սոց ցանց

Պետք չէ անցյալը փորձել ներկայի դեմ օգտագործել

Հրանտ Տէր-Աբրահամեան իր դիմատետրի էջով կը գրէ՝



Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գրառումն աչքովս ընկավ՝ մայիսի 28-ի, Սարդարապատի և հարակից թեմաների մասին: 

Գրառման մեջ կային բավականին կարևոր մտքեր, որոնց հետ հնարավոր չէ չհամաձայնել: 

Բայց բնականաբար գրառման մեջ կար և որոշակի ենթատեքստ, որը մի կողմից կապված է ներկա քաղաքական իրավիճակի հետ, մյուս կողմից էլ՝ անցյալի սխալ գնահատակնի վրա է հիմնված: 

Նախ՝ ուրախ եմ, որ վերջապես մեզանում սկսել են գիտակցել և խոսել, որ Սարդարապատի ճակատամարտը ոչ թե տարրերային պոռթկման, այլ կազմակերպված ջանքի արդյունք էր: Չափազանց կարևոր է ունենալ պատմական դեպքերի նման հասկացություն: Ինքս տարբեր առիթներով փորձել եմ այդ միտքը շեշտել, ձևակերպել՝ չգիտեմ, որքանով հասանելի և ազդեցիկ են եղել այդ փորձերս: 

Բայց այսքանը հասկանալն ու շեշտելը դեռ քիչ է: 

Պետք է հասնենք հիմա հաջորդ փուլի՝ հասկանալու համար, որ Սարդարապատի ճակատամարտը ոչ թե պարզապես կազմակերպվածության, այլ կազմակերպված ժողովորդական շարժման արդյունք էր: Ոչ թե միայն անհատների ջանք էր, այլ՝ կազմակերպված զանգվածների: Ոչ թե պրոֆեսիոնալների, այլ՝ հեղափոխականների ու հեղափոխական պայքարի դպրոցն անցած առաջնորդների՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: 

Սա չափազանց կարևոր է: 

Սարդարապատին նախորդել է ժողովորդական զանգվածային շարժում, հանրահավաքային շարժում, որը պարտադրել է և հայոց բանակի պրոֆեսիոնալներին, և Երևանի Ազգային խորհդին պայքարի, դիմադրության և հաղթանակի գիծը: 

Այս շարժումն էլ օդից չի ծնվել, այլ դրա միջուկը կազմել են Երևան գաղթած վանեցիները: Ոչ թե որովհետև վանեցիներն ավելի քաջ են իրենք իրենցով քան բուն երևանցիները, այլ որովհետև Վանն եղել է Հայկական հեղափոխության կենտրոնը, ուր մարդիկ տարիներով կազմակերպվել են այդ թվում որպես ռազմական ուժ: 

Ազգային-ազատագրական պայքարի կամ ինչպես այն ժամանակ ասում էին՝ Հայկական հեղափոխության փորձն է եղել այն հիմքը, որի վրա աճել է Սարդարապատի հաղթանակը: Այն պայմաններում, երբ պրոֆեսիոնալ ռուսահայ սպաներն այլ ելք չեն տեսել բացի նահանջից: 

Հեղափոխություն բառն այստեղ պատահականություն չէ: 

Հեղափոխությունը ոչ թե հեղաշրջում է նշանակում, ոչ էլ ինքնին զինված կամ անզեն պայքար: Հեղափոխություն նշանակում է՝ ժողովրդական զանգվածների ներգրավում, կազմակերպում և քաղաքական ու ռազմական գործոնի վերածում: Հենց հայ գյուղացին՝ կազմակերպված երիտասարդ հայ մտավորականության սերուցքի կողմից դարձավ այն գործոնը որն ի հակադրություն հայ «ջոջերի» կարողացավ իր արյամբ նվաճել անկախությունը ու գծել Հայաստանի սահմանները՝ որքանի որ կարողացավ՝ չստանալով հայ քաղքենիության որևէ աջակցություն: 

Ուրեմն, Սարդարապատի մասին գրելուց չի կարելի անտեսել ոչ միայն կազմակերվածության, այլև՝ ժողովրդականության գործոնը: 

Արամ Մանուկյանն ասում էր՝ ես ոչինչ եմ առանց ժողովրդի: 

Հիշողությամբ եմ մեջբերում, բայց սա սովորական համեստություն չէր, այլ ազգային-հեղափոխական գործչի խորն ապրված ինքնագիտացություն, որն այդքան պակասում է այսօր ազգայինից խոսացող, բայց ազգայինի հայկական ընկալման կերպը մոռացած մեզանից շատերի համար: Հայկական ազգայինը ժողովորդական է, դեմոկրատական է, հեղափոխական է ու ոչ երբեք ժողովորդականին հակադրվող: 

Սա հիմնարարի մասին: 

Մի նկատառում էլ: 

Պարոն Գասպարյանի երկար տեքստի մեջ կար նաև այպիսի արտահայտություն՝ Առաջին Հանրապետության անկման պատճառների ցանկում, կարծես, իմիջայլոց հիշատակվում է թշնամանքը Ռուսաստանի նկատմամբ: 

Նախ՝ այդպիսի թշնամանք Հայաստանում չկար: Թշնամանք կար Հայաստանի նկատմամբ ռուսական այն ժամանկվա քաղաքականության կողմից: Հայաստանում կար միայն դրա ստիպողական արձագանքը, այն էլ՝ միայն 1920-ի երկրորդ կեսում: Պետք չէ մեր անցյալի գործիչներին վերագրել՝ անմտություն և խելագարություն: Նրանք հակաոռւս չեն եղել: Բայց դիմադրել են ռուսական քաղաքականությանն ու այդ դիմադրության արդյունքներից է, օրինակ այն, որ այսօր Հայաստանի կազմում ունենք Զանգեզուրը, Արարատյան դաշտը և այլն: Սրա մասին մանրամասն իմ առաջիկ հրապարակներում կարող եք կարդալ: 

Պետք չէ նաև անցյալը փորձել ներկայի դեմ օգտագործել: 

Այսօր էլ Հայաստանում չկա թշնամանք Ռուսաստանի դեմ: 

Պարզ է, որ ձեր երկար տեքստի քաղաքական մեխերից մեկը հենց նման ակնարկ անելն էր՝ իբր կա հակառուսականություն այսօր և դա կործանարար է: Կա ոչ թե հակառուսականություն, այլ նեոբոլշևիմզ՝ էլիտաների մի մասի հույս՝ իշխանության վերադարձի ռուսական թիկունքով: Ցավոք, այդ հույսի մասին է պատմում ձեր փոքրիկ սայթակումը՝ «թշնամանք ռուսների դեմ» ակնարկը: Ցավում եմ, բայց դուք պետք է իմանայիք որպես վճռական մենակի նժդեհյան խոսքըմեջբերող, որ արտաքին թիկունքի վրա հույս դնողն անխուսափելիորեն պարտվելու է: Մայիսյան ապստամբության 100-ամյակին՝ նոր մայիսյան ապստամբություն չի լինելու: 

Հ.Գ. Վճռական մենակ արտահայտությունը ոչ թե Վազգեն Սարսգյանինն է, այլ Նժդեհինը: Այն Նժդեհինը, որն այդ կարգախոսը կերտել է իր պայքարով ընդդեմ բոլորի, այդ թվում՝ ռուսական ներխուժման Սյունիք: Սա է վճռական մենակ հղացքի իմաստը՝ եթե պետք լինի դիմադրել բոլոր ճակատներով: Եթե համաձայն չեք սրա հետ, մի օգտագործեք դա: Եթե համաձայնեք, մի վախացրեք մեզ ռուսներով, վրացիներով, ամերիկացիներով, նորզելանդացիներով: 

Ի դեպ, ինչո՞ւ եք դուք, և ձեր ամառանոցի այցելուները մենակ թողել Նժդեհին: Ինչո՞ւ հրապարակավ չեք պաշտպանում նրա անունը հայտնի տեղից եկող ոտնձգություններից: 

Եվ օգտվելով առիթից ևս մի հարց՝ ինչո՞ւ էիք այդքան լուռ 2018-ի գարնանը: 

Մի հետգրություն էլ՝ մեկնաբանության մեջ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *