ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ
Այն ինչ տեղի ունեցավ 2020թ. հուլիսի 12-ին առանձնապես զարմանալի չէր. Ադրբեջանը վաղուց է ցույց տվել, որ ըստ էության թքած ունի միջազգային բոլոր պայմանագրերի և պայմանավորվածությունների վրա: Ադրբեջանի հարձակումը զարմանալի և անսպասելի չէր, բայց այն, թե ինչպես ընթացան ռազմական գործողություններն ու ինչպես դրանք արտահայտվեցին դիվանագիտական դաշտում, մի փոքր անսպասելի էին: Նախ պետք է նշել, որ ադրբեջական հարձակումը ոչ միայն հաջողությամբ չպսակվեց, այլև լիակատար ձախողում կրեց՝ կորցնելով մի քանի միավոր զրահատեխնիկա ու մեքենաներ, ԱԹՍ-եր, տալով մի քանի տասնյակ մարդկային զոհեր ու առանձնահատուկ, որ պետք է նշել՝ իսրայելյան արտադրության գերթանկարժեք Hermes 900-ի խոցումն էր: Այդ իսրայելյան՝ մոտ 30 մլն դոլար արժեցող ռադիոհաղորդիչ-հետախույզ ԱԹՍ-ի խոցումը (որն ի դեպ առայժմ միակն է ողջ աշխարհում և էլ ավելի հետաքրքիր է, որ դա արվել է հակաօդային զենքի միջոցով, որի արդիականացումն արվել է ՀՀ-ում) հիացմունք առաջացրեց հայ զինվորի վարպետության առումով ու նաև բազմաթիվ սրախոսությունների տեղիք տվեց, ինչպես օրինակ Ալեքսանդր Լապշինի կոշտ ու կտրուկ անդրադարձը:
Այս ամենին ուշադիր հետևող մարդիկ կնկատեն, թե ինչպես էր ջղաձգվում Թուրքիան՝ հետևելով փոքր եղբոր հերթական տապալմանն ու ինչպիսի գրգռված հայտարարություններ էր անում նախագահ Էրդողանը, որոնք որքան էլ անմիտ էին, այնքան էլ շատ ու շատ հարցերի պատասխան տվող: Գաղտնիք չէ, որ Թուրքիան մշտապես աջակցել է Ադրբեջանին, նրան օգնելով փողով, զենքով, «թնդանոթի մսով» ու ամեն անգամ հայտարարել, որ աջակցելու է Ադրբեջանին, անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ կանի: Սա մի անհեռատես ու հապշտապ արտահայտություն էր, որով Թուրքիան ինքն իրեն հարվածի տակ դրեց, որովհետև ըստ այդ հայտարարության՝ Թուրքիան կօգնի Ադրբեջանին, նույնիսկ եթե նա բացահայտ ու ճակատագրական սխալներ անի:
Միջազգային ատյաններն իհարկե շտապեցին արձագանքել այս ամենին, դրանք սովորականի նման չոր ու ցամաք հայտարարություններ էին կրակը դադարեցնելու անհրաժեշտության, բանակցություններին վերադառնալու, խաղաղության ու էլի նման բաների մասին: Այդ ընթացքում ռազմապես տապալված ադրբեջանցիները ուրիշ բան չմտածեցին քան հերթական ագրեսիվ հայտարարությունը, որ կհարվածեն Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը վրդովմունք առաջացրեց ողջ աշխարհում: Բոլորի համար պարզ էր, որ ադրբեջանական հիստերիան ծանրացել է այն աստիճանի, որ նրանք սպառնում են միջուկային ահաբեկչությամբ: Եվ չկա ոչ մի պետություն, որ արդարացնի դա: Նախագահ Էրդողանը կրկին շտապեց ելույթ ունենալ, բայց միայն խայտառակ եղավ՝ հայտարարելով, որ հայերը 25-30 տարի է, ինչ օկուպացրել են Նախիջևանը, և աշխարհը աչք է փակել դրա վրա (ինչպես գիտենք Նախիջանը ԽՍՀՄ փլուզումից ի վեր ունի ինքնավար հանրապետության կարգավիճակ ու գտնվում է Ադրբեջանի կազմում): Էրդողանը՝ շտապելով սրբել Ալիևի հիմարությունը, միայն ավելացրեց դա:
Բայց այս ամենն իհարկե այդքան կարևոր չէր լինի, եթե չլինեին ընդգծված սրացումները ռուս-թուրքական հարաբերություններում: Ադրբեջանական զենքով հայերին խեղդելու ու ռուսներին «դաս տալու» թուրքական հերթական ագրեսիան տապալվեց, հայկական բանակը ոչ միայն չնահանջեց, այլև մի քանի կարևոր կետեր վերցրեց ու հիմա, երբ ռազմաճակատում հարաբերական անդորր է, բոլորը մտածում են, թե ի՞նչ ուղով կընթանան դեպքերը: Այո՛, Թուրքիան մշտապես փորձել է այս տարածաշրջանում սեփական բեմադրությունը սկսել, բայց, ինչպես դիպուկ նշել է քաղաքագետ Կայծ Մինասյանը. «Կովկասը Ռուսաստանի համար ո՛չ Սիրիան է, ո՛չ Լիբիան, և ռուսները նման լարվածություն թույլ չեն տա»:
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների կովկասյան ճակատին պետք է ընդգծել հատկապես այն, որ առաջին անգամ ռուսները իրենց ամեն անգամվա նման իներտ չպահեցին ու թուրքական ագրեսիային պատասխանեցին, որ լավ կլինի, եթե արցախյան կողմն էլ ներկա լինի բանակցություններում, քանի որ դա անհրաժեշտ է խաղաղության համար: Կարելի է ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունները գոնե Անդրկովկասում փակուղի են մտել ու դրա անմիջական ազդեցությունն իրենց վրա զգում են ՀՀ-ն ու Ադրբեջանը:
Արդյո՞ք Մեծամորին հարվածելը սոսկ ջղային արտահայտություն էր, գրչի ծայրից ակամա թռած նախադասություն, կասկածում եմ: Նման մակարդակով սպառնալիքները, եթե գործնական հետևանք չեն ունենում, ապա քաղաքական առումով շատ կարևոր են: Ալիևը չի կարող չիմանալ, որ հարվածել ԱԷԿ-ին նշանակում է ոչ միայն միջուկային պատերազմ սկսել, այլև դա հարված է ուղղված նաև հենց ՌԴ-ին: Էրդողանը չէր կարող չիմանալ, որ ադրբեջանցիները նման հայտարարություն կանեն: Կարելի է ենթադրել, որ Ալիևի կողմից ՀՀ-ին ուղղված ամեն մի բառ՝ Էրդողանի զգուշացումն է Պուտինին: Բայց Մոսկվան այնքան էլ միամիտ չէ, որ այս ամենին պատասխանի խաղաղության մասին կարգախոսներով: Իսկ ԱԷԿ-ին հարվածելու հայտարարությունը ոչ միայն անհեթեթ է, այլև վնասող: Թուրքիան ինքն էլ դա թույլ չի տա: «Թուրքիան պատերազմ չի փնտրում, պարզապես լարվածություն է ուզում։ Իրեն չեն բավարարում Ադրբեջանի գործողությունները, ավելի լարված վիճակ է ուզում տարածաշրջանում, որպեսզի ճնշում գործադրվի Ռուսաստանի և Հայաստանի վրա։ Սա է իրականությունը»,- նշում է քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում պետք է միջազգային հանրությունից պահանջել, որ իրական քայլերով դատապարտվի ատոմային ահաբեկչություն պարունակող հայտարարությունը:
Մանավանդ, որ պաշտոնական Երևանն այս անգամ համեստորեն լռություն չի պահպանել ու խստորեն դատապարտել է այդ հայտարարությունները՝ դրանք բացատրելով բոլոր կողմերից ու միաժամանակ չբացառելով, որ ՀՀ զինված ուժերը ավելի լավ կպաշտպանեն ադրբեջանական գազային «երակները», ինչն ուղղակի նշանակում է, որ այդ գազատարները հայկական հրթիռների նշանառության տակ ու դրանք պայթեցնելը մի բաժակ ջուր խմելու նման բան է: Էլ չեմ ասում Մինգեչաուրի մասին: Բաքուն չէր կարող չգնահատել այդ ամենը, Բաքուն այս անգամ շատ լավ հասկանցավ, որ 2018թ. իշխանության եկած վարչակարգը ոչ թե «հող հանձնող» խաղաղասեր է, ինչպես պնդում են Հայաստանում հինգերորդ շարասյան գործակալները, այլ ծանր ձեռք ունի, որը իրենց վրա զգում են մեծ ու փոքր հակառակորդները:
Մոսկվան նորից իր ձեռքը վերցրեց գազի «դագանակը» ու ադրբեջանական գազը հոկտեմբերից Եվրոպա կգնա ռուսական վերահսկողությամբ, իսկ այդ ընթացքում Բաքուն նորից կաղաչի Անկարային իրեն ևս մեկ հուշում տալ: Բայց այս անգամ արդեն կասկածելի է, թե արդյո՞ք Էրդողանը նորից հանձն կառնի մարսել ադրբեջանական ոչ պրոֆեսիոնալ պահվածքը:
Իսկ ինչ վերաբերվում է միջազգային հարթակում հնչած կարծիքներին, ապա դրանք միանշանակ չեն, բայց ակներև է, որ ծանրությունը Բաքվի կողմ չի թեքվում: ԱՄՆ-ում, օրինակ ակտիվ քննարկվում է Ադրբեջանին ռազմական օժանդակությունից ընդհանրապես զրկելու հարցը, Իրանում հայտարարեցին, որ Բաքվում լավ կանեն բարձր չբղավեն, եթե չեն ցանկանում մի օր գլխավերևում ԻԻՀ-ի դրոշ տեսնել, Մոսկվան, ինչպես արդեն նշվեց, հաճույքով վայելում է իր հերթական հաղթանակը Անկարայի նկատմամբ, իսկ ահա Ֆրանսիան այս անգամ հանդես եկավ շատ կոշտ դիրքորոշմամբ՝ հայտարարելով, որ սատարել հայերին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը: Բայց արդյո՞ք Ֆրանսիան այդքան կամք կունենա խոսքից գործի անցնելու: Հույները ևս, հատկապես Կիպրոսը ջերմ աջակցություն են հայտնել ՀՀ-ին (հույները խիստ վրդոված են Սուրբ Սոֆիայի տաճարի՝ մզկիթ վերածվելուց և հարմար առիթ են փնտրում պատասխանելու թուրքերին):
Ինչևէ: Այս հարցերը մեկ-երկու օրում չեն լուծվելու և այս խմորը դեռ շատ ջուր կպահանջի: Ի՞նչ է լինելու ապագայում, դժվար է հաստատապես ասել, կարելի է ենթադրել, բայց մի բան, որ հաստատ է, դա այն է, որ Բաքուն նորից ինչ որ կերպ փորձելու է խաբել իր հասարակությանը, շեղելու նրան, նորից լացակումած դիմելու է Անկարա՝ խնդրելով, որ վերջինս պաշտպանի իրեն «չար ու ագրեսոր» հայերից ու էլի հարցնելու է, թե երբ ու ինչ է պետք անել: Մնում է հուսալ, որ հայկական դիվանագիտությունն ու ռազմական ուժերը պատրաստ կլինեն այս նոր քայլերին ու արժանի հակահարված կտան ադրբեջանա-թուրքական նվաճողական քաղաքականությանը և հստակ գտնեն դեպի հաղթանակ տանող արահետները: