Հայաստան

Բարձր Աշխատավարձը Կանխում Է Կոռուպցիան

Ապագայում ևս անհրաժեշտ է բարձրացնել Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձերը՝ միաժամանակ մեծացնելով պատասխանատվությունն ու վերահսկողությունը։ Բարձր վարձատրությունը պետք է ուղեկցվի ավելի խիստ պահանջներով և արդյունքահեն գնահատմամբ։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է պետական պաշտոնյաների բարձր պարգևավճարների շուրջ ծավալված հանրային բանավեճը և դրա ազդեցությունը Հայաստանի կառավարման համակարգի վրա: Հովսեփ Խուրշուդյանը պաշտպանում է մրցունակ աշխատավարձերի գաղափարը՝ դա համարելով կարևոր միջոց կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և որակյալ մասնագետներ ներգրավելու համար: Զրույցի ընթացքում համեմատություն է անցկացվում ներկայիս թափանցիկ վարձատրության և նախկինում գոյություն ունեցող ստվերային եկամուտների ու թալանի միջև:

Խուրշուդյանը նշեց, որ սկզբունքորեն համաձայն է այն գաղափարի հետ, որ պետական պաշտոնյաների, այդ թվում՝ պատգամավորների, նախարարների և բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերը պետք է լինեն մրցունակ՝ մասնավոր հատվածի հետ։ Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ դա ուղղակիորեն կապված է պետական կառավարման որակի հետ և չի վերաբերում միայն Ազգային ժողովի պատգամավորներին, այլ ամբողջ պետական ապարատին՝ նախարարություններից մինչև համայնքային կառույցներ։ Տարիներ շարունակ Հայաստանը բախվել է այն խնդրին, երբ բարձր որակավորում ունեցող մասնագետները խուսափել են պետական համակարգում աշխատելուց՝ ցածր աշխատավարձերի պատճառով։ Նրա խոսքով՝ արդյունքում կամ համակարգ չեն մտնում պրոֆեսիոնալները, կամ մտնում են այն մարդիկ, որոնք հույս են կապում ոչ օրինական եկամուտների հետ։ Նա ընդգծեց, որ նման իրավիճակը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի աճին։

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ նրանց ընդունած օրենքներն ու քաղաքական որոշումները ազդում են միլիոնավոր քաղաքացիների կյանքի վրա։ Այդ պատասխանատվությունը, նրա համոզմամբ, պահանջում է ոչ միայն բարոյական բարձր որակներ, այլև սոցիալական ու ֆինանսական կայունություն, որպեսզի պաշտոնյաները չընկնեն տարբեր շահերի գայթակղության տակ՝ լինի դա բիզնես կամ այլ ազդեցություն։ Նույն տրամաբանությունը վերաբերում է դատավորներին, դատախազներին և այլ առանցքային պաշտոնյաների։ Խուրշուդյանը կարծում է, որ ֆինանսական ապահովվածությունը հեշտացնում է անկախ և ազնիվ որոշումների կայացումը, քանի որ մարդը չի ապրում մշտական վարկային կամ սոցիալական ճնշման տակ։

Պետական բյուջեի համար իրական ծանր բեռը ոչ թե բարձր աշխատավարձերն են, այլ վատ օրենքների և սխալ կառավարման հետևանքով եկամուտների կրճատումը։ Նրա խոսքով՝ եթե ընդունվում են արդյունավետ որոշումներ, տնտեսությունն աշխատում է ավելի լավ, բյուջեն համալրվում է, և այդ պայմաններում պետական ապարատի վարձատրությունը կազմում է եկամուտների շատ փոքր տոկոս։

Խուրշուդյանը բացասական գնահատեց պոպուլիստական մոտեցումները, ըստ որոնց առաջարկվում է կտրուկ կրճատել պաշտոնյաների աշխատավարձերն ու այդ գումարները բաժանել սոցիալական խմբերին։ Նա նշեց, որ թվային հաշվարկները ցույց են տալիս, որ նման քայլերը իրական ազդեցություն չեն ունենում աղքատության վրա, բայց կարող են հանգեցնել պետական համակարգից պրոֆեսիոնալների արտահոսքի։ Նա օրինակ բերեց Արամ Ջիվանյանին՝ նշելով, որ վերջինս բարձր վարձատրվող միջազգային փորձագետ լինելով՝ թողել է մասնավոր գործունեությունը և անցել պետական համակարգ։ Սակայն, Խուրշուդյանի կարծիքով, պետությունը չի կարող իր կառավարման մոդելը կառուցել բացառապես անձնական հայրենասիրության վրա և ակնկալել, որ բոլորը նման զոհողությունների կգնան։

Հովսեփ Խուրշուդյանը պնդեց, որ ապագայում ևսանհրաժեշտ է բարձրացնել Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձերը՝ միաժամանակ մեծացնելով պատասխանատվությունն ու վերահսկողությունը։ Նրա խոսքով՝ բարձր վարձատրությունը պետք է ուղեկցվի ավելի խիստ պահանջներով և արդյունքահեն գնահատմամբ։

Խուրշուդյանը նշեց, որ ինքը չի պատրաստվում առաջադրվել Ազգային ժողովի ընտրություններում և չի ձգտում պետական պաշտոնի։ Նա ասաց, որզբաղվում է հասարակական գործունեությամբ և ձեռնարկատիրությամբ՝ պահպանելով անկախությունը պետական համակարգից։

Խոսելով պարգևավճարների թեմայի քաղաքական հետևանքների մասին՝ նա դիտարկեց, որ գործող իշխանությունները ընտրել են բաց և տեսանելի մոդել՝ ի տարբերություն նախկին համակարգի, որտեղ աշխատավարձերը պաշտոնապես ցածր էին, բայց ստվերային եկամուտները՝ բարձր։ Նրա խոսքով՝ նախկինում կոռուպցիան քողարկված էր, իսկ այժմ քննարկումները տեղի են ունենում հրապարակային դաշտում։

Անդրադառնալով ընտրություններին՝ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ իր գնահատմամբ հասարակության ընտրությունը հիմնականում կանգնած է ներկայի և անցյալի միջև։ Նա ասաց, որ տեսականորեն հնարավոր է երրորդ ուժի ձևավորում, սակայն դրա համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի իրական միավորում, որը դեռևս չի կայացել գաղափարական տարաձայնությունների պատճառով։

Նա ընդգծեց, որ չի կորցնում հույսը, որ քաղաքական և հասարակական այն ուժերը, որոնք կիսում են համընդհանուր արժեքներ, ի վերջո կկարողանան համախմբվել և ձևավորել իրական այլընտրանք գործող քաղաքական դաշտում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *