Հայաշխարհ

Ինքնության տեսակները արդի Հայաստանում

ԷԴՄՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Առաջին անգամ ՀՀ բնակչության մեջ ձևավորվում է ինքնության մի նոր տեսակ` քաղաքացիական ինքնություն, որի կրողները սկսում են վարքի, արժեքների ի սկզբանե վերագրվող` խմբային տիպերից և ստատուսներից անցնել գիտակցաբար ընտրվող և անհատական տիպերի:

Այս նոր ինքնությունը հաճախ ձևավորվում է էթնիկ ինքնության այլափոխման (տրանսֆորմացիայի) ճանապարհով և այդ ճանապարհին ընկած տարբեր փուլերի կրողների միջև երբեմն բախումներ են լինում:

Հարցազրույցների և համացանցային այլ նյութերի հիման վրա առանձնացրել ենք 3 հիմնական խումբ` «հայ», «հայ և ՀՀ քաղաքացի», «ՀՀ քաղաքացի» տիպերը:

Բոլոր կողմերն էլ կարծում են, որ առաջնային խնդիրը միավորված կերպով բարձրացված խնդիրը լուծելն է:

Ինքնությունը ձևավորվում է հիմնականում ի հակադրություն պայքարի թիրախի: Կամ` ինչպես Պ. Բուրդիեն է սոցիալական իրականությունը ձևակերպում (ռեպրեզենտացնում) երկչափ երկրաչափական պատկերի միջոցով` կենսական դաշտում հնարավոր է զբաղեցնել մի քանի իմաստավորված դիրքեր, որոնցից յուրաքանչյուրը որոշակիացվում է մյուսների հետ հարաբերությամբ: Այսինքն` ինքնության դաշտը կազմված է անհատների դիրքերի հակադրությունից:

– Նրանք, ովքեր իրենց առաջնային ինքնությունը մատնանշում են հայ լինելը, իրենց կոլեկտիվ ինքնությունը ձևավորում են արտաքին թշնամու (թուրք, ադրբեջանցի) հարաբերությամբ և պայքարում են բացառապես որպես հայ` «որ պապական հողերը չանցնեն թշնամուն»:

– Առաջնությունը քաղաքացիական ինքնությանը տվող գործիչները (ակտիվիստները) իրենց առաջին հերթին բնութագրում են որպես ՀՀ քաղաքացի և գտնում, որ ազգային գաղափարախոսությունները իշխանական բանավեճերում (դիսկուրսներում) ուղղորդվում են արտաքին թշնամու դեմ` «մենք»-ի և «ուրիշների» միակ սահմանագիծը տանում հայի և թուրքի կամ ադրբեջանցու դեմ:

Ձեռք բերված նյութերից և դիտարկումներից կարող ենք այն եզրակացությանը հանգել, որ քաղաքացիական ինքնությանը առաջնություն տվողները սովորաբար ավելի բանական (ռացիոնալ) փաստարկումներով են հանդես գալիս, մինչդեռ էթնիկության վրա հիմնվող ինքությունները հիմնականում զգացական (էմոցիոնալ) հարթության մեջ են տեղափոխվում` դրանով հաճախ բանավեճերը (դիսկուրսները) փակուղի տանելով: Քաղաքացիական գործիչների (ակտիվիստների) ինքնության ձևակերպումը (ռեպրեզենտացումը) հաճախ նկատելի են առօրյա գործարկումների (պրակտիկաների) մակարդակում և հաճախ հենց դրանք են դառնում բանավեճերի կամ պարզապես վեճերի առիթ:

Քաղաքացիության վրա հիմնվող ինքնություն կրողները նախընտրում են ունենալ անհատական գործարկումներ և նրանց ընդհանրությունը երբեմն ոչ մի ընդհանրություն չունենալն է, որտեղ փորձում են հանդես գալ որպես անհատներ:

– Մյուս խումբը կարևորում է և՛քաղաքացիական, և՛ էթնիկ ինքնությունները, որոնք նախընտրում են հանդես գալ և՛ որպես քաղաքացի, և՛ որպես հայ:

Սակայն այս խումբն էլ ունի տվյալ ինքնության ձևավորման 2 մեքենականություն (մեխանիզմ). մի դեպքում սա կարելի է դիտարկել որպես ինքնության անցումային փուլ, երբ խմբային, վերագրվող էթնիկ ինքնությունը այլափոխվում (տրանսֆորմացվում) է ընտրությամբ ձեռք բերածի` քաղաքացիականի: Երկրորդ տարբերակը նույնպես գիտակցված ընտրությամբ է կատարվում, սակայն այս դեպքում էթնիկականից քաղաքացիական ընկած փուլերը հաղթահարված են լինում և դրանից հետո նոր միայն ընտրություն է կատարվում: Այլ կերպ ասած անահտը ազատ է իր ընտրության կատարման գործում, սակայն այդ ազատությունը կախված է իր տիրապետած դրամագլխից (կապիտալից) և ընտրությունը հենց այդ սահմաններում է կատարվում:

Ներայումս գոյություն ունեն տարբեր տեսություններ, որոնք միավորում են այս հասկացությունները կամ առաջ են քաշում այլ հասկացություններ և փորձ են կատարում մեղմել ժամանակակից ազգայնական զանազան շարժումները և էթնիկ ու ազգային բախումները (կոնֆլիկտները), սակայն դեռ շատ մեծ աշխատանք կա անելու այդ ամենը հաղթահարելու համար:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *