Հայաստան

Քաղաքականությամբ Զբաղվող Հոգևորականը Հոգևորական Չէ

Հիբրիդային պատերազմի պայմաններում, երբ դեզինֆորմացիան լայնորեն տարածվում է, պետությունը պարտավոր է արձագանքել անվտանգության սպառնալիքներին, այդ թվում՝ երբ դրանք կապված են որոշ հոգևորականների ակտիվ քաղաքական գործունեության հետ։

Սրբուհի Գալյան

FactorTV-ն զրուցել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում ոլորտի ձեռքբերումներին, ինչպես նաև անդրադարձ կա պետություն-եկեղեցի հարաբերությունների իրավական նրբություններին։ Նախարարը պարզաբանում է սահմանադրական կարգավորումները՝ շեշտելով, որ եկեղեցու անջատ լինելը պետությունից չի բացառում հոգևոր դերի ճանաչումը, սակայն արգելում է կրոնական կառույցների ներգրավվածությունը քաղաքականության մեջ։

Սրբուհի Գալյանը նշեց, որ Սահմանադրությամբ ամրագրված է եկեղեցու և պետության բաժանումը, ինչը չի նշանակում եկեղեցու պատմական դերի մերժում։ Նրա խոսքով՝ պետությունը ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդությունը հավատքի հարցերում, ինչպես նաև նրա դերը ժողովրդի ինքնության և հոգևոր կապի պահպանման գործում։ Միաժամանակ, նախարարն ընդգծեց, որ Սահմանադրությունում եկեղեցու դերի ամրագրումը չի կարող մեկնաբանվել այնպես, որ եկեղեցու կամ եկեղեցականների հասցեին հնչող քննադատությունը դիտարկվի որպես սահմանադրական կարգի տապալում։

Պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորվում են նաև առանձին օրենքով, որտեղ հստակ նշվում է՝ պետությունը չի միջամտում եկեղեցու ինքնակառավարմանը։ Նրա դիտարկմամբ՝ միջամտություն կարելի է համարել այն դեպքերը, երբ որևէ պաշտոնատար անձ փորձի որոշել ծիսական հարցեր կամ ուղղակիորեն ներգրավվի եկեղեցական լիազորությունների իրականացման մեջ։

Սրբուհի Գալյանը կարծում է, որ այսօր առկա է այլ խնդիր․ որոշ եկեղեցականներ փաստացի դուրս են եկել իրենց առաքելության շրջանակներից և ներգրավվել քաղաքական գործընթացներում, ինչը անընդունելի է։ Նա շեշտեց, որ խոսքը ոչ թե եկեղեցու՝ որպես ինստիտուտի, այլ կոնկրետ եկեղեցականների վարքագծի մասին է։ Նախարարի խոսքով՝ հասարակական մտահոգությունները կապված են նաև այն տեղեկությունների հետ, որոնք վերաբերում են որոշ հոգևորականների ենթադրյալ կապերին օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Վարչապետը նման տեղեկություններին կարող է տիրապետել ոչ թե որպես շարքային քաղաքացի, այլ ի պաշտոնե՝ որպես կառավարության ղեկավար։ Նրա համոզմամբ՝ հիբրիդային պատերազմի պայմաններում, երբ դեզինֆորմացիան լայնորեն տարածվում է, պետությունը պարտավոր է արձագանքել անվտանգության սպառնալիքներին, այդ թվում՝ երբ դրանք կապված են որոշ հոգևորականների ակտիվ քաղաքական գործունեության հետ։

Սրբուհի Գալյանը նկատեց, որ մինչ այժմ չի հանդիպել որևէ հիմնավոր հերքման այն խնդիրների վերաբերյալ, որոնք բարձրաձայնվում են եկեղեցական շրջանակների ներսում։ Նրա խոսքով՝ իրավական տեսանկյունից ևս խնդրահարույց է, երբ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները ներգրավվում են քաղաքական քարոզչության մեջ, քանի որ օրենքն ուղիղ արգելում է դա։

Նախարարն ընդգծեց, որ Սահմանադրության նոր նախագծում եկեղեցուն վերաբերող դրույթների շուրջդեռևս քննարկումներ չեն եղել, և այդ պատճառովորևէ վերջնական դիրքորոշում այս պահին չկա։

Անդրադառնալով եկեղեցականների վերաբերյալ քրեական վարույթներին՝ Սրբուհի Գալյանը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել ժամանակագրությանը։ Նրա խոսքով՝ հաճախ իրավապահ մարմինների գործողությունները սխալ կերպով կապվում են վարչապետի հայտարարությունների հետ, մինչդեռ իրականում քննչական գործողությունները կարող են սկսված լինել շատ ավելի վաղ։ Նա հավելեց, որմինչդատական վարույթի փուլում կալանքների ավտոմատ մակագրման համակարգի բացակայությունը խնդիր է, և նախարարությունն աշխատում է այն լուծելու ուղղությամբ առաջիկա ամիսներին։ Քրեական դատավարությունում ներդրված այլընտրանքային խափանման միջոցները՝ տնային կալանքն ու վարչական հսկողությունը, ոչ միշտ են արդյունավետ, ինչի հետևանքով աճել է ինչպես կալանքի, այնպես էլ տնային կալանքի կիրառման թիվը։ Նա ներկայացրեց վիճակագրություն՝ նշելով, որ ներկայումս շուրջ 1600 անձ գտնվում է կալանքի տակ, իսկ ընդհանուր անազատության մեջ գտնվողների թիվը շուրջ 2800 է, ինչը զգալիորենպակաս է նախահեղափոխական տարիների ցուցանիշներից։ Պետությունը պարբերաբար ձեռք է բերում էլեկտրոնային ձեռնաշղթաներ՝ հաշվիառնելով դրանց վնասման դեպքերը և խափանման միջոցների լայն կիրառությունը։ Նրա խոսքով՝ պետության գերնպատակը կալանքի կիրառման կրճատումն է, իսկ այլընտրանքային միջոցների ընդլայնումը դիտվում է որպես դրական քայլ։

Նա անդրադարձավ նաև Վճռաբեկ դատարանի որոշմանը՝ նշելով, որ հնարավոր է ապագայում օրենսդրական փոփոխություններով նախատեսել, որ որոշ ծախսեր կատարվեն շահառուների համաձայնությամբ։

Վարչական արդարադատության ոլորտում նախարարն ասաց, որ մինչև 300 հազար դրամ տուգանքների մասով վարչական մարմինների բողոքարկման իրավունքի սահմանափակումը միտված է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը։ Նա ընդգծեց, որ այս փոփոխությամբ քաղաքացու իրավունքները չեն սահմանափակվում, այլ՝ վարչական մարմինների հնարավորությունները։

Սնանկության ոլորտում իրականացվում է խորքային բարեփոխում, որի առանցքում իրավաբանական անձանց առողջացումն է, ոչ թե պարտքերից ազատվելու մեխանիզմը։ Նախագիծը նախատեսում է կանխարգելիչ գործիքներ և ավելի խիստ վերահսկողություն դատարանների կողմից։Քաղաքացիական և վարչական դատավարություններում, նրա խոսքով, սահմանվելու են գործերի քննության հստակ ժամկետներ՝ վեց ամիս, որոշ դեպքերում՝ երկարաձգման հնարավորությամբ, բայց սահմանված առավելագույն շեմով։ Նա ընդգծեց, որ ժամկետների խախտումը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության։ Սրբուհի Գալյանը հավելեց, որ նախատեսվում է նաև դատավորի փոփոխության դեպքում գործը զրոյից չսկսելու կարգավորում՝ կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև բարեվարքության եզրակացությունների հրապարակայնացում, ինչը կբարձրացնի համակարգի թափանցիկությունը։

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ նախարարն ասաց, որ ցանկացած ստորագրված միջազգային ակտ ենթադրում է դրական իրավական եզրակացություն։ Նրա համոզմամբ՝ խաղաղությունը բարձրագույն արժեք է, և իրավական կարգավորումները հնարավոր է համատեղել խաղաղության հաստատման նպատակին։ Խաղաղությունը արդեն իսկ գոյություն ունի, բայց այն պետք է պահպանել և զարգացնել։ Տուժած անձանց իրավունքների մասով, Սրբուհի Գալյանը ասաց, որ անհրաժեշտության դեպքում պետությունը պատրաստ է քննարկումներ ունենալ շահառուների հետ։

Անկախության հռչակագրի ներառման հարցում նախարարը նշեց, որ վերջնական որոշում չկա, և այն կկայացվի սահմանադրական խորհրդի քննարկումներից հետո՝ հաշվի առնելով խաղաղությանը չվտանգող իրավական ձևակերպումների անհրաժեշտությունը։

Ամփոփելով՝ Սրբուհի Գալյանն ասաց, որ 2026 թվականին արդարադատության նախարարության հիմնական նպատակն է քաղաքացիների կյանքի հեշտացումը՝ թվայնացման, արագ և արդյունավետ արդարադատության, ինչպես նաև տեսանելի ու գործնական բարեփոխումների միջոցով։ Նրա խոսքով՝ նախարարությունն ունի կամք և հանձնառություն շարունակելու այդ ուղղությամբ աշխատանքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *