2026-ը, թեև չի լինելու «փրկության» տարին, բայց լինելու է ազդեցիկ՝ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների առումով, ինչպես նաև հնարավորություն է տալու վերաիմաստավորել հայ-ռուսական հարաբերությունները։
Մեր Ուղին
Առաջին անգամ, երկար տարիների ընթացքում կարելի է փոքր ինչ ավելի լավատես լինել, քան սովորաբար։ Ինչպես ասում էր Շառլոթ Բրոնտեն․«Գուցե մի փոքր ավելի լավ, բայց ոչ ավելի լավ»։ Եվ այս զարմանալի լավատեսության համար մենք փոքր ինչ հիմքեր ունենք։
2025-ը հավանաբար ամենից հագեցած տարիներից մեկն էր Հայաստանի Երրորդ Հանրապետության կյանքում, ընդ որում ավելի շատ հույսով լցված, քան թե փաստացի վատով։ 2025-ը լի էր և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական բազմաթիվ, տարբերվող իրադարձություններով։
Տարվա գլխավոր իրադարձությունն իհարկե օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի աշխատասենյակում ստորագրված Փաշինյան-Թրամփ-Ալիև հռչակագիրն էր, որը, հուսանք, ի վերջո կհանգեցնի խաղաղության ու հնարավորություն կտա ոչ միայն այսուհետ խուսափել կործանարար պատերազմներից, այլև տնտեսական այս սթրեսից դուրս գալ, որը ահա քանի տասնամյակ կաշկանդել է Հայաստանն ու կապել նրա ուժերը։ Օգոստոսի 8-ը զարմանալի էր երկու առումով․ այն առաջին նմանատիպ հանդիպումն ու ստորագրումն էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև և երկրորդ՝ այնտեղ չկար հայ-ադրբեջանական հարաբերությունների արդեն հարյուրամյա մոդերատոր Ռուսաստանը։ Շատերը շտապեցին ասել, որ հենց ռուսների բացակայության հետևանքով հնարավոր եղավ ինչ որ առաջընթաց գրանցել, ՀՀ ընդդիմության մի մասն էլ իշխանություններին մեղադրեց ռուսներին դավաճանելու և «արևմուտքի գիրկը նետվելու համար»։ Այս համաձայնագիրը, որը նախատեսում է ճանապարհների ամբողջական ապառազմականացում ու ապաշրջափակում, տնտեսական համագործակցություն, դեռևս շատ խախուտ է։ Վաշինգտոնի համաձայնագիրը դեռևս գտնվում է «Սևր» կարգավիճակում, այնտեղ ամեն ինչ շատ լավ է, բայց փաստական որևէ բան չկա ու դեռ չունենք երաշխիք, որ այն առհասարակ կաշխատի։ Իհարկե դրա նկատմամբ կասկածը ոչ թե «վատ արևմուտք» ավանդական քարոզն է, այլվերափոխվող աշխարհաքաղաքականության տատանվող եզրագծերը։ Հիմա հնարավոր չէ ասել, թե ինչ կլինի մեկ տարի կամ նույնիսկ վեց ամիս հետո։ Չափից ավելի անորոշ աշխարհում ենք ապրում ստահության համար։
Մյուս կողմից էլ Ադրբեջանը ոչ մի վայրկյան մի կողմ չի դնում իր ռազմական հռետորաբանությունը, «Էրիվան վերադառնալու» ցնդաբանությունները, 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման և այլն։ Կարելի է այս ամենին վերաբերվել «հաչող շունը կծան չի լինում» սկզբունքով, բայց մենք արդեն տեսել ենք նմանատիպ մտածության ողբերգական հետևանքները, երբ 2020թ, հասկացանք, որ հաչող շունը նաև գազազած էր։ Արդյունքը եղավ ծանր պարտությունն ու 2023-ի Արցախի ամբողջական կորուստը, հայաթափումը։ Ու մենք այժմ պարտավոր ենք խաղաղություն ունենալ, թեկուզ և նրա համար, որ նման ծանրագույն կորուստը մեզ պետք է լավ հասկացնի պատերազմի ու խաղաղության գինը։ Այն, որ Բաքուն ոչ մի վայրկյան չի լռում ու շարունակում է հոխորտալ, չպետք է արհամարհել, հակառակը, պետք է զինվել, պետք է անվերջ զինվել, ունենալ այնպիսի բանակ ու տնտեսություն, որ եթե վաղը ադրբեջանցիները որոշեն մտնել Հայաստան, ապա վստահ լինեն, որ հարձակումն այնքան թանկ է նստելու իրենց վրա, որ չարժե դա անել։ Միայն այդ դեպքում Բաքուն հանգիստ կպահի իրեն, մնացած ամեն ինչը պարզապես գեղարվեստ է։ Օգոստոսի 8-ի համաձայնագիրը մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությամբ, ուժեղ տնտեսությամբ, բանակով, արտաքին ճկուն դիվանագիտությամբ, այլապես այն կդառնա հերթականա «Սևրի պայմանագիրը», հերթական թղթե շերեփը։ Հայաստանը կարող է դա անել։ Ոչ միանգամից, բայց աստիճանաբար կարող է։ Արևմուտքի հետ տնտեսական շահերի զուգորդումը կարող է Բաքվին ստիպել պատերազմը մի կողմ դնել ու զբաղվել տնտեսությամբ։ Հայաստանը կարող է շահել և նույնիսկ շատ շահել։ Հայաստանը ոչ թե խեղճ ու անորոշ մի փոքր գաղութ է, այլ տարածաշրջանի հաղթաթուղթն է՝ Ջոկերը, ում կողմից խաղա, նա էլ հաղթելու է։ Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական փակ սահմաններից օգտվել ու դեռևս շարունակում են օգտվել ռուսները, վրացիներն ու պարսիկները։ Միայն ու միայն փակ սահմանների «շնորհիվ» են վրացիները իրենց ընտրյալ ու միակ փրկության ուղի զգացել։ Միայն ու միայն փակ սահմանների շնորհիվ են Թեհրանն ու Թբիլիսին իրենց բարեկամությունը թանկ գնով վաճառել Հայաստանի վրա։ Չկա ու չի եղել որևէ ժողովուրդների բարեկամություն, եղել է ու լինելու է միայն պետական չոր շահ ու հիմա Իրանն ու Վրաստանն անհանգստացած են, որովհետև հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը(եթե դա առհասարակ հնարավոր է) զրկում է նրանց բացառիկությունից, ինչպես որ Մոսկվային է զրկում «փրկչի» իր սիրած զբաղմունքից։ Այդ է պատճառը, որ այս երեքը պարբերաբար «անհանգստություն են» արտահայտում, ամեն կերպ փորձում են միջամտել, նույնիսկ պատրաստակամ են օգնել։ Հայաստանը չափից ավելի շատ է դաղվել իր «բարեկամներից»։ Հենց հիմա, Մոսկվաի ջանքերով Վրաստանի ռուսամետ կառավարությունն այնպիսի ցնցող գներով է ուզում ադրբեջանական ապրանքների տեղափոխումը Հայաստան իրականացնել, որ այն ոչ ոքի օգուտ չտա։ Բայց դա քիչ աշխատող է, որովհետև, եթե խաղաղություն եղավ, ապա ճանապարհների կառուցումով վրացական ճանապարհները ինչ որ մի պահ կարող են առհասարակ պետք չգալ։ Թբիլիսին պետք է լավ մտածի, որովհետև Մոսկվան, զրկվելով ադրբեջանական մահակից, հիմա էլ Վրաստանով է ուզում հարվածել մեզ։ Օգոստոսի 8-ը կարող է շրջադարձային կետ դառնալ։
Իհարկե պետք չէ երեխայի միամտությամբ հավատալ, որ վերջ․ արդեն խաղաղություն է։ Դեռևս ոչ, դեռևս ոչ։ Բաքվում դեռևս պատրաստ են հայերին ջնջել ու զավթել Հայաստանը ու մենք հիմա պետք է ցույց տանք, թե արժանի՞ ենք պետություն ունենալու, թե՞ ոչ։ Հիմա Արևմուտքը(իհարկե էլի իր շահերի համար) օգնում է Հայաստանին, զենք է վաճառում, օգնում է քաղաքականապես։ Երախտամոռ չլինենք, միայն Արևմուտքը կանգնեցրեց Բաքվին 2021-ին, 2022-ին։ Արտաքին քաղաքական դաշտում ունենք զգալի ձեռքբերումներ, բայց դա պահել է պետք, պահել ատամներով։ Սա մեր միակ շանսն է այս շղթան քանդել-դուրս գալու ուստի դա պետք է անել այնպես, որ եթե անգամ վաղը համաշխարհային լիդերների մոտ ինչ որ բան փոխվի, ապա Հայաստանի խաղաղ զարգացումը համապատասխանի նրանց ծրագրերին։ Սա է կարևորը։
Եվ հասկանալի է, որ այս արտաքին ձեռքբերումները պետք է ու կարելի է պահել միայն այն դեպքում, եթե ունենանք ներքին կայունություն, վարժ կառավարում, առնվազն թշնամական մթնոլորտի էական նվազում։ 2026-ի ընտրություններն այդ հարցը չեն լուծի, բայց կարող են ճանապարհ դառնալ դեպի այդ կողմ։ Իսկ դրա համար ներքին քաղաքական իրադրությունը հնարավորինս հարթ է պատկեր է պահանջում։ Պետք է արմատախիլ անել այն բոլոր ուժերին, որոնք իրենց մտքով անցկացնում են Հայաստանը նորից ենթարկել Մոսկվային։ Եթե պետք եղավ, ապա արևմտասերների ախորժակը ևս պետք է չափավորել։ Մենք չպետք է «մեծ եղբայր» ընտրելով Մոսկվայից գնանք Վաշինգտոն, այլ պետք է «մեծ եղբայր» Մոսկվայից պոկվելով ձեռք բերել գործընկեր, եթե հնարավոր է՝ դաշնակից, բայց ոչ եղբայր։ Դա վտանգավոր մանկամտություն է։
Ներքին քաղաքական հանդարտությանը զուգահեռ հարկավոր է շարունակել այն ամենը, ինչ սկսվել է վերջին ժամանակներում։ Խոսքը վերաբերում է շինարարությանն ու ապօրինի գույքի վերադարձին 2025 թվականին Հայաստանում պաշտոնական տվյալներով կառուցվել և վերանորոգվել է 501 կմ ճանապարհ, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում ավարտվել են տասնյակ դպրոցների կառուցման ու վերանորոգման, ինչպես նաև հարյուրավոր մանկապարտեզների աշխատանքներ (ծրագիրը շարունակական է և նախատեսված է ավարտել մինչև 2026-ը), ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացով պետությանը վերադարձվել է 174,545,000 ԱՄՆ դոլարի համարժեք գույք, իսկ ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատարաններում քննվող 152 հայցադիմումների ընդհանուր գումարը գերազանցում է 600 միլիարդ ՀՀ դրամը (մոտ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար), որոնք ներառում են հազարավոր անշարժ և շարժական գույքեր, մասնակցություններ և դրամական միջոցներ: Սա բավական լավ է հնչում, հաշվի առնելով, թե ինչ անվերահսկելի ու անզուսպ թալան է ընթացել Հայաստանում 1990-ականներից սկսած։ Այս ամենի կարևորությունը ոչ միայն փողի ու գույքի քանակն է, այլ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՆԱՏՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ։ Տարիներ առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանում առհասարակ նման բան կարող է լինել։ Ինչ վերցնեիր՝ քոնն էր։ Իհարկը ընթացող շինարարությունները ևս, հավանաբար, զերծ չեն մնացել կոռուպցիայից ու անորակությություն, գողություններից ու հափշտակություններից, բայց դրանք հաստատ այն թվերը չեն, որը եղել է նախորդ տարիներին։ Սա իհարկե չի արդարացնում, պետք է առհասարակ հասցվի նվազագույնի, բայց չի կարելի նաև չընդունել այն առաջընթացը, որ կա։
Հաջորդ կարևոր ասելիքն այն է, որ մենք ունենք ոչ միայն ժողովրդավարություն, այլև այդ ժողովրդավարության ցուցիչ՝ կանանց դերի մեծացում կառավարման ոլորտում։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունում կին նախարարները չորսն են՝ Անահիտ Ավանեսյանը (Առողջապահություն), Արփինե Սարգսյանը (Ներքին գործեր), Սրբուհի Գալյանը (Արդարադատություն) և Ժաննա Անդրեասյանը (ԿԳՄՍ), իսկ բարձրագույն պաշտոններ զբաղեցնող այլ նշանավոր կանայք են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը (Հայաստանի պատմության մեջ առաջին կինը այդ պաշտոնում), Լիլիթ Մակունցը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական և մոտ 38% կին պատգամավորները Ազգային ժողովում: Սա պատմական ցուցանիշ է Հայաստանի համար, սա հանդուրժողականության և համաչափության լավագույնս դրսևորումներից է, որ Հայաստանը հետամնաց ու կիսավայրի բարքերի երկիր չէ, ինչպես ցանկանում են ներկայացնել ոմանք։ Ընդ որում պետք է նշել, որ թվարկված պաշտոնյաները ձախողված չեն, աշխատում են բավական արդյունավետ, հատկանշական է գլխավոր դատախազը, քանի որ այդ խնդրահարույց ոլորտում երիտասարդ կնոջ նման աշխատանքը գնահատանքի է արժանի։
Այս ամենով հանդերձ՝ Հայաստանում դեռևս սոսկալի շատ խնդիրներ կան, որոնք լուծելու ենթակա են ու անհապաղ։ Ինչպես վերը նշեցինք, Հայաստանում շատ կարևոր է ներքին քաղաքական կայունությունը։ Այդ իսկ պատճառով 2026-ը, թեև չի լինելու «փրկության» տարին, բայց լինելու է ազդեցիկ՝ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների առումով, ինչպես նաև հնարավորություն է տալու վերաիմաստավորել հայ-ռուսական հարաբերությունները։ ԱԺ ընտրություններից հետո անհապաղ պետք է մաքրել Հայաստանի կուսակցական կեղտոտ դաշտը, ընդունել նրանց ֆինանսավորման թափանցիկության մասին օրենք, կարգավորել օրենսդրությունը։ Ինչպես նաև հարկավոր է էապես առողջացնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունները։
Այս բոլոր հարցերի համար իշխանությունները պետք է չափից ավելի լուրջ լինեն։ Դեռևս տեսանելի են հմտության մեծ պակասները, երբեմն՝ էական սխալները, մեծամտությունը, թուլակամությունը, ոչ շրջահայաց ու անզգույշ պահվածքը։ Իշխանությունները, չունենալով նորմալ ընդդիմություն, հաճախ իրենց անհաղթ ու անբեկալի ճշմարտություն են պատկերացնում, ինչը նվազեցնում է օգտակարությունն ու սթափությունը։ Հուսանք, որ 2026-ի ընտրություններում մենք վերջապես կունենանք այն կառուցողական ընդդիմությունը, որ իրոք ասեղի պես կխայթի իշխանություններին՝ հանուն ավելի արդար ու բարվոք կառավարման, ոչ թե հակապետական ու գաղութային տրաբամանությամբ ներկայիս կարգավիճակը։
Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել լրագրողական դաշտի կարգավորման վրա։ Խոսքը ոչ թե ազատ խոսքն արգելելու մասին է, այլ հակապետական քարոզը ջնջելու, այն զրոյացնելու։ Այսօր Հայաստանում քիչ չեն այն լրատվականները, որ ռուսական ու ադրբեջանական քարոզի ուղիղ խոսափողի դեր են կատարում՝ մի կողմից մոսկովյան ճնշումով, մյուս կողմից՝ թուրքական ահաբեկումով։ Հասարակությունը չի կարող ապրել նման երկատված իրականության ու իրարամերժ մթնոլորտում։
Հայաստանում նաև տեղի է ունելու եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը քաղաքական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Բացի դիվանագիտական, ռազմա-տնտեսական ու տեխնոլոգիական ներդրումներից, կարևոր են նաև նմանատիպ քաղաքական միջոցառումները, որոնք կարող են նպաստել հայաստանի քաղաքական կշռի ևս մեկ աստիճան բարձրացմանը, Հայաստանի կարևորմանը։
2026-ը նաև պիտի լինի հայ-հայկական հարաբերությունների ամրացման տարի։ Այս սարկաստիկ արտահայությունը իհարկե վերաբերում է Հայաստան-Սփյուռք կապերի աշխուժացմանն ու ամրացմանը, ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ ֆինանսական ու ադմինիստատիվ, գաղափարական առումով։ Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որը միայն փող է պահանջում ու յուրացնում մի քանի հոգու համար։ Հայաստանը փորձում է դառնալ այն երկիրը, ուր հայը կարող է ապրել ու աշխատել, ոչ միայն այնպատճառով, որ հայ է, այլև, որ շահավետ է, լավ է։ Սփյուռքի հետ կապերի վերաիմաստավորումն ու աշխուժացումը համահայկական պոտենցիալի իրացման ամենալավ միջոցն է։
Հայաստանը դուրս է գալիս գաղութից, Հայաստանը ցանկանում է ապրել ու իր քաղաքացիների պարտքն է ամեն գնով պահել ու աջակցել Հայաստանի ինքնշխանությանը, զարգացմանն ու հզորացմանը՝ ռազմականից մինչև տնտեսական, կրթությունից մինչև դիվանագիտական։
«Մեր Ուղինը» շնորհավորում է համայն հայության Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Մաղթում ենք խաղաղություն, հանգստություն, սթափություն և արգասաբեր տարի։ Թող այս տարում Հայաստանը դառնա ավելի հայկական, ավելի հզոր և ավելի կայուն ու մեր կանխատեսումներն ու մաղթանքները ոչ թե մնան դատարկ բառեր, այլ մեր իսկ ջանքերով դառնան ամուր իրականություն։
Շնորհավորում ենք բոլորին։
Աստված օրհնի Հայաստանը։
