ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ադրբեջանի Հերթական Կեղծիքը

Ադրբեջանական քարոզչությունը «մոռանում է», որ նույն տարիներին ԼՂԻՄ-ի տասնյակ գյուղերից հարյուրավոր հայ ընտանիքներ նույնպես վերաբնակեցվել են Ժդանովի շրջանում, որտեղ նրանք հիմնադրել են բնակավայրեր եւ ապրել մինչեւ 1988 թվականը: 

Վահրամ Աթանեսյան

1947թ. դեկտեմբերի 23-ին խորհրդային կառավարության որոշմամբ, որ ստորագրել է Իոսիֆ Ստալինը, Հայկական ԽՍՀ-ից  100 հազար ադրբեջանցի կոլտնտեսականներ եւ այլ բնակչություն պետք է կամավորության սկզբունքով վերաբնակեցվեր Ադր. ԽՍՀ Կուր-արաքսյան հարթավայր: Կենտրոնական կառավարությունը խորհրդային Հայաստանի իշխանություններին թույլատրում էր ադրբեջանցիների թողած շինությունները, տները հատկացնել հայրենադարձ հայերին: Այս փաստը Բաքվի քարոզչությունը ներկայացնում է որպես Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ «իրականացված էթնիկ զտման եւ բռնատեղահանության ապացույց»: 

Որոշումն, ինչպես ասվեց, կայացրել է խորհրդային կառավարությունը՝ Ստալինի գլխավորությամբ: Հայկական ԽՍՀ իշխանությունները, եթե անգամ ադրբեջանցիներին բռնատեղահանելու մտադրություն ունենային, գործնականում նրանցից անգամ մեկի «մազը ծռել» չէին կարող: Երկրորդ, Ադրբեջանը, ինչպես բոլոր դեպքերում, այս առթիվ էլ փաստերը ներկայացնում է ոչ ամբողջությամբ: 

Խորհրդային կառավարությունը կենտրոնական բյուջեից Կուր-արաքսյան հարթավայր տեղափոխվող անձանց փոխհատուցում է վճարել՝ կախված ընտանիքի շնչերի քանակից եւ թողած գույքի եւ տան արժեքից: Կառավարությունը հոգացել է նաեւ նրանց տեղափոխման ծախսերը: Բայց ամենակարեւորն այն է, որ այդ մարդիկ Հայաստանից տեղափոխվել են Ադրբեջանի կոմունիստական առաջնորդ Բաղիրովի խնդրանքով: 

Ուումնասիրողները վաղուց պարզել են, որ Բաղիրովը նամակով դիմել է Ստալինին եւ խնդրել, որ Հայաստանից հարյուր հազար ադրբեջանցի տեղափոխվի Ադրբեջան եւ զբաղվի բամբակագործությամբ: Կուր-արաքսյան հարթավայրը, որի մասին ասված է խորհրդային կառավարության որոշման տեքստում, չնայած խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվելուն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ մնում էր մեծամասամբ անմարդաբնակ: 

Փաստ է, որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների բնակության վայրերում կազմավորվել է նոր վարչական շրջան, որ կոչվել է կոմունիստական գործիչ Անդրեյ Ժդանովի անունով: Վարչական այդ անվանումը պահպանվել է ընդհուպ մինչեւ 1990-ական թվականների երկրորդ կեսը: Ներկայումս այդ տարածքը կոչվում է Բեյլագանի շրջան: 

Ադրբեջանական քարոզչությունը «մոռանում է», որ նույն տարիներին ԼՂԻՄ-ի տասնյակ գյուղերից հարյուրավոր հայ ընտանիքներ նույնպես վերաբնակեցվել են Ժդանովի շրջանում, որտեղ նրանք հիմնադրել են բնակավայրեր եւ ապրել մինչեւ 1988 թվականը: 

Պատմականորեն այդ տարածքները երբեք ադրբեջանաբնակ չեն եղել, յուրացվել են միայն Բաղիրով-Ստալին համաձայնության արդյունքում: Իսկ որ նախկինում այնտեղ հայեր են բնակվել, վկայում են իրենք՝ ադրբեջանցիները. Արաքսից հարթավայր բերված հին ջրանցքը նրանք մինչ օրս անվանում են «Գյավուր արխ/ Անհավատի առու»: Որպես կանոն կովկասյան թաթարները «գյավուր» անվանում են հայերին: 

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *