Հայաշխարհ

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

ԱՐԱՅԻԿ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» պայքարում է մեր կյանքում տեղ գտած երկակի ստանդարտների դեմ, որոնք գաղափարը վերածում են կեղծիքի, և կեղծիքը մատուցում գաղափարի փոխարեն:

“……Դուք իմ մասին բամբասել եք, որ ես այժմ մատերիալիստ եմ դարձել։ Կյանքն է ինձ այդպես դարձրել։ Ես համոզվել եմ, որ եթե ես այդ օրը մի ռուբլի ունեմ գրպանումս ճաշելու համար, ապա իմ գրական աշխատանքը շատ ավելի գեղեցիկ է ստացվում։ Դուք ևս այդքան դժվարություններ քաշելով մի՞թե մինչև հիմա չհասկացաք, որ փողը լավ բան է….”

Այս տողերով էր Րաֆֆին դիմում Գրիգոր Արծրունուն։ Եվ հենց այս տողերում տհաճ ճշմարտություն կա, որ մենք դժվար ենք կուլ տալիս։

Խնդիրը մեր երկակի ստանդարտներն են։

Մենք փողի մոլուցքից մեզ կորցրել ենք ու փողը դարձրել մեզ համար նպատակ, հանուն որի զոհում ենք մեր անձնական կյանքը, մեր բարոյական արժեքները, տրորում ուրիշներին և դա արդարացնում, որ «իմ միակ ունեցածը աշխատանքն է։» Բայց հիմա կարիերիստական բարոյախոսությամբ չեմ զբաղվի, քանի որ հարցը դա չէ։

Երկրորդն այն է, որ մենք այդքան շատ փող սիրելով հանդերձ՝ դիմացինից պահանջում ենք աստանդական նվիրվածություն, ճգնավորի կենցաղ ու կրոնավորի ֆանատիզմ։ Ու գտնում ենք, որ դիմացինը պիտի ապրի աբստրակտ արժեքներով և ուրախ լինի, որ լրիվ անվճար(կամ վիրավորական կոպեկներով) աշխատում է մեզ համար, իսկ մենք պիտի ստանանք ամեն ինչ և վայելենք այդ աշխատանքի նյութական հատվածը։

Ես շատ անգամներ եմ առճակատման մեջ մտել թե՛ ընկերների, թե գործատուների հետ։ Հիմնական պատճառը եղել է անհամաչափ բաշխումը՝ ընդ որում բոլոր առումներով։ Նրանք միշտ առաջարկել են շատ աշխատանք և քիչ վարձատրություն։

Առաջացել է կոնֆլիկտ այն առումով, որ երբ ինձ ինչ որ դժվար պահի աշխատանք են տվել, ապա ձգտել են քամել ու քերել ինչքան հնարավոր է ու երբ չեմ համաձայնվել, դա երախտամոռության որակում է ստացել։

Ի՞նչ իմաստ ունի մարդուն փրկել՝ կործանելու նպատակով։

Նորից եմ կրկնում, հարցը բարոյախոսությունը չէ և ոչ էլ տնտեսության կապիտալիստական մեթոդը, այլ ամեն մեկիս անձնական պատասխանատվությունն ու մոտիվացիան։

Դա հատկապես երևում է կամավորական աշխատանքներում, երբ մի որոշ ժամանակ անց զգում ես, որ մի բան այն չէ։ Եվ զարմանքով տեսնում ես, քո հետ աշխատողներից ոմանք սկսել են թանկարժեք աքսեսուարներ կրել, ավելի լավ հագուստ, կամ ավելի լավ մեքենա։

Ինձ զայրացրել է, ոչ թե այդ պարզամիտ գողությունը, այլ որպես նպատակ դրված գաղափարի այլանդակումն ու երկակի ստանդարտները, որով առաջնորդվել ու առաջնորդվում են իմ ներկա ու նախկին գործընկերներից շատերը։

Բարիքների բաշխման հարցը միշտ է խնդիր եղել, բայց եթե մենք այսօր ևս նույնքան ագահ ենք, ինչքան 14 հազար տարի առաջ, ուրեմն ինչ որ բան այն չէ։

Ես վաղուց արդեն չեմ զարմանում, որ ամենամեծ գողերը ամենագաղափարական կառույցներում են, ինչպես օրինակ եկեղեցի կամ պետական ապարատ։

Ես այլևս չեմ զարմանում, որ աշխատանքի ամենազզվելի շահագործումը կատարվում է այդ աշխատանքը պաշտպանելու կոչված սոցիալիստական կառույցներում (կուսակցություններ, հիմնադրամներ, հասարակական կառույցներ և այլն)։ Ու ամեն անգամ, երբ տեսել եմ, թե ինչ հրեշային ու աղաղակող անարդարություն է, առաջին ցանկությունս թողնել հեռանալն է եղել։

Հանդիպել եմ նաև մի ուրիշ խնդրի, որը մենք չենք ընդունում։ Դա «բարի աղքատի ու չար հարուստի» մասին լեգենդն է։

Հաստատ գիտեմ, որ իմ ճանաչած «բարի ու ազնիվ » աղքատներից շատերը ավելի դաժան կլինեն, քան այն հարուստները, որոնցից բողոքում են։

Բայց նաև գիտեմ, որ հարուստներից շատերը (հատկապես երբ այդ հարստությունն անձնական ու ազնիվ ձեռքբերում չէ, այլ ճակատագրի նվեր) այնքան լկտի են, որ իրենց թույլ են տալիս Աստծուն հավատալ միայն այն ամիս, երբ իրենց բաժին ափսեում ուտելիք կա։

Ինչևէ։ Խնդիրը միշտ եղել է ու կլինի, քանի դեռ մարդկային հասարակությունը չունի գիտակցական ավելի բարձր մակարդակ ու ավելի հասկանալի նպատակ։

Վերջում ուզում եմ դիմել բոլորին ու խնդրել, որ դիմացինի մեջ ոչ միայն արտադրական միավոր տեսնեն, այլև մարդ, որովհետև«պլատֆորմը» շարժվում է, ու չգիտես թե որ աստիճանում ես լինելու հաջորդ էտապում, բայց պիտի իմանաս, թե ով ես եղել և ՜այն ժամանակ և ՜ հիմա։

Դե իսկ գողերն մանր -մունր որդերը միշտ էլ շուտ են սատկում։ Հատկապես գաղփաարը ծակող ու ներսից ուտող որդերը։

    

One Response to “ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ”

  1. ԱՆԺԵԼԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Reply

    ողջունում եմ․․․գերազանց էր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *