Հայաշխարհ

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

«Օտար ուժերը իրենց թիրախ հանդիսացող ազգին խփում են հենց ազգային մշակույթից, ջանում ջրիկացնել, լուծել օտար տարրերում»․․․

ԷԴՄՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեր օրերում բավական հաճախ կարելի է լսել «Ազգային գաղափարախոսություն» արտահայտությունը, որն օգտագործվում է թե՛ գիտական շրջանակներում, թե՛ հասարակական միջավայրում: Հաճախ օգտագործվող և միանշանակ չընդունվող այս արտահայտությունն ավելին է, քան սոսկ բառակապակցությունը: Գաղափարախոսությունը գաղափարների համակարգ է, այն իր մեջ կրում է ժողովրդի պատմությունը, հոգևոր-մշակութային արժեքները, կենսափլիսոփայությունը: Բոլոր ժողովուրդներն ունեն իրենց ազգային գաղափարախոսությունը՝ իրենց բնորոշ եզրահանգումներով:

Օրինակ Հայ ազգային գաղափարախոսությունը հին է այնքան, որքան որ հայ ժողովուրդը, այն ենթագիտակցորեն ձևավորվել է դեռևս այն փուլում, երբ Հայկական Լեռնաշխարհում առաջավորության համար պայքարող ցեղերը հետզհետէ մերձենում էին միմյանց՝ որը ձուլվում էր մյուսին, որն էլ դաշնակցային կապեր հաստատում: Այդ ամենն անհնար կլիներ, եթե չլիներ նրանց հոգևոր-մշակութային արժեհամակարգի ընդհանրությունը, որը տարատեսակ հանգամանքներով է պայմանավորված եղել: Արդյունքում առաջացած երևույթը՝ հայ ժողովուրդը, կատարյալ կերպով, դարերի ընթացքում մշակեց և լրացրեց իր գաղափարախոսությունը: Նրա մշակման գործում խոշոր, առանցքային դեր են կատարել հատկապես երեք անհատ՝ Մովսես Խորենացին, Նիկողայոս Ադոնցը և Գարեգին Նժդեհը:

Ազգը կենդանի օրգանիզմ է, պատմաէթնիկական կատեգորիա: Յուրաքանչյուր ազգի գոյապահպանման համար անհրաժեշտ են հետևյալ ազգային գործոնները՝ լեզու, մշակույթ, պատմական հիշողություն, մտածողություն, ինքնագիտակցություն,  բնավորություն, հոգեկան կերտվածք, նկարագիր, հայրենասիրություն, հպարտություն, ոգի, կրոն, ճաշակ, կենցաղ, էթնիկական ավանդույթներ ու սովորություններ, ընտանիք: Ահա ազգային գաղափարախոսությունն ամբողջացնող հատկանիշների շարքը, որն իր մեջ ներառում է այն որակներն ու պայմանները, որոնք անհրաժեշտ են ժողովրդի կենսապահովման համար:

Ազգային գաղափարախոսությունը նաև ժողովրդի բարոյական նկարագիրն է, որն ընդհանուր հաշվով երբեք բեկումնային փոփոխություններ չի կրել ժամանակի ընթացքում՝ անկախ կրոնական, հասարա-քաղաքական, կամ մշակութային ազդեցություններից:  Այն ինչ սուրբ էր հազարավոր տարիներ առաջ, սրբություն է նաև այսօր և այն ինչ խորթ է եղել հիմնական փիլիսոփայությանը՝ խորթ և արգելված է առ այսօր: Այս ամենի լիակատար փոփոխումն է, որ կարող է բերել ազգային գաղափարախոսության խեղման, որը և ազգի մահվան դատավճիռն է:

Անշուշտ ժամանակակից երևույթների հետ շփումը ենթադրում է հարմարեցում և ընդունում, բայց դա չի խանգարում պահպանել յուրահատկությունն ու ինքնատիպությունը, որով և ազգը առանձնանում է մյուսներից այնպես, ինչպես անհատն է, որ միակն է ու անկրկնելի՝ իր ֆիզիկական կարողությամբ ու մտավոր ունակություններով, իր հոգեկերտվածքով ու բարոյահոգեբանական արժեհամակարգով: Այդ ամենը վերաբերվում է նաև ազգին:

Ազգային գաղափարախոսության մեջ հատուկ տեղ են գրավում հայրենասիրությունն ու ազգասիրությունը: Տարբեր ժամանակներում տարբեր կերպ են մեկնաբանվել այս տերմինները, հատկապես ազգասիրությունը, որը հաճախ նույնացվել է ազգայնամոլության հետ, որն էլ անհատին ստիպում է պաշտել ազգն ու ատել մյուսներին: Ազգայնականությունը և ազգայնամոլությունը հենց դրանով են տարբերում, որ մեկը դրդում է սիրել ազգն ու ապրել հանուն նրա, մյուսը՝ պաշտել ազգն ու ատել մյուսներին:

Առանց հայրենասիրության չկա հայրենիք:

Կարևորվում է նաև ազգային պետություն տերմինի արտահայտած իմաստը. Ազգի բնականոն զարգացման համար կարևոր է անկախ պետության գոյությունը, առանց որի վտանգվում է նրա գոյությունը: Եվ հենց ազգային պետության շահերն են գրեթե միշտ համընկնում ազգային գաղափարախոսության հետ: Իսկ եթե դեպքերի բերումով ազգի տարածքը տրոհվում է մեկ կամ մի քանի մասի, դա դեռ չի նշանակում, որ հայրենիքը կործանված է, կամ հայրենիքը մի քանիսն են:

Վերը նշված գաղափարների պահպանումն ու կիրառումը ապահովում են գաղափարախոսության կենսունակությունն ու ազգի հետագա կյանքի ընթացքը: Այս պայմաններում կարևոր ազդեցություն ունեն աշխարհաքաղաքական գործոնները, որոնցով հաճախ պայմանավորված՝ գաղափարախոսությունը ստանում է այս կամ այն երանգը: Գաղափարախոսության նպատակն ու իմաստը դրանից չի փոխվում, բայց կարող են փոխվել դրա կիրառման առանձին տարբերակները: Գաղափարախոսությունն էլի մնում է այն արժեքային համակարգը, որը ձևավորել, ուղղորդել է ազգի կյանքն ու ընթացքը, ինչպես նաև ձևավորել նրա մշակույթը, որը ազգի պահապան կարևորագույն գործոններից է: Չկա ազգն առանց ազգային մշակույթի, չկա հայրենիք, չկա հայրենական, եթե չկա ազգային մշակույթ, որի մեջ խտացված են ազգային գաղափարախոսության բոլոր գծերը և որով արտահայտված արժեքները բխում են ու արտացոլվում գաղափարախոսությունից: Հենց դրա համար են օտար ուժերը իրենց թիրախ հանդիսացող ազգին խփում հենց ազգային մշակույթից, ջանում ջրիկացնել, լուծել օտար տարրերում, հարկադրել օտար ու ցածր արժեքներ և հենց ազգային մշակույթի անաղարտությունից են նաև կախված ազգային գաղափարախոսության մաքրությունն ու կենսունակությունը:

Այսպիսով կարելի է ասել, որ բոլոր ժողովուրդներն անխտիր պայքարում են ազգային գաղափարախոսության չլուծված հիմնախնդիրների համար: Այն հիմնախնդիրների, որոնք բեռ և պարգև են միաժամանակ, ջանում են լուծել այն խնդիրները, որոնք սպառնում են իր միասնությանն ու մաքրությանը, իր արժեհամակարգին: Իսկ այն ուժերը, որոնք հրաժարվում են խնդիրների լուծումից, փախչում դրանցից, դրանք ապազգային և պարտվող հատվածն են, որոնցից զերծ չէ ոչ մի ժողովուրդ և որոնց դեմ առաջին հերթին պիտի լինի պայքարը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *