ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ
Այսօր ահաբեկչությունը շատ տարածված երևույթ է ողջ աշխարհում: Ամեն տարի ահաբեկչության զոհ են դառնում հարյուրավոր մարդիկ: Ահաբեկիչները գործում են աշխարհի շատ երկրներում ու շատ դեպքերում կարողանում են բավական «տպավորիչ» արդյունքների հասնել: Ահաբեկչության զոհեր դառնում են, ինչպես կոնկրետ թիրախավորված անձինք (հիմնականում քաղաքական ու ռազմական գործիչներ), այնպես էլ խաղաղ բնակիչներ, որոնք «սխալ ժամանակ հայտնվում են սխալ տեղում»: Ահաբեկիչները առաջ են քաշում ամենատարբեր պահանջներ՝ քաղաքականից մինչև ֆինանասական, ազգայինից մինչև կրոնական: Ահաբեկիչները գործում են ինչպես անհատ, այնպես էլ խմբային ձևով: Ահաբեկչությունն այսօր պատերազմ վարելու ու այս կամ այն երկրում իրավիճակն ապակայունացնելու ամենաարդյունավետ միջոցներից է: Շատ դեպքերում, երբ քաղաքական պատճառները թույլ չեն տալիս ուղղակի ներխուժում ու ռազմակալում այս կամ այն երկիր, այդ գործն անում են վարձկանները, որոնք միախառնվում են ահաբեկիչների հետ: Քիչ չեն դեպքերը, երբ որևէ ուժեղ երկիր ռազմակալում է ավելի թույլի տարածքը՝ հայտարարելով, որ պայքարում է ահաբեկիչների դեմ, թեև այդ թատրոնում հենց սկզբից էլ պարզ է, որ այդ ահաբեկիչները կամ գոյություն չունեն, կամ էլ հենց այն երկրի աճեցրած խմբերն են, որը հետաքրքրություն ունի այդ տարածքներում: Ահաբեկիչները նույնիսկ այսօր «պետություններ» են ստեղծում (բնականաբար դրանք դադարում են գոյություն ունենալուց իրենց դերը խաղալուց հետո): Դրա համար էլ բերնից բերան է անցնում մի արտահայտություն, որ «ահաբեկչության դեմ պայքարը երբեք չի ավարտվի: Ինչպե՞ս կարելի է հաղթել մի պատերազմում, որտեղ հակառակորդ չկա»: Բայց ես այժմ չեմ խորանա քաղաքականության մեջ այլ պատմական անդրադարձ կանեմ ահաբեկչություն երևույթին: Դա կօգնի լավ պատկերացնելու այդ երևույթի ի հայտ գալու պայմաններն ու սկզբունքները:
Ահաբեկչության մասին նախ և առաջ կարելի է հստակորեն ասել, որ այն չունի կոնկրետ առաջացման թվական ու տարածաշրջան, այն աշխարհի պես հին է, բայց պատմական տեղեկությունները օգնում են որոշակիացնելու, թե առաջին անգամ երբ ու որտեղ այդ գործելաոճը որդեգրվեց որպես հիմնական սկզբունք:
Այս առումով ամենահայտնի երևույթը, որի մասին կարելի է խոսել՝ միջնադարյան մահմեդական խմբավորումն էր՝ իսմայիլիտները կամ նիզարիթները: Լայն հասարակությանը նրանք ավելի հայտնի են «ասասին» անունով:
Ասասին անվանումը պատահական չէ: Անվան վերաբերյալ տարբեր կարծիքներ ու վարկածներ կան, դրանցից ամենահավանականը անվան արաբական ծագումն է՝
Նրանց այդպես անվանեցին, որովհետև նրանք մշտապես թմրանյութ էին օգտագործում ու դրա օգնությամբ կարելի էր տրանսի մեջ պահել ու մանիպուլացնել սեփական աշակերտներին: Թմրանյութ՝ ավելի կոնկրետ հաշիշ: Շատերը նշում են, որ այդ մարդիկ մշտապես հաշիշ են ծխում: Տարբերակներից մեկում հենց այդպես էլ կոչվեցին «հաշաշիններ»՝ այսինքն հաշիշ օգտագործողներ, կամ խաշաշիններ (խասաշիններ): Հետագայում էլ հենց արաբերեն «hashasheen» բառից ձևավորվեց անգլերեն «assassin» բառը, որն նշանակում է «մարդասպան»:
Որոշ պատմաբաններ ընդգծում են այն տեսակետը, որ ասասինները գուցե մոլեռանդ հավատացյալներ չէին, այլ պարզապես կրոնական քողով էր ծածկվում: Նրանք դա հիմնավորում են այն բանով, որ ասասինները (կամ գոնե նրանց ղեկավարությունը) առաջնորդվում էին առավելապես քաղաքական շահերով: Դա այնքան էլ հեռու չէ տրամաբանությունից, բայց նրանք հաստատ աթեիստներ չէին, ընդհակառակը նրանց ստորին խավը՝ սպանություններ իրագործող ասասինները, որոնց անվանում էին ֆիդայիներ, սրբորեն պաշտում էին մահմեդական կրոնն ու իրենց գործողությունների հիմքում ընկած էր դրախտ ընկնելու անհագ ցանկությունը: Թեև չի կարելի նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ ասասիններին ոչ «ճիշտ» մահմեդականներ անվանում էին նրանց հակառակորդները: Դա կարող էր սևացնել նրանց, և այդ մեղադրանքները, որ ասասինները հավատացյալներ չեն կամ կեղծավորներ են, ավելի շատ քաղաքական բնույթ ուներ և այնքան էլ վստահելի չէ: Նրանք ամենայն հավանականությամբ ջերմեռանդորեն հավատում էին թե՛ Աստծուն, թե՛ Մուհամեդին:
Ամեն դեպքում ասասինները, անկախ իրենց կրոնական համոզմունքներից կամ աղանդավոր լինելու մեղադրանքներից, հսկայական ազդեցություն ունեցան տարածաշրջանում՝ թե՛ քրիստոնյաների ու թե՛ մահմեդականների նկատմամբ:
Ասասինների առաջացման սկիզբը համարվում է 11-րդ դարը, երբ շիա ուղղության ներկայացուցիչներից առաջնորդ Հասան իբն աս-Սաբահը 11-րդ դարի 80-90-ականներին քարոզչական բուռն գործունեություն ծավալեց Իրանում: Նրանք կոչ էին անում ապստամբել սելջուկների դեմ, ազատագրել իրանական ժողովրդին ու երկիրը: Նրա կոչին շատերը արձագանքեցին՝ հատկապես արհեստավորներ, գյուղացիությունը, քաղաքային չքավորությունը: Իր գաղափարները Հասան իբն աս Սահաբը զարգացրեց «Դավաթ ի ջադիդ» (Davat e jadid) անվանմբ ուսմունքում, որը թարգմանաբար նշանակում է «Նոր կոչ»(New call).
Նրանց սկզբանական գործունեությունը խիստ բարդ էր, հատկապես, որ նրանք չունեին ոչ դրամական մեծ միջոցներ, ոչ էլ զինված ջոկատներ, բայց նրանք ունեին ամենակարևորը՝ գաղափար, որը գերազանցում էր բոլոր վտանգներն ու դժվարությունները: Դա էլ հենց դարձավ նրանց ամենասարսափելի զենքը՝ գաղափարը: Այդ գաղափարը կյանքի կոչելու համար նրանք կանգ չառան ոչնչի առջև:
Առաջին նշանակալից հաջողությունը կարելի է համարել 1090թ, երբ իսմայիլիտները տիրացան Ալամուտ անառիկ ամրոցին: Դա դարձավ ասասինների առաջին ու կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Նրանց առաջնորդ Հասան իբն աս Սաբահը կամ, ինչպես նրան անվանում էին «սարի ծերունին» ընտրեց անհատական ահաբեկչական մեթոդը՝ ի հակադրություն մեծ բանակի, որը հսկայական ծախսեր էր պահանջում: Շուտով բոլորը զգացին այդ մեթոդի ողջ սարսափն ու արդյունավետությունը: Դա սկսվեց այն բանից հետո, երբ սելջուկ սուլթանի վեզիր Նիզամա ալ Մաքը գլխատեց տեղական իսմայիլիտների ղեկավարին՝ կասկածելով մահմեդական հոգևորականի սպանության մեջ: Ասասինները դրան պատասխանեցին ահաբեկչությամբ: Նրանցից մեկը՝ Աբու Թահիր Արրանի անունով կամավորը սողոսկեց վեզերի պալատ ու թունավորված դաշույնով սպանեց վեզիրին ու ինքն էլ սպանվեց նրա թիկնապահների կողմից:
Այս մեթոդը ռումբի ազդեցություն ունեցավ բոլորի վրա ու ցույց տվեց անհատական ահաբեկչության արդյունավետությունը: Ասասինները անհատական ահաբեկչությունը դարձրին իրենց գործունեության հիմնական մեթոդը ու այն ապշեցուցիչ արդյուքներ տվեց: Այն այնքան սարսափելի ու անկանխատեսելի էր, որ նրանց կանգնեցնելն անհնար դարձավ:
Հասանը ողջ տարածաշրջանը լցրեց իր մարդասպաններով, որոնք անվերապահ կատարում էին նրա բոլոր հրամանները: Նրանց առաջնորդը շատ լավ էր հասկացել, որ դաշույնի մեկ հարվածը կամ մի կաթիլ թույնն ի զորու է շատ ավելին անել, քան հարյուր հազարանոց բանակը, և նա չսխալվեց: Անգամ հզոր սուլթան Սալահ ադ Դինն էր նրանցից զգուշանում: Սալահ ադ Դինը ևս փորձել էր ասասիններից ազատվել ու նույնիսկ պաշարել էր նրանց ամրոցը՝ հավատացած լինելով, որ պաշարումը երկար չի տևի, քանի որ ասասինները բանակ չունեին: Բայց նա դադարեցրեց պաշարումն ու նրանց հանգիստ թողեց, այն բանից հետո, երբ մի օր արթնացավ ու իր վրանում՝ սեղանին խրված ասասինի դաշույն տեսավ, իսկ հետո էլ պարզվեց, որ իր երկու թիկնապահները, որոնց նա վստահում ու սիրում էր եղբոր նման, ասասիններ են: Այդ ասասինները մեկ անգամ չէ, որ փրկել էին նրա կյանքը, քանի որ նրա թիկնապահներն էին, բայց դա այսպես կոչված «աշխատանքային գործունեություն էր», սուլթանը չպիտի մեռներ, քանի դեռ սարի ծերունին դա չէր կամենում: Սուլթանը հասկացավ, որ շրջապատում ամեն մեկը կարող է ասասին լինել և նրանք կարող են հասնել իրեն ամեն վայրկյան:
Սալահ ադ Դինը միակը չէր: Այդ պրակտիկան կիրառելի է մինչև օրս, երբ մերձավորագույն մարդը, պարզվում է, վարձու մարդասպան է, կամ ահաբեկիչ, որ՝ Ինդիրա Գանդին սպանվեց իր իսկ թիկնապահների կողմից…
Սա մի հզորագույն զենք էր, որով ասասինները ջախջախում էին իրենց բոլոր հակառակորդներին: