ՄԵՐ ՈՒՂԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախյան Ազատամարտի շղթայազերծման և Հայաստանի վերանկախացման նվաճմանը զուգահեռ՝ հայ ազգն ու հայոց հայրենիքը տիրացան մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական ծաղկման և ժողովրդավարական պետության կառուցման պատմական հնարավորության։

Դժբախտաբար, շուրջ երեք տասնամյակ, վերանկախացյալ Հայաստանի Հանրապետության իրարահաջորդ երեք նախագահները հաստատեցին և արմատավորեցին խմբիշխանական ու կոռումպացված՝ խաթարված քաղաքական կառավարման մի համակարգ։

Մեր երկիրն ու ժողովուրդը ապրեցին մշտական թալանի ու սարսափի, դավադիր սպանությունների, քաղաքական հաշվեհարդարների, բնական հարստությունները օտարի չարաշահման տրամադրելու, և մեր անվտանգությունը դիվանագիտական սեղանին սակարկության դնելու աղետալի անկման մեջ։

Ազգային ու համաժողովրդական մեր երազներն ու հեռանկարները հետևողականորեն ոտնակոխվեցին՝ իշխանավոր ցեցերի գործած ազգային-քաղաքական և սոցիալ-տնտեսական կեղեքումների ու հափշտակությունների հետե-վանքով։

Ներքին Չարիքի ու ահագնացող անկման դեմ 2018թ․-ի ապրիլ-մայիսին ծավալվեց համաժողովրդական բուռն ապստամբություն, որն իր հավաքած հեղափոխական թափով, Հայաստանի հայության մեջ հզորացրեց հասարակական իրավահավասարության համար պայքարելու գաղափարը։

Համաժողովրդական ոչ-բռնի հեղափոխությունը ակնհայտ դարձրեց, որ վերանկախացյալ Հայաստանի Հանրապետությունում առաջացած քաղաքական խմբակցություններն ու կուսակցությունները, իրենց միանձնյա ղեկավարություններով, ի վիճակի չեն գործելու ժողովրդի ցավերը դարմանելու ուղղությամբ, ու մակաբույծի իրենց վարքուբարքով,  կողոպտում են ժողովրդին ու պետական սնդուկը և ծանր հարված են հասցնում հայությանը՝ ներառեալ սփյուռքահայության  ազգային ինքնուրույնությանն ու հավաքական ուժին։

ժողովրդի ցավերի նկատմամբ փաստորեն անտարբերություն եւ արհամարհանք են ցուցաբերում  առհասարակ բոլոր քաղաքական ուժերը՝ ներառյալ պատմական երկար ճանապարհ կտրած կուսակցությունները, որոնք անկարող եղան իրագործելու դեպի ժողովուրդը ուղղված իրենց հարյուրամյա գաղափարախոսության առաջադրանքները։

 2018ի համաժողովրդային ոչ-բռնի հեղափոխությունից հետո, հակառակ քաղաքական դաշտում իրենց դիմագրաված ժողովրդական ու քաղաքացիական մերժման, ու հակառակ ընտրությունների ընթացքում իրենց արձանագրած պարտություններին՝ իշխանության ղեկից դուրս նետվածները, իրենց թալանած հսկայական գումարներով, վարձկան քաղաքական գործիչներով ու հակակշվռած լրատվամիջոցներով՝ ձեռնարկում են գործող իշխանությունը վիժման ենթարկելու թշնամական ու պառակտիչ, ինչպես նաև հակապետական ամենօրյա համատարած արշավանք, որը նպաստում է Հայ ազգային պետականությունը հիմքից քանդելուն։

Դեմ հանդիման օրհասական այս վտանգին, իր հաղթական երթը շարունակելու և  ազատ ու ժողովրդավար, զարգացած, առաջադեմ և սոցիալական արդարության վրա հիմնված ազգային պետականությունն ամրապնդելու իր տեսլականը իրականացնելու համար՝ Անկախ և Ազատ Հայաստանը այսօր կարիք ունի հայ ժողովրդի գաղափարական բովանդակ ներուժին։

Այսօր, ինչպես անցնող 30 տարիներին, հայրենաբնակ մեր ժողովուրդը մղում է հետևողական պայքար՝ Հ․Հ․ պետական համակարգի մէջ թափանցած ցեցերից ձերբազատվելու, քաղաքական-հասարակական փտախտը արմատախիլ անելու, Հայաստանի քաղաքացու, հայ աշխատավոր և գյուղական դասի արժանապատիվ կյանքը երաշխավորելու համար։

Համաժողովրդական հեղափոխությունից երկու տարի անց, ժողովրդի վստահության քվեն ստացած Հայաստանի իշխանությունները գտնվում են վճռական ու արմատական քայլերով պետական կառավարման համակարգի ամբողջական բարեփոխման անհրաժեշտության առջև: Նոր Հայաստանի պետականության լիարժեք կայացմանը խոչընդոտում են նախկին փտած իշխանավորները՝ իրենց կազմակերպած քաղաքական ամենօրյա գրոհներով և տեղեկատվական ահաբեկչություններով: Իսկ իշխանությունների ձեռնարկած բարեկարգումների ընթացքը,  ինչպես նաև, նախկին փտած համակարգի մնացորդների հակապետական հարվածներին տրված ոչ վճռական պատասխանները չեն գոհացնում ժողովրդին, որ ամեն պատճառ ունի մերժելու ի՛ր հեղափոխության նպատակներից շեղումն ու տատամսոտ քայլերը։

 Հայոց Հայրենի Տունը ստի ու կեղծիքի չարիքներից մաքրելու դժվարին, այլեւ բախտորոշ զորաշարժին ու աշխատանքին զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը դիմագրավում են նաև իրենց անվտանգությանը սպառնացող արտաքին լուրջ մարտահրավերներին, որոնք հաղթահարելու միակ գրավականը համահայկական ներուժն է, որի արդյունավետ կազմակերպումը և ներառումը մեր օրերի անհետաձգելի հրամայականն է դարձել։

Ազգի ու Հայրենիքի համընդհանուր առաջընթացի, ինքնահաստատման և մաքուր ձեռքերով կառավարման ու հզորացման անկասելի այս զորաշարժին մեր ներդրումը բերելու հիմնական առաջադրանքից է ծնունդ առել «ՄԵՐ ՈՒՂԻՆ »:

Համահայկական այդ զորաշարժի թափը հզորացնող և երթը հունավորող գաղափարների խմորման, մեկտեղման ու բյուրեղացման և բազմակարծության ճանապարհով, ազատ ու անկաշկանդ զարգացմանն է կոչված ծառայելու  «ՄԵՐ ՈՒՂԻՆ » բնաբանով հարթակը:

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» ՝ Ազգային-ազատագրական, ընկերավարական, ժողովրդավարական և հեղափոխական աշխարհայացքից սնվող՝ համապատասխան արժեքների հիմքի վրա Հայաստանի ու հայության ամբողջական ազատագրության համար պայքարող բոլոր հոսանքների, խմբաորումների և հանձնառու նվիրյալների ներքին դաշնությունն ու միավորումը առաջադրող գաղափարական շարժում է։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» ՝ Հայ հասարակության մեջ իրավահավասարության հաստատման հանձնառու շարժում է, և առաջադրում է՝ հանրային ու պետական հատուկ հոգածության և պաշտպանության արժանացնելու ժողովրդի անկարող և տկար խավերին ու սեռի, տարիքի կամ դավանանքի հետևանքով իրավազրկված շերտերին՝ ապահովելու և ամրագրելու համար բոլորի լիիրավ մասնակցությունը Ամբողջական Հայ Ազգի և Հայաստան Հայրենիքի ազատ, անկախ և հզոր պետականության կերտման գործին։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» առաջադրում է՝ Հայոց Պետության հզորացման գործին լծակից դարձնելու ուժը, կարողունակությունը և հանձնառությունը բոլոր այն անհատների, շրջանակների և խմբաորումների, որոնք փնտրում են իրենց ներուժը լիարժեք նվիրաբերելու ազգային ծառայության այն անսակարկ ու անկաշառ ասպարեզը, որ վեր է հատվածական ու մասնակի շահախնդրություններից:

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» հավատում է Հայաստան-սփյուռքահայություն կենսունակ փոխներգործությանը։ Հավատում է, որ Սփյուռքի հայությունը ռազմավարական անփոխարինելի հենարանն է Հայաստանի պետականության համար, և նրա ռազմավարական գլխավոր գործընկերը: Փոխադարձաբար, սոցիալական արդարությամբ օժտված, տնտեսապես ուժեղ և համահայկական օրակարգով առաջնորդվող Հայաստանի ազատ ու անկախ ազգային պետականությունը՝ իր բոլոր միջոցներով, պիտի հասնի աշխարհատարած հայության հոգեբարոյական, մշակութային, կրթական և այլազան կարիքների բավարարմանը:

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» կենսական կարևորություն է տալիս չորրորդ իշխանության պաշտպանությանը՝ ամեն կարգի ճնշումներից և տեղեկատվական միջոցների մենաշնորհներից։ Զորակցում է ժողովրդի իրավունքներն ու պահանջները լսելի դարձնող անկախ մամուլին, մամլո պատասխանատու ազատությանը։

Ժողովրդի և նրա հաստատած իշխանության դեմ տեղեկատվական տեռոր գործադրող ուժերը և նրանց ենթակա զանգվածային լրատվամիջոցները դիտում է որպես վտանգաոր սպառնալիք մեր պետականության լիարժէք կայացման համար։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» համահայկական գերագույն արժէք է դավանում Հայսատանի Հանրապետության լիարժեք զարգացումն ու անվտանգությունը՝ վերամիավորված Արցախով և Արևմտյան Հայաստանի բռնագրավյալ հողերով։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» ճանապարհ է ելել՝ թափանցիկ քննարկման և հանդուրժողական մոտեցման հանձնառությամբ լուծումներ որոնելու Ազգի և Հայրենիքի դիմագրաված հիմնական մարտահրավերներին, տեսակետների բախման և բաց մտքով բանավեճի միջոցով մեր երթը նպատակասլաց պահելու նախանձախնդրությամբ։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» իր գործունեությունը հունավորում է ապակենտրոնացման սկզբունքով՝ բացառելով որևէ բնույթի իշխանության և ուժի կենտրոնացման ամեն ձգտում, և նաև ընդհակառակն՝ հիմնվում է հանրային հակակշիռների ի թափանցիկության- հրապարակային հաշվետվության, ժողովրդավարության, խոսքի ու մտածումի ազատության, հանդուրժողականության սկզբունքների վրա։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» Հայաստանը համարելով հայության բոլոր ճանապարների և ուղղությունների հանդիպման անփոխարինելի խարիսխը՝ իր երթը  խարսխում է հայ ժողովրդի աշխարհասփյուռ գոյավիճակը հաշվի առնելու հրամայականին և այս վերջինի ընձեռած կարելիությունների վրա և, ըստ այդմ էլ,  հանդիսանում է քաջալերողը՝ համահայկական օրակարգի վերջնական ձևավորմանն ու որդեգրումին՝ միասնական ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ շուրջ համախմբելու հայեցակարգով։

Հավատում է, վերջապես, հանգրվանային ու կազմակերպված հայրենադարձության հրամայականին։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» հանդես է գալիս իբրև համահայկական օրակարգով առաջնորդվող քաղաքական-գաղափարական համախմբում, որի ներկա հանգրվանի առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության բարգավաճմանն ու հզորացմանը ծառայելն է՝ գերագույն առաջադրանք ունենալով համահայկական ներուժի լարումն ու լիարժեք և առավելագույն զորաշարժը՝ հանուն հայ ազգի քաղաքական և սոցիալական պահանջների նվաճման․

Հանուն Հայաստանն ու Հայությունը միավորող հայահավաքի ու հողահավաքի միասնական մեծ տեսլականի հանգրվանային իրականացման:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *