Միջազգային

Ահաբեկչության ակունքները – մաս 2

ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ

Տասը տարուց էլ պակաս ժամանակահատվածում իսմայիլիտները իրաքյան Պարսկաստանի տերերը դարձան: Դրա հիմնական պատճառը, որքան էլ, որ անհավատալի է, անհատական սպանության մեթոդն էր, որին ուղղորդում էր «սարի ծերունու» խորամանկ ու խելացի քաղաքականությունը, որը և ասասիններին պետության տեր դարձրեց:

Նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոն նկարագրել է, թե ինչպես էին իսմայիլիտները ասասիններ հավաքագրում: Այստեղ տեսնում ենք, թե ինչ հնարամիտ միջոցներ էր գործադրում Հասան իբն աս Սաբահը: Նրանք հիմնականում նախընտրում էին աղքատ ու անտուն պատանիների, որոնք տուն ու ընտանիք չունեին, կամ էլ խզել էին կապերը ընտանիքի հետ: Նրանց հատուկ միջոցով՝ հաշիշի օգնությամբ թմրեցնում ու քնեցնում էին պատանիներին, այնուհետև տեղափոխում նախապես պատրաստված վայր: Լինելով սուր խելքի տեր մարդ՝ Հասան իբն աս-Սաբահը շատ լավ էր հասկանում, որ միայն խոստումները բավարար չեն և մարդուն որևէ շոշափելի բան է պետք ցույց տալ: Նա Ալամութում ստեղծել էր մի հրաշալի ու մեծ այգի՝ զանազան հրաշագեղ ծառերով, բույսերով, կենդանիներով ու թռչուններով: Պատանիներն արթնանում էին այդտեղ: Նրանց դիմավորում էին ապշեցուցիչ գեղեցկության տեր կանայք ու աղջիկներ, որոնք մի քանի օր զվարճացնում ու հաճելի ժամանակ էին անցկացնում նրանց հետ: Այնուհետև պատանուն նորից թմրեցնում էին ու տեղափոխում իր նախկին վայրը՝ փողոց, կամ այն ավերակները, որտեղ նա գոյություն էր պաշտպանում: Հետո նրա մոտ գնում էր քարոզիչն ու ասում, որ Աստված ընտրել է նրան սուրբ գործի համար ու եթե նա անձնվիրաբար ծառայի գործին, ապա կվարձատրվի ու հավիտյան կմնա այդ դրախտում: Բնական է, որ նման ճարպիկ մեթոդին հավատում էին շատ շատերը ու դա բնական է՝ հաշվի առնելով ժամանակաշրջանն ու անգրագիտության ծայրահեղ ծանր մակարդակը: Եվ այդ մեթոդով զինվորագրված ասասինը պատրաստ էր գնալու մինչև վերջ միայն, թե նորից հայտնվի դրախտում: Նրա համար մահը վախենալու չէր, ընդհակառակը՝ նրանք ուրախությամբ էին մահն ընդունում՝ համոզված լինելով, որ մեկ ակնթարթ անց հայտնվելու են դրախտում:

Որքան էլ, որ զարմանալի է, բայց այդ մեթոդն ու գաղափարները աշխատում են մինչև հիմա: Վառ օրինակն են ժամանակակից ահաբեկիչները: Ամեն օր մենք լուրեր ենք լսում տարբեր ահաբեկչական ակտերի մասին, որոնց դեպքում շատ ժամանակ ահաբեկիչը պայթեցնում է ինքն իրեն: Փոխվել են ժամանակները, փոխվել են մեթոդները, իսկ գաղափարն ու մոտիվացիան մնացել է նույնը: Կարելի է նաև ճապոնական օրինակը բերել երկրորդ աշխարհայինի ժամանակ, երբ Փերլ-Հարբորի ջախջախման ժամանակ հարյուրավոր ճապոնացի օդաչուներ կամավոր ինքնասպան եղան՝ իրենց օդանավերով մխրճվելով ամերիկյան նավերի մեջ ու պայթեցնելով թե՛ թշնամուն, թե՛ իրենց: Դա իհարկե չի կարելի դասական ահաբեկչություն համարել ու դա առանձնապես աղերս չունեն միջնադարյան ասասինների հետ (դա շատ լայն թեմա է, հատկապես, որ չինա-ճապոնական մշակույթում ինքնասպանության մշակույթը շատ տարածված է՝ և՛ հակառակորդին իր հետ տանելու և հանուն գաղափարի (խոսքը գնում է հարակիրիի մասին), պարզապես ցանկացա ցույց տալ, որ ինքնասպանությունը հանուն գաղափարի՝ տարածված ու կիրառվող մեթոդ է ու նույնիսկ նրանց շատ դեպքերում հենց այդպես էլ անվանում են՝ կամիկաձե (նույնիսկ անօդաչու թռչող սարքերի այն տեսակը, որը գնում և պայթում է, կոչվում է կամիկաձե):

Այսօր օրինակ Իսլամական Պետություն կոչվող ահաբեկչական խմբավորումների շատ մարտիկներ դիմում են այդ տարածված՝ ինքնասպան ահաբեկչության մեթոդին, երբ իրենք իրենց պայթեցնում են, որևէ շենքում կամ մարդաշատ վայրում, կամ պայթուցիկով բեռնված մեքենայով մխրճվում են մարդկանց մեջ: Դա վառ օրինակ է այն բանի, որ միջնադարյան ասասինների թե՛ գաղափարները, թե՛ օրինակները կենսունակ են մինչև օրս:

Հասասն իբն աս Սաբահը Ալամուտում ահաբեկիչ մարդասպանների դիվերսիոն դպրոց ստեղծեց: Այնտեղ նրանց սովորեցնում էին վարժ տիրապետել բոլոր զինատեսակներին, թույներին ու զանազան այլ մահաբեր մեթոդների: Նրանց հարկ եղած դեպքում նաև լեզուներ էին սովորեցնում, այլ կրոնների ու մշակույթի հետ ծանոթացնում: Այսպիսով դպրոց ընդունված միամիտ ու տգետ պատանին վերածվում էր ցավն ու վախն արհամարող, մահից չվախեցող պրոֆեսիոնալ դիվերսանտի, ով հմտորեն կարող էր հարմարվել ցանկացած կրոն ու մշակույթ ունեցող հասարակության: Ասասինները հրաշալի որսորդներ էին, հմուտ հետախույզներ ու վարպետ՝ զենք բանեցնելու մեջ: Ի դեպ ժամանակակից մարտարվեստների որոշ ներկայացուցիչներ, նշելով նրանց բարձր պատրաստվածությունն ու այդ ամենի բարդությունը, հավանական չեն համարում անընդհատ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելը, քանի որ ասասիններից պահանջվում էր խիստ բարձր ֆիզիկական պատրաստվածություն, արագ կողմնորոշում ու սթափություն, որը անհնար կլիներ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելիս: Գուցե և սկզբնական էտապում թմրանյութ օգտագործվել է մանիպուլյատիվ հնարքի կիրառման համար, բայց կասկածելի է, որ մարտական պատրաստականության ժամանակ նրանք դոզայի տակ գտնվեին: Այդ միտքն այնքան էլ անհավանական չէ:

Զարմանալի չէ, որ նման զինյալներ ունենալով Հասաս իբն աս Սաբահը ահի ու սարսափի մատնեց ողջ տարածաշրջանը: Նրա ստեղծած հետախուզական, դիվերսիոն ու քարոզչական ցանցը տարածված էր ողջ Առաջավոր Ասիայով մեկ, հասնում էր նույնիսկ Եվրոպայի խորքերը: Հասան իբն աս Սաբահը տեղյակ էր ցանկացած երկրի վիճակից ու նրա տերերից: Շատ շատերն ընկան ասասինների անողորմ ձեռքից: Կարելի է առանձնացնել այն, որ նրանց զոհ դարձան երեք խալիֆ, վեց վեզիր, մի քանի տասնյակ տարբեր քաղաքների ու շրջանների կառավարիչներ, բազմաթիվ հոգևոր առաջնորդներ և երկու եվրոպական արքա: Նրանց զոհեր դարձան նաև ժամանակի խաչակիրները՝ օրինակ Երուսաղեմի թագավոր Կոնրադ Մոնֆերացին:  Նրանց վարձում էին և՛ մահմեդական, և՛ քրիստոնա տիրակալները, նրանց ծառայություններից օգտվում էին գրեթե բոլորը, և քիչ չեն կասկածելի մահերը, որոնց պատասխանատվությունն ընկնում է ասասինների վրա: Նրանց ծառայություններից օգտվում էին նաև օտարերկրացիները, իսկ հետո նաև ընդօրինակում այդ ոճը:

Հասան իբն աս Սաբահը ուներ մոտ 70 հազար նման մարտիկ՝ կին ու տղամարդ: Նրանց մի մասն Ալամուտում էր, իսկ մյուսները սփռված էին տարբեր երկրներում ու այնտեղ ապրում էին սպասելով հրահանգի: Նրանք երբեմն տասնյակ տարիներ էին սպասում այդ հրամանին, իսկ այն ստանալուց հետո չէին դանդաղում:

Ասասինները գոյատևեցին մինչև 12-րդ դարի վերջերը: Նրանց վերջնականապես ջախջախեցին մոնղոլները: 1256թ նոյեմբերի 20-ին ասասինների վերջին առաջնորդ Ռուկն ադ-Դինը հանձնվեց Խուլուգու խանին, դեկտեմբերի 19-ին հանձնվեց նաև ողջ արևելքը սարսափի մեջ պահած Ալամուտ ամրոցը, որով և ավարտվեց ասասինների արյունահեղ պատմությունը:

Ասասինների պատմությունն ավարտվեց, բայց նրանք շատ մեծ ազդեցություն թողեցին պատմության վրա: 17-րդ դարի եվրոպական դիվանագետները նշում էին, որ ժայռերում թաքնված դեռևս ապրում են մարդասպան-ահաբեկիչների սերունդները: Որքանո՞վ է դա ճիշտ դժվար է ասել: Ասասինների մասին կրկին բոլորը հիշեցին հատկապես այն բանից հետո, երբ ֆրանսիական Ubisoft ընկերությունը թողարկեց Asassin`s Creed վիդեոխաղերը, որտեղ նրանք պայքարում են տաճարականների կամ տամպլիերների միաբանության դեմ: Այժմ գրեթե 10-ից ավելի խաղեր, ֆիլմեր ու մուլտֆիլմեր, կոմիքսներ կան միջնադարյան արևելքի սարսափների՝ ասասինների մասին:

Այս ամբողջ պատմական վերհուշի նպատակը ցույց տալն էր, թե ինչքան խորն են գնում կազմակերպված ահաբեկչության արմատները և ինչքանո՞վ կարող են այժմյան ահաբեկիչները համարվել այդ գաղափարախոսության ու սկզբունքների կրողը: Կարելի է ասել, որ նրանք ուղղակի շարունակողը չեն, բայց նրանք ևս անում են այն, ինչ ասասինները այն ժամանակ՝ գումարով դաժան սպանություններ՝ քողարկված կրոնական ու հոգևոր բարձր գաղափարներով:

Ինչպես և առաջ, հիմա ևս, ահաբեկիչները տարածքն ապակայունացնելու ու ուրիշի ձեռքով կեղտոտ գործն անելու լավագույն գործիքներն են: Պետք է ցրել միֆն այն մասին, որ միջնադարյան ասասինները գաղափարական, ազնիվ մարդիկ էին: Նրանք սառը ու հաշվենկատ մարդասպաններ էին, որոնք իրենց նպատակին հասնելու համար ոչինչ չէին խնայում: Պետք է զերծ մնալ նման երևույթները ռոմատիզացնելուց ու փառաբանելուց: Մենք հենց այսօր էլ տեսնում ենք ժամանակակից ահաբեկիչների ամբողջ ծանրությունն ու սարսափը:

Քաղաքակիրթ աշխարհը, ի տարբերություն խավար միջնադարի, պիտի իր մեջ կամք գտնի ընդունելու պատմական ամբողջ դառը փորձը ու մեկնդմիշտ վերջ տա իր խաղաղ կյանքին սպառնացող ու հումանիզմը ոտնակոխ անող ահաբեկիչներին, որոնք ընդամենը վարձկաններ են:  

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *