Հայաստան

Օրենքի Առաջ Բոլորը Հավասար Են

Օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը պետք է հանրային և քաղաքական մակարդակում ընկալվի որպես անընդունելի արարք, քանի որ դա ուղղակիորեն խոցում է պետության անվտանգությունը և ինքնիշխանությունը։

Արթուր Սաքունց

Civic News-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով անդրադառնում է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և խորհրդային ՊԱԿ-ի միջև հնարավոր համագործակցության վերաբերյալ բացահայտումներին։ Իրավապաշտպանը խիստ քննադատում է այն քաղաքական ուժերին և գործիչներին, ովքեր արդարացնում են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապը։

Արթուր Սաքունցը նշեց, որ ազգային անվտանգության ծառայության նման պատասխանն ինքնին սպասելի չէր, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, քան կոնկրետ մեկ անձի շուրջ աղմուկը։ Նրա խոսքով՝ զարմանալի է, որ այսօր ուշադրությունը կենտրոնացվում է 1986-88 թվականների վրա, այն դեպքում, երբ արդեն Հայաստանի անկախությունից հետո ԱԱԾ-ն շարունակել է կիրառել այնպիսի գործելակերպեր, ինչպիսիք են քաղաքական ակտիվիստների նկատմամբ ճնշումն ու հավաքագրման փորձերը։Սաքունցը հիշեցրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մանուկյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը՝ ընդգծելով, որ անկախությունից հետո էլ ազգային անվտանգության մարմինները փորձել են հավաքագրել ընդդիմադիր գործիչների։ Նա դիտարկեց, որ նման փորձեր եղել են նաև լրագրողների և հասարակական ակտիվիստների նկատմամբ, սակայն շատ դեպքերում դրանք մնացել են չբարձրաձայնված։

Արթուր Սաքունցը կարծում է, որ ԽՍՀՄ ՊԱԿ-ը գործել է որպես քաղաքական ճնշման և հետապնդման գործիք, և այդ կառույցի ավանդույթները չեն կասեցվել անգամ անկախությունից հետո։ Նրա համոզմամբ՝ քաղաքական այլախոհների դեմ գործող կառույցի հետ համագործակցությունը չի կարող դիտարկվել որպես անմեղ կամ նորմալ երևույթ, քանի որ այն ենթադրում է տեղեկատվության փոխանցում և ուղղակի մասնակցություն ճնշումներին։ Սաքունցը ընդգծեց, որ 1991 թվականից հետո խորհրդային ռեժիմինքաղաքական և իրավական համապարփակ գնահատական չտրվեց ՊԱԿ-ի գործունեությանը և դրա մեխանիզմներին։ Նրա խոսքով՝ հենց այդ բացը հանգեցրեց նրան, որ ՊԱԿ-ի հետ համագործակցած անձինք շարունակեցին քաղաքական և հասարակական դերակատարում ունենալ անկախ Հայաստանում։ Նա սա բնութագրեց որպես «կարմիր գիծ», որը պետք է գծվեր անկախության ձեռքբերումից անմիջապես հետո։ Մինչ օրս չկա հստակ քաղաքական գնահատական 1920 թվականի Հայաստանի օկուպացիայի վերաբերյալ, և այդ շարունակական անորոշությունը նպաստել է նախկին խորհրդային մտածողության պահպանմանը պետական և քաղաքական համակարգում։

Արթուր Սաքունցը դիտարկեց, որ այսօր էլ Հայաստանի քաղաքական դաշտում կան գործիչներ, որոնք կամ հետապնդվել են, կամ հավաքագրվել են անվտանգության մարմինների կողմից, և այդ հարցը երբեք ինստիտուցիոնալ կերպով չի լուծվել։ Նա նշեց, որ հետխորհրդային տարածքում ՖՍԲ-ն շարունակում է կիրառել հավաքագրման և վերահսկողության մեխանիզմներ՝ քաղաքական համակարգերի վրա ազդեցություն ունենալու համար։ Սաքունցը շեշտեց, որ օտարերկրյա հատուկ ծառայության կողմից հավաքագրվելն ինքնին պետք է համարվի ծանրագույն վտանգ պետության անվտանգության համար, անկախ նրանից՝ տվյալ անձը քաղաքական, հոգևոր, թե հասարակական գործիչ է։ Նրա խոսքով՝ հավաքագրվելը նշանակում է համաձայնություն տալ կատարել օտար պետության պահանջները, իսկ դա չի կարող նույնացվել միջազգային իրավաչափ համագործակցության հետ։

Նա նշեց, որ տարբեր երկրների անվտանգության մարմինների համագործակցությունը հնարավոր է միայն պետական մակարդակով և կոնկրետ համընդհանուր սպառնալիքների՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակում։ Սակայն քաղաքական կամ հասարակական գործիչների անհատական համագործակցությունը օտարհատուկ ծառայությունների հետ Սաքունցը որակեց որպես անընդունելի և խիստ վտանգավոր երևույթ։

Արթուր Սաքունցը նշեց, որ խնդիրը չի կարողդիտարկվել ընտրողական մոտեցմամբ։ Նրա կարծիքով՝ եթե բացահայտումներ են արվում, ապա դրանք պետք է լինեն ամբողջական, համակարգային և ուղեկցվեն հստակ քաղաքական դիրքորոշմամբ, այլ ոչ թե մասնակի հրապարակումներով, որոնք ավելի շատ կասկածներ են ծնում, քան լուծումներ։ Սաքունց ըանդրադարձավ նաև այն փաստին, որ փաստաթղթերի իսկության շուրջ բանավեճը հաճախ շեղում է ուշադրությունը բուն խնդրից։ Նա նշեց, որ Գերմանիայի օրինակով՝ նախկին Արևելյան Գերմանիայում ստեղծվել է համակարգ, որտեղ քաղաքացիները կարող էին ծանոթանալ իրենց վերաբերյալ հավաքագրված տվյալներին, ինչը թույլէ տվել հասարակությանը գիտակցել համակարգային վերահսկողության իրական ծավալները։

Նրա խոսքով՝ եթե այսօր օրը ցերեկով ակնհայտ է, որ որոշ հոգևոր առաջնորդներ աջակցում են Ռուսաստանի ագրեսիային Ուկրաինայի դեմ և դրա համար նույնիսկ պարգևատրվում են, ապա այստեղ փաստաթուղթ պահանջելն անիմաստ է։ Սաքունցը նշեց, որ նման աջակցությունը հակամարդկային և քաղաքականապես դատապարտելի է, անկախ փաստաթղթերի առկայությունից։ Եկեղեցին և պետությունը պետք է հստակ տարանջատված լինեն, և ցանկացած անձի գործողությունները պետք է գնահատվեն իրավական հարթությունում՝ անկախ նրա կարգավիճակից։ Նրա խոսքով՝ եթե որևէ անձկատարում է քրեորեն հետապնդելի գործողություն, ապա նա պետք է պատասխանատվություն կրի, լինի հոգևորական, քաղաքական գործիչ, թե հասարակական գործիչ։

Անհրաժեշտ է լյուստրացիայի մասին օրենքի ընդունում և մինչև 1991 թվականը մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ճշմարտության հանձնաժողովի ստեղծում։ Նա կարծում է, որ առանց այդ գործընթացների Հայաստանը չի կարող լիարժեք ազատվել խորհրդային բռնապետական ժառանգությունից։

Արթուր Սաքունցը եզրափակեց, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը պետք է հանրային և քաղաքական մակարդակում ընկալվի որպեսան ընդունելի արարք, քանի որ դա ուղղակիորեն խոցում է պետության անվտանգությունը և ինքնիշխանությունը։ Նրա խոսքով՝ միայն իրավական հստակ կարգավորումների, քաղաքական կամքի և հանրային բարոյականգ նահատականի միջոցով հնարավոր կլինի փակել այս վտանգավոր էջը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *