրամփի վարչակազմի գալուց հետո ոչ միայն չչեղարկվեց, այլ գործնականում շարունակվեց։ Թրամփի վարչակազմը դիվանագիտության մեջ հաճախ նախընտրում է ոչ դասական մոտեցումներ՝ երբեմն նշանակելով բիզնես աշխարհից եկող գործիչների, որոնք օժտվում են ավելի լայն լիազորություններով։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ Հայաստանի դեպքում ևս նշանակվի այնպիսի ներկայացուցիչ, որի նկատմամբ Վաշինգտոնում լիակատար վստահություն կա, և ով ծանոթ է Մերձավոր Արևելքի կամ Թուրքիայի հետ կապված գործընթացներին։

Հովսեփյանը հավելեց, որ անկախ այն հանգամանքից՝ նոր դեսպանը կլինի բիզնես միջավայրից, թե կարիերային դիվանագետ, նա ստիպված է հաշվի առնել հայ-ամերիկյան օրակարգի ներկայիս բովանդակությունը, որը մեծապես կապված է ներդրումային և տնտեսական ծրագրերի հետ։ Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը, բարձր տեխնոլոգիաները, անվտանգության ոլորտը, ատոմային էներգետիկայի ծրագրերը և հաղորդակցային ուղիների զարգացումը փաստացի ներդրումային բնույթ ունեն։

Օգոստոսի 8-ի համաձայնությունները միայն տեսանելի գագաթն են այն գործընթացների, որոնք արդեն մի քանի տարի է՝ ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Նրա դիտարկմամբ՝ վերջին մեկ-երկու տարիներին համագործակցություն է հաստատվել նաև ոստիկանության վերապատրաստման, անվտանգության համակարգերի, սահմանային վերահսկողության և այլ ոլորտներում։

Վիգեն Հովսեփյանը ուշադրություն հրավիրեց նա ևայն հանգամանքի վրա, որ տարածաշրջանային այլ դերակատարներ ևս հետաքրքրված են Հայաստանի հաղորդակցային նախագծերով։ Նրա խոսքով՝ որոշակի հետաքրքրություն են ցուցաբերել ինչպես Իրանը, այնպես էլ Ռուսաստանը, թեկուզ տարբեր մոտիվացիաներով, և հնարավոր չէ բացառել նրանց ներգրավվածությունը տնտեսական բաղադրիչների շրջանակում։

Անդրադառնալով սփյուռքահայ ներդրումների թեմային՝ Հովսեփյանը ցավով նշեց, որ անկախությունից ի վեր բազմաթիվ սփյուռքահայեր փորձել են բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում, սակայն մեծ մասի փորձը ավարտվել է հիասթափությամբ։ Նրա գնահատմամբ՝ կոռուպցիան, համակարգային խնդիրները և անարդար մրցակցային միջավայրը հանգեցրել են նրան, որ շատերը նախընտրել են ներդրումների փոխարեն զբաղվել միայն բարեգործությամբ։ Հատկապես բիզնես ոլորտում ներդրողների զգալի մասը հրաժարվել է շարունակել գործունեությունը Հայաստանում, բացառությամբ անշարժ գույքի ոլորտի որոշ դեպքերի։ Հովսեփյանի խոսքով՝ սա այն իրականությունն է, որի հաղթահարումը միայն արտաքին քաղաքականությամբ կամ ԱՄՆ կառավարության ջանքերով հնարավոր չէ։

Քաղաքագետը կարծում է, որ ներդրումային միջավայրի բարելավման հիմնական պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է։ Նրա համոզմամբ՝ սփյուռքի հետ աշխատանքը չի կարող սահմանափակվել միայն կոչերով կամ սպասողական մոտեցմամբ, այլ պետք է դառնա համակարգված և նպատակային քաղաքականություն։ Սփյուռքահայ ներդրողը կարող է նույն ներդրումը կատարել նաև այլ երկրում, և Հայաստանը պետք է առաջարկի ոչ միայն տնտեսական, այլ նաև բարոյական ու գաղափարական մոտիվացիա։ Հովսեփյանի խոսքով՝ հայրենիքում ներդրում կատարելը պետք է ընկալվի ոչ թե որպես զուտ բիզնես քայլ, այլ որպես ազգային նշանակության գործողություն։

2018 թվականից հետո որոշակի ջանքեր եղել են սփյուռքի հետ ներդրումային կապերի ամրապնդման ուղղությամբ, սակայն պատերազմից հետո այդ գործընթացները զգալիորեն թուլացել են։ Նա բացառություն համարեց տեխնոլոգիական ոլորտը՝ նշելով, որ հատկապես ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում, շարունակվել են շփումները և որոշ ծրագրեր կյանքի են կոչվել։

Նրա գնահատմամբ՝ նույնիսկ այն դեպքերում, երբ ներդրումները ամբողջությամբ հայկական կապիտալ չեն, այլ ամերիկյան են, հայկական մասնագիտական մասնակցությունը կարևոր դեր է խաղացել այդ ծրագրերում։ Հովսեփյանը կարծում է, որ նման փորձերը պետք է ընդլայնել և դարձնել պետական ռազմավարության մաս։

Եզրափակելով՝ Վիգեն Հովսեփյանը ասաց, որ Հայաստանի տնտեսության, անվտանգության և պետական կարողությունների ամրապնդումը այսօր ազգային առաջնահերթություն է։ Նրա խոսքով՝ Հայաստանը հզորացնելը՝ լինի տնտեսության, բանակի կամ տեխնոլոգիական զարգացման միջոցով, քաղաքական կամ գաղափարական հակադրություններից վեր խնդիր է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *