Հայաստան

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ… Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

«Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկնում եմ Արցախ կարեւոր առաքելությամբ` գտնվելու եմ այնտեղ, որտեղ իմ անհրաժեշտությունը կլինի : Ամենայն հավանականությամբ կվերադառնամ, երբ խաղաղության մասին լուրը լսեմ»,-ասաց Արցախի ճանապարհին գտնվող  Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ընդգծելով.

Մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ, ովքեր հաստատում եւ վերահաստատում են մեր աժանապատիվ կյանքի, գոյության իրավունքը այս աշխարհում: Ես աղոթում եմ, որ մեր հերոս տղաների բազուկը երբեք ու երբեք չդողա, որպեսզի անընդհատ կարողանան ոչնչացնել չարիքը եւ չարի ուժերը: Ինչպես որ պատվիրում է մեզ Տերը:

Մենք, այս բոլոր օրերին, անընդհատ գտնվել ենք այն ընտանիքներում, ովքեր իրենց զավակներին ընծայել են հայրենիքի սիրո սեղանին:  Մենք մեր տղաներին հանձնել ենք անմահության եւ հավիտենականության: Մեր հերոս տղաները իրենց կյանքը զոհեցին մեզ համար` ողջ պատասխանատվությունը թողնելով մեզ:

Մեզ համար կորուստ գոյություն չունի, մեզ համար մեծագույն նվաճում է, որ այսպիսի զավակներ, այդպիսի հերոսներ ունենք: Մենք այլեւս գրքերից չենք կարդում հերոսների մասին, մենք ապում ենք սխրանքների ու հերոսության պատմությունների մեջ եւ մենք պարտավոր ենք կրել դրա պատասխանատվությունը ամբողջությամբ:

Ուզում եմ նաեւ թիկունքի մեր ժողովրդին դիմել. ավելորդ է խոսել միասնականության, գաղփարական տաբերությունների մասին, ամոթ է անգամ խոսելը զանազան պառակտումների մասին: Դրանք կլինեն սոցցանցերում, քաղաքական դաշտում, կամ որեւէ տեսակի անհատի կողմից: Մեր հորդորն ու խնդրանքն է, որ  թիկունքի ամրությունը դառնա ավելին, քան կար: Միշտ մտածեք, որ ցանկացած շեղում այդ գաղափարից` թիկունքից հարված, թշնամական գնդակ է առաջնագծում  կանգնած սիրելի զինվորներին եւ սպաներին:  

Սրբազանը նկատեց նաեւ.

-Առիթից օգտվելով ուզում եմ իմ գնահատանք ու շնորհակալությունը հայտնել նաեւ մեր բժիշկներին, ովքեր ոչ պակաս կարեւոր առաքելություն են իրականացնում թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում: Ուզում  եմ շնորհակալութուն հայտնել Քեզ աղջի՛կս ու մեր բոլոր-բոլոր լրագրողներին, ովքեր օրնիբուն լուսաբանում են` անկախ բոլոր տեսակի դժվարություններից:  Շնորհակալ ենք մեր վարորդներին, ովքեր կրակի տակ կարողանում են հասցնել զինվորին անհրաժեշտ ամեն բան, շնորհակալ եմ մեր հոգեւոր բոլոր եղբայրներին, ովքեր այսօր առաջնագծի տարբեր հատվածներում են: Տերը պահապան Ձեզ բոլորին:

Վերջում Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դիմեց նաեւ համայն հայությանը.

– Շնորհակալ եմ համայն հայությանը, մեր հզոր ժողովրդին,  ովքեր որ լծված են այս կարեւոր գոյապայքարը հաղթանակին հասցնելու մեջ: Վստահ եմ, որ Տերը հաղթանակը մեր ձեռքն է տալու` ոչնչացնելով բոլոր տեսակի չարիքները, որոնք միտված են մեր ազգի գոյությանը ոչացնելուն:

Աղբյուրը` Iravunk.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *