ՄԵՐ ՈՒՂԻՆ

Բաքվին Եվս Անհրաժեշտ Է Խաղաղությունը

Եթե Թուրքիան իսկապես ազդեցություն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքական որոշումների վրա, ապա հենց Անկարան պետք է հետևողականորեն աշխատի Բաքվի հետ, որպեսզի պայմանագիրը ստորագրվի այդ ժամկետներում։ Հայաստանում երբեմն չափազանց մեծ ուշադրություն է դարձվում ադրբեջանական հռետորաբանությանը՝ ավելի շատ, քան դրա իրական քաղաքական կշռին։ 

Վահրամ Աթանեսյան

1inTV-ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում քննարկվում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա լարվածությունը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Ռուսաստանի դեսպանի կողմից շեշտվել է երկու երկրների պատմական կապերը և տնտեսական գործակցությունը, մինչդեռ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը դեսպանի խոսքերը որակում է որպես կայսերական քարոզչություն։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, որի շուրջ Բաքուն առաջ է քաշում նոր նախապայմաններ, ներառյալ Հայաստանի սահմանադրական փոփոխությունները։

Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հայտարարությանը, ասաց, որ ինքը ավելացնելու ոչինչ չունի այն ամենից բացի, ինչ արդեն հնչեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշեց, որ Միրզոյանը հստակ ձևակերպել է՝ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման շուրջ Հայաստանը ունի իր պատկերացումները, Ադրբեջանը՝ իր, և այդ պատկերացումները դեռևս համաձայնեցված չեն։ Աթանեսյանի կարծիքով, այստեղ հավելյալ մեկնաբանության կարիք պարզապես չկա։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխությունների հարցը կարող է հետաձգել խաղաղության պայմանագրի իրականացումը, Վահրամ Աթանեսյանը ընդգծեց, որ ոչ ոք երբևէ չի հայտարարել, թե այդ պայմանագրի կյանքի կոչումը մոտ ապագայի հարց է։ Նա հիշեցրեց, որ նման լավատեսական կանխատեսում հնչեցրել է միայն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Աթանեսյանի համոզմամբ, եթե Թուրքիան իսկապես ազդեցություն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքական որոշումների վրա, ապա հենց Անկարան պետք է հետևողականորեն աշխատի Բաքվի հետ, որպեսզի պայմանագիրը ստորագրվի այդ ժամկետներում։Հայաստանում երբեմն չափազանց մեծ ուշադրություն է դարձվում ադրբեջանական հռետորաբանությանը՝ ավելի շատ, քան դրա իրական քաղաքական կշռին։ Նրա խոսքով՝ Բայրամովի հայտարարությունները չպետք է ընկալել որպես կոշտ և անշրջելի նախապայմաններ, քանի որ խաղաղության պայմանագիրը անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլ առնվազն նույնքան, եթե ոչ ավելի՝ Ադրբեջանին։ Նա կարծում է, որ կողմերն արդեն իսկ քայլեր են կատարել և շարունակում են կատարել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչը թույլ է տալիս չափավոր լավատեսություն ցուցաբերել պայմանագրի ստորագրման ու վավերացման հարցում։

Անդրադառնալով ադրբեջանական բենզինի ներմուծման շուրջ առաջացած աղմուկին՝ Աթանեսյանը նշեց, որ հուզական արձագանքները բնական են՝ հաշվի առնելով, որ շուրջ երեքուկես տասնամյակ հայ-ադրբեջանական հրապարակային առևտրային հարաբերություններ չեն եղել։ Նա ասաց, որ ադրբեջանական մամուլի հրապարակումներից երևում է՝ Բաքվում լրջորեն քննարկվում է հայկական ապրանքների ներմուծման հնարավորությունը, հատկապես սննդարդյունաբերության ոլորտում՝ հյութեր, պահածոներ, մսամթերք և գյուղատնտեսական այլ ապրանքներ։ Աթանեսյանընաև նշեց մի հետաքրքիր հանգամանք, ըստ որի Ադրբեջանը կարող է իր գյուղմթերքի ավելցուկը արտահանել Հայաստան՝ վերամշակման նպատակով, քանի որ չունի բավարար զարգացած արդյունաբերություն։

Նրա գնահատմամբ, երկկողմ առևտրի շուրջ քննարկումների ակտիվացումը պետք է դիտարկել որպես դրական ազդակ։ Միաժամանակ նա ընդգծեց, որ պետական կառույցները պարտավոր են տեղեկատվական դաշտում լինել առավել հետևողական և հստակ, քանի որ բենզինի ներմուծման հարցում սկզբում հանրության մեջ ստեղծվել էր սխալ տպավորություն, թե խոսքը նվիրատվության մասին է։ Աթանեսյանը կարծում է, որ այստեղ առկա են տեղեկատվական և քարոզչական թերացումներ, որոնք պետք է հաղթահարվեն՝ առանց էմոցիաների, վերագրումների և ներքաղաքական պայքարի ենթատեքստի։

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը արդեն տրված է, սակայն ցանկալի կլիներ, որ ընդդիմադիր ուժերը գործեին ռացիոնալ և առաջնորդվեին մեկ հիմնարար սկզբունքով՝ չվնասել Հայաստանին։ Նա կոշտ գնահատական տվեց որոշ հայտարարություններին՝ ընդգծելով, որ նման խոսույթը քաղաքական գործչին վայել չէ և ավելի շուտ փողոցային կամ կենցաղային մակարդակի արտահայտություն է։ Նրա կարծիքով, քաղաքական հայտ ներկայացնող ուժը չի կարող թույլ տալ նմանատիպ վերագրումներ։

Անդրադառնալով Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարություններին՝ Վահրամ Աթանեսյանը ասաց, որ դրանք քաղաքական վերլուծություն չեն, այլ զուտ քարոզչություն՝ հիմնված հին նարատիվների վրա՝ «եղբայրություն», «դաշնակցային հարաբերություններ» և նման ձևակերպումներ։ Նա նշեց, որ դժվար է խոսել եղբայրական հարաբերությունների մասին այն պայմաններում, երբ Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, որը նրա խոսքով պատմականորեն և մշակութային առումով Ռուսաստանի ամենամոտ ժողովուրդներից է։Աթանեսյանը խտրական և կայսերապաշտականբնույթի դրսևորում համարեց այն ձևակերպումները, ըստ որոնց ռուս ժողովուրդը ներկայացվում է որպես «մեծ», իսկ մյուսները՝ ոչ։ Նա ընդգծեց, որ Հայաստանը և Ռուսաստանը պետք է ունենան բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերություններ, սակայն դեսպանի հայտարարություններից ավելի շատ երևում է Մոսկվայի փորձը՝ իր կայսերական շահերը առաջ մղելու Հայաստանի հաշվին։

Վահրամ Աթանեսյանը նաև քննադատեց «Թրամփի երթուղու» շուրջ ռուսական դիրքորոշումը՝ հարցադրելով, թե իրականում որ երկրի շահերին է այն վնասում։ Նրա համոզմամբ, Հայաստանը պաշտոնապես առաջարկել է Ռուսաստանին միանալ այդ նախագծին՝ վերականգնելով տարածաշրջանային երկաթուղային կապերը, ինչը կարող էր նույնիսկ շահավետ լինել հենց Ռուսաստանի համար՝ Իրանի հետ հաղորդակցության տեսանկյունից։ Նա նշեց, որ այստեղ տրամաբանական հակասություն չկա, բացի քաղաքական ամբիցիաներից։

Աթանեսյանը եզրակացրեց, որ Ռուսաստանը, չլուծելով Ուկրաինայի հակամարտությունը, փորձում է լարվածությունը արտածել նաև Հարավային Կովկաս։ Նրա կարծիքով, սա լուրջ մարտահրավեր է, որին Հայաստանի կառավարությունն ու արտաքին գործերի նախարարությունը պետք է համարժեք և կոշտ արձագանք տան՝ ռուսական կողմին վերադարձնելով իրական բանակցային դաշտ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *