ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ
Սահմանամերձ գիւղերու հանդէպ հանրութեան ուշադրութիւնը դժբախտաբար միայն պատերազմի ու լարուածութեան պայմաններու մէջ կը նկատուի։ Պետութեան դերը, սակայն, այդ գիւղերու հանդէպ մշտական հոգատարութիւն ու աջակցութիւն ցոյց տալ է (Սփիւքը՝ Հայաստան Համահայկական Հիմնադրամի միջոցաւ պէտք է զօրակցի պետութեան)։
Ահա երկու լուր, ուր այդ հոգատարութիւնը կ՝արտայայտուի.
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Այցի արդյունքում ՀՀ ԲՏԱ նախարարի հանձնարարականով սահմանամերձ գոտում կանցկացվեն ռադիոհաճախականությունների չափագրումներ և ռադիոծածկույթի, բջջային և ինտերնետ ցանցի քարտեզագրման աշխատանքներ, և քայլեր կձեռնարկվեն թվային հեռուստատեսային ցանցի բարելավման, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կապի և օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիության ընդլայնման ուղղություններով։ Շարունակական բնույթ կկրի նաև «Հայփոստի» բաժանմունքների արդիականացման ծրագիրը՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։
«Հետք»ի Սեդա Ղուկասյանը կը գրէ.
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են սահմանամերձ համայնքների բնակիչներին տրվող արտոնությունների ցանկն ընդլայնել:
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել հուլիսի 27-ին:
Փոփոխությունները «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքին են վերաբերում: Պատգամավորները մի շարք արտոնությունների տրամադրման ժամկետն առաջարկում են երկարաձգել ևս երեք տարով, ինչպես նաև նոր արտոնություններ տրամադրել, ինչպես` ընտանիքում երկու և ավելի աշակերտ ունենալու դեպքում դպրոցական դասագրքերը մասնակի կամ ամբողջական փոխհատուցելու է Կառավարությունը:
Գործող օրենքով` սահմանապահ համայնքների բնական գազի, սպառած էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի ծախսերի հիսուն տոկոսը փոխհատուցում է Կառավարությունը: Օրենսդիրներն առաջարկում են օրենքի գործողության ժամկետը ևս երեք տարով երկարաձգել, նաև այլ արտոնություններ ներառել` այդ թվում հողի գույքահարկի և հողի հարկի ամբողջական փոխհատուցում:
Նախագծում նոր դրույթներից է նաև այն, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանված գյուղատնտեսական և/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվելու է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին: Իսկ եթե նույն գործողությունների հետևանքով սահմանամերձ համայնքների բնակիչներն առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշվանդամություն ձեռք բերեն, տրամադրվելու է միանվագ գումարային հատուցում` համապատասխանաբար 3 միլիոն, 2 միլիոն և 1 միլիոն դրամ:
Զոհված քաղաքացիների ընտանիքին տրամադրվելու է միանվագ գումարային հատուցում` 5 միլիոն դրամ: Պետական բյուջեի միջոցների հաշվին է նաև վնասված կացարանի ծախսերն իրականացվելու:
Գաբրիելյանի խոսքով` Կառավարության ներկայացուցիչների հետ այս նախագծի վերաբերյալ շուրջ չորս ամիս քննարկում է եղել, չորս-հինգ գերատեսչություն դրական եզրակացություն է ներկայացրել:
Այս փոփոխությունների շահառու են սահմանամերձ 25 համայնքների 37 բնակավայրերի բնակիչներ:
Նախագիծը դեռևս պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, որից հետո ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ: Այն կարող է գործել միայն երկու ընթերցմամբ ընդունվելուց հետո:
https://m.facebook.com/story.php?story_fbid=10221442297020741&id=1049729071