Միջազգային

Իրան-Արևմուտք հակադրություն օղակն ավելի սեղմվում է

ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ       

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA- МагАтЭ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, գործակալության կառավարիչների խորհրդի 15 հունիսի 2020 թվականի նիստում զեկուցել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն չորս ամիս է երկու կասկածելի տարածքների ստուգումը  չի արտոնում: Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձեց հարցը փոխադրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ, որի դեպքում Իրանի դեմ պատժամիջոցներն ավելի կխստանային: Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի միասնական բանաձևի շնորհիվ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը վերջին զգուշացումը տվեց Իրանին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին ստուգման արտոնություն տալու համար: Բանաձևին Ռուսաստանն ու Չինաստանը դեմ քվեարկեցին: 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ պլան (Joint Comprehensive Plan of Action)-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո (մայիս 2018), Իրանն այդ պլանում մնալով հանդերձ, փորձագետների կարծիքով շեղվել է իր որոշ պարտավորություններից և ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի համաձայն իր հարստացրած ուրանի թույլատրելի 300 կգ չափաբաժինը հասցրել է 1500 կիոգրամի և ավելացրել է իր ցենտրիֆուգների քանակը: Իրանը միջազգային փորձագետների տեսադաշտից թաքուն է պահում նաև միջուկային փորձարկումների մի շարք կենտրոններ:

Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ պլանը ստորագրած մյուս երկրներն են Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունն ու նաև Եվրոմիությունը, որոնք չեն հետևել ԱՄՆ-ի օրինակին և փորձում են այդ ձևով զսպել Թեհրանին, մինչդեռ Վաշինգտոնը պահանջում է Իրանի հրթիռային արդյունաբերության և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ սահմանափակումները ևս ավելացնել նոր համաձայնագիր-պլանում, որը Թեհրանը մերժում է: Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ պլանն ամրագրված է նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 2231 բանաձևով (United Nations Security Council Resolution 2231): Այդ բանաձևը մինչև 2020 թվականի հոկտեմբեր երկարաձգում է նաև Իրանին զենք վաճառելու արգելքը, որը կիրառվել է 2007 թվականից: Իրանը լիահույս է այս աշնան կվերանա այդ արգելքը և ինքն այլևս կկարողանա զենք գնել ու թերևս արտահանել: ՄԱԿ-ի այս բանաձևը նախատեսում էր նաև մեղմացում. Իրանին կամ նրան զենք մատակարարողին  թույլ էր տալիս զենքի առքուվաճառքի գործարքի համար դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին: Ռուսաստանն օգտվելով այս կետից ստացավ թույլտվություն և իրագործեց նախապես արգելքի տակ գտնվող ռուսական S-300 զենիթահրթիռային համալիրի Իրանին վաճառելու գործարքը: Անցնող 13 տարվա ընթացքում սա Իրանին զենք վաճառելու միակ դեպքն է:

ԱՄՆ-ն հիմա քանի ուղղությամբ փորձում է պատրաստվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի աշնան նիստին և հասնել Իրանին զենք վաճառելու վրա դրված արգելքի երկարաձգման բաղձալի որոշման: ԱՄՆ-ին սպառնում են վետոյի իրավունք ունեցող երկրները և հատկապես Ռուսաստանն ու Չինաստանը ու նաև Եվրոմիությունն ու Եվրոպական եռյակը: Սրանք բոլորն էլ Իրանում ունեն իրենց առանձին շահերը և պատրաստ չեն «Թրամփի չվանով հոր մտնել»: Մասնագետների կարծիքով Սպիտակ Տունն հնարավորություն ունի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ պլանի միջոցով գործը հասցնել ՄԱԿ: ՄԱԳԱՏԷ-ն (Международное агентство по атомной энергии) կարող է Իրանի կողմից ստեղծված ստուգման արգելքները հիմք ծառայեցնելով դիմել ՄԱԿ-Ի ԱԽ-ին: ԱՄՆ-ը իրավաբանորեն իրեն դեռ Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ պլանի անդամ է համարում և կարող է «Ձգանի մեխանիզմ-Trigger mechanism»ը կիրառելով Իրանին պատժելու հարցը տեղափոխել ՄԱԿ: Այդ պլանի 36-րդ և 37-րդ հոդվածի համաձայն «ձգանը սեղմելու» (հարցը ստորագրած երկրների ուշադրության հանձնելու գործընթացը սկսելու) 35-րդ օրը խնդիրը հանձնվելու է ՄԱԿ-ի ուշադրության: Եվս երրորդ պատճառ՝ «Ռոյթերս» լրատվականը հաղորդել է, որ ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը Անվտանգության Խորհրդին ներկայացրել է մի զեկույց, որի համաձայն նախորդ տարի Սաուդական Արաբիայի նավթահորերի վրա արձակված հրթիռներն ունեցել են «Իրանական ծագում» (https://www.reuters.com/article/us-iran-usa-un/arms-seized-by-u-s-missiles-used-to-attack-saudi-arabia-of-iranian-origin-u-n-idUSKBN23J08C). սա փաստվելու դեպքում ԱԽ-ի կողմից դիտվելու է որպես ՄԱԿ-ի թիվ 2231 բանաձևի խախտում:

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի աշնան սպասվող նիստը համընկնում է ԱՄՆ նախագահական ընտրությունների բուռն քարոզարշավին: Գործող նախագահ և թեկնածու Դոնալդ Թրամփը, նոյեմբերի ընտրությունների համար կարևոր հաղթաթղթերի պետք ունի, որոնցից մեկը կարող է լինել նաև Իրանի հետ նոր և ԱՄՆ շահերին համահունչ համաձայնագիրը: Նա չի թաքցնում իր այս ցանկությունը և կրկին անգամ հայտարարել է Օկլահամայի հետկորոնայի իր առաջին քարոզարշավի ժամանակ: Թրամփն Իրանին առաջարկել է հիմա՛ նոր համաձայնագիր կնքել, քանի որ «Իր վերընտրվելուց հետո ավելի թանկ է վճարելու» (https://ir.voanews.com/persiannewsamerica/us-trump-rally): Իսլամական Իրանը թեկուզ կքում է պատժամիջոցների սաստիկ բեռան տակ, դժվարանում է նավթ վաճառել, քայքայվել է տնտեսությունը և գահավիժում է ազգային արժույթը, բայց դեռ դիմադրում է և ինքն էլ փորձում է ԱՄՆ նախագահական ընտրությունների խաղաքարտից օգտվել և «թանկ վաճառվել»:

Սպասենք դեպքերի հետագա զարգացմանը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *