Սոմալիլենդի անկախության իսրայելական ճանաչումը բացահայտ մարտահրավեր է Թուրքիո, որ աֆրիկյան այդ երկրում ձգտում է ռազմական ներկայություն հաստատել:
Վահրամ Աթանեսյան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Միացյալ Նահանգներ այցին ընդառաջ չափազանց լուրջ որոշում է կայացրել: Դեկտեմբերի 26-ին նա հայտարարել է, որ հրեական պետությունը պաշտոնապես ճանաչում է աֆրիկյան ինքնահռչակված Սոմալիլենդ պետության անկախությունը:
Խոսքը միջազգայնորեն Սոմալի պետության մաս ճանաչվող տարածքի մասին է: Այդ առթիվ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը տարածաշրջանի երկիրների գործընկերների հետ խորհրդատվություններ է սկսել: Անկարան հանդես է գալիս Սոմալիի քաղաքական եւ տարածքային ամբողջականությունը խստորեն հարգելու դիրքից եւ Իսրայելի քայլը համարում է Հյուսիսային Աֆրիկայում «կայունությունը խախտելու փորձ»:
Սոմալիլենդի անկախությունը ճանաչելու մասին Իսրայելի որոշումը շատ ընդգծված անհանգստություն է պատճառել նաեւ Ադրբեջանին: Բանն այն է, որ տարեսկզբին Սոմալիի կենտրոնական կառավարության նախագահ Հասան Շեյխ Մահմուդը պաշտոնական այց է կատարել Բաքու, որի ընթացքում քննարկվել են նաեւ անվտանգության եւ ռազմական ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր:
Բաց աղբյուրների տեղեկություններով, դրան հաջորդել է Սոմալիի զինվորական պատվիրակության Ադրբեջան այցը, աֆրիկացի հյուրերը հանդիպումներ են ունեցել ռազմական արդյունաբերության նախարարությունում, այցելել ոլորտի մի շարք ձեռնարկություններ: Ի՞նչ համաձայնություններ են ձեռք բերվել այդ ընթացքում, հրապարակային տեղեկություններ չկան: Հայտնի է, որ մոտ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի կառավարությունը Սոմալիի քաղաքացիների համար մուտքի երեսունօրյա արտոնություն է սահմանել, ինչից կարելի է ենթադրել, որ կողմերի հարաբերությունները հասել են վստահության բավական բարձր մակարդակի:
Սոմալիլենդի անկախության իսրայելական ճանաչումը բացահայտ մարտահրավեր է Թուրքիո, որ աֆրիկյան այդ երկրում ձգտում է ռազմական ներկայություն հաստատել: Ռազմաարդյունաբերության ոլորտում Սոմալիի եւ Ադրբեջանի համագործակցությունն, ամենայն հավանականությամբ, ձեւավորվել է Թուրքիայի նախաձեռնությամբ: Ադրբեջանը մասնակցում է նաեւ Սիրիայի «վերականգնողական ծրագրերին», որ ուղղակիորեն հակասում են Իսրայելի շահերին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեռեւս Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչմանը չի անդրադարձել: Պաշտոնական Բաքուն, առհասարակ, իսրայելա-թուրքական սրացումներին չի արձագանքում: Իշխանական մամուլը, սակայն, ակնհայտորեն անհանգստացած է: Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիային Աֆրիկայում Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի քայլերը կարող են բարդացնել Իսրայելի հետ հարաբերությունները:
Նաթանյահուի որոշումն այս առումով կարելի է Ալիեւին ուղղված նախազգուշացում համարել: Մյուս կողմից, սակայն, Ալիեւը հազիվ թե կարող է դուրս մնալ Էրդողանի ծրագրավորումներից:
Վահրամ Աթանեսյան
