Հայաշխարհ

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ


Գեւորգ Սարյան

Պայմանական նմուշ՝

Խորհրդային ժամանակաշրջանին, պարոն Արամ Արամյանը, երեք զավակներու հայր, ո՛չ խմող, ո՛չ խաղամոլ, գործից տուն, տնից գործ, հարեւաններից հարգված, կինը տանտիկին, խնայող, առաքինի, զավակները լավ սովորող, լավ դաստիարակված, իսկ եկամուտը այդ տարիների համար չափավոր, դրա համար ծխախոտի գործարանից՝ որտեղ աշխատում էր, օրական մի 100-200 գլանիկ էր փախցնում-վաճառում, որպեսզի ընտանիքի տնտեսական վիճակը բարելավի․․․

Մի խոսքով՝ այդ ժամանակների համար իդեալական հայր եւ, այդ ժամանակներում, ուրիշ կարծիք չէր էլ կարող լինել։

Իսկ նրանք՝ ովքեր փախցնել-վաճառելու ՇՆՈՐՀՔ չունեին, խեղճ եւ ապիկար էին համարվում։

Բայց՝

Իրականությունն այն է, որ ե՛վ իրավական, ե՛վ մանավանդ ԲԱՐՈՅԱԿԱՆ չափանիշներով, պարոն Արամ Արամյանը ԳՈՂ է։

Եվ այսպես, Խորհրդային Միությունը քանդվեց, բայց նորանկախ Հայաստանի իրերահաջորդ իշխանությունները չկարողացան ձերբազատվել հին՝ խախտված բարոյական չափանիշներից, հետեւաբար չէին կարող նաև հասարակությունը ուղղորդել դեպի ճիշդ՝ անխախտ բարոյական չափանիշներ, մինչև որ մեր ԱԶԳ-ԸՆՏԱՆԻՔի գերակշիռ հատվածը ինքը կողմնորոշվեց դեպի բարոյական ճիշդ չափանիշներ ու անվերադարձ մերժեց խախտված բարոյական չափանիշներ կրողներին․․․

Սակայն տարօրինակորեն, մերժվածներն ու նրանց հետ համագործակցած եւ համագործակցող անհատները, դեռեւս փոփոխվելու ոչ մի նշույլ չեն ցուցաբերում, այլ ընդհակառակը՝ նույն խախտված բարոյական չափանիշներով շարունակում են գործել։

Այլապես՝

– Ինչպե՞ս բացատրել ԲՀԿ-ի ղեկավարին շրջապատած մակաբույծների դրսեւորումները, որոնց համար նման հավատարմագիր գրելը սեփական արժանապատվության ոտնահարում չէ, այլ սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց՝ «շնորհք»․

– Ինչպե՞ս բացատրել իրենց ղեկավարի հասցեին շռայլվող գովաբանական խոսքերը (ԿԵՆՏՐՈՆ հեռուստակայանը ճիշդ Հաֆեզ Ասադի ժամանակաշրջանի Սիրիական հեռուստակայանը կհիշեցնէ), չնայած շատ լավ գիտեն, որ ոևէ առաջնորդ, առնվազն մեկ լեզվի պետք է տիրապետի (էլ չեմ ասում օտար լեզվի)։

– Ինչպե՞ս բացատրել Միքայել Մինասյանի, Քոչարյանի, Շարմազանովի, Աշոտյանի և այլոց շարունակվող հոխորտալից ելույթները, որտեղ՝ կոռումպացված համակարգին մաս կազմելու առումով, ամոթի ոչ մի նշույլ չկա։

Առակս ի՞նչ կ՚ուսուցանէ։

ԱԶԳ-ԸՆՏԱՆԻՔի մեծամասնության կամքով ձեռք բերված անխախտ բարոյական չափանիշներով ապրելու համակարգը անդառնալիորեն պետք է արմատավորվի այնքան, որ բարոյական խախտված չափանիշներով ապրել շարունակողները նոր համակարգին չհարմարվեն եւ, հետեւաբար, կա՛մ ապաշխարհեն, կա՛մ համակարգից դուրս մղվեն։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *