Ազատ բեմ

Դատաիրավական առասպելներ

Ալեք Դուրյան

Ի՞նչ կարելի է ասել օրենքի ու իրավունքի մասին ընդհանրապես: Կարելի է ոչինչ չհասկանալով շատ բան ասել(ինչը հիմա շատ ընդունված է մեր հասարակությունում), կամ էլ կարելի է ոչինչ չասել՝ ամեն ինչ հասկանալով: Ես՝ ՀՀ սովորական քաղաքացիս, չլինելով իրավաբան կամ դատավոր, ինձ հասանելիք տեղեկատվությամբ ու մտածելու կարողությամբ եմ փորձում հասկանալ թե՛ օրենքը, թե՛ դատաիրավական համակարգն ընդհանրապես:

Այո՛, եկեք այս հարցին չնայենք իրավաբանական լրջությամբ ու փաստաբանի մանրախնդրությամբ, այլ սովորական քաղաքացու տեսանկյունից ու մակարդակով, որովհետև ի վերջո այդ օրենքն ու համակարգն իմ ու իմ նմանների համար է գրված ու իշխանությունն ու ընդդիմությունը հենց ինձ են փորձում բացատրել այդ խրթին արտահայտություններն ու մի քանի տողանոց նախադասությունները: Մանավանդ, որ ես ու ինձ նման հարյուր հազարավոր քաղաքացիներ, օրենսդրական փոփոխությունների գիտակ չենք:

 Վերջին շրջանում ամեն ինչի մասին բոլորից կարելի է լսել «մասնագիտական» կարծիք ու տեսակետ ու հենց դրանում էլ կայանում է այն դժվարությունը, որ Հայաստանում բոլոր հարցերը շատ ծանր, բարդ ու անլուծելի են թվում: Բոլորը մասնագետ են, թեև բոլորը մասնագետ չեն: Բայց պետք է չմոռանանք՝ ինչ որ չգիտենք, ուրեմն չգիտենք:

Հայաստանում օրենքի մասին ամենատարածված կարծիքն այն է, որ այստեղ օրենք չկա: Դա իհարկե ճիշտ չէ, որովհետև Հայաստանում օրենք կա: Այլ հարց է, թե դրանք ինչ օրենքներ են ու ինչքանով են պահվում կամ խախտվում: Ընդհանրապես հիմա աշխարհում չկա մի տեղ, ուր օրենք չլինի, պարզապես մի երկրում ինչ որ արարքի համար կարող է հսկայական տուգանք կամ ազատազրկում նախատեսված լինել, իսկ մի այլ երկրում՝ ոչինչ: Հենց այդ տարբերության, այդ ոչնչի մասին եմ ուզում խոսել:

Հայաստանում օրենք էլ կա, դատաիրավական համակարգ էլ: Դա հաստատ:  Հենց միայն դրա փոփոխության մասին մենք արդեն տարի ու կես է լսում ենք: ՀՀ դատաիրավական համակարգի խառնաշփոթին վերաբերվող ելույթների, ցույցերի ու հայհոյանքների պակաս չկա: Խոսքն առաջին հերթին գնում է Սահմանադրական դատարանի, դատավորների վեթինգի, ոլորտի բարեփոխման մասին: Հասարակությունը տարուց ավել սպասում է այդ փոփոխություններին, իսկ դրանք չկան:

Այդ փոփոխությունները ենթադրում են ինչպես անձնային, այնպես էլ օրենքի դրույթների փոփոխություն, այսինքն և՛ օրենքները պիտի փոխվեն, և՛ դատավորները, և՛ էլի շատ բաներ: Անցած տարի նույնիսկ դատարանների շրջափակում եղավ, այնուհետև վարչապետի հայտարարություն վեթինգի մասին: Այս տարի ապրիլին պիտի սահմանադրական դատարանի հանրաքվեն տեղի ունենար, բայց համաշխարհային պանդեմիայի պատճառով հետաձգվեց: Հիմա էլ խիստ լարված վիճակ է այդ առումով: Սահմանադրական դատարանի նախագահն ու էլի մեկ-երկու անդամ փոխվել են, բայց կրքերը չեն հանդարտվում: Հատկապես նշվում էր այն, որ դատավորների պաշտոնավարման ժամկետը շատ մեծ է, որ դատավորները նախկին ռեժիմի կամակատարներն են և ցանկանում են վիժեցնել հեղափոխությունը կամ խանգարել: Երկուստեք հայհոյանքներն ու մեղադրանքները չեն պակասում: Իշխանությունները հայտարարում են, որ փոփոխություններն անպայման կայանալու են, իսկ ընդդիմադիրները պնդում են, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ դատական համակարգի սեփականաշնորհում, որին իշխանությունները հակադարձում են, որ ընդհակառակը, փորձում են ստեղծել նորմալ համակարգ, այլ ոչ թե նախկինի նման պատվերով աշխատող, ընդդիմությունը բողոքում է, որ……մի խոսքով հասկացաք:

Այստեղ մի կարևոր հարց է ծագում՝

ՀՀ սովորական քաղաքացին ինչքանո՞վ պիտի հետաքրքրված լինի մի ոլորտի բարեփոխմամբ, որից առանձնապես չի հասկանում: Ես հասկանում եմ, որ պատասխանատու և իրավատեր քաղաքացին ոչ միայն կարող է, այլև պիտի ընդգրկված լինի պետության կառավարման ու կարգավորման բոլոր գործընթացներին, բայց կան ոլորտներ, որտեղ մեծ մասամբ ամեն ինչ բոլորին քիչ թե շատ ամեն ինչ հասկանալի է ու կան ոլորտներ, որոնք շատ քիչ են հասկանելի ու ամեն մարդ չէ, որ կարող է հստակ ու ռացիոնալ արտահայտված կարծիք ունենալ այդ առումով:

Խոսքն իհարկե ոչ թե վերաբերվում է հարցին մոտենալու լրջությանը և ոչ միայն այն առումով, որ ամեն մարդ պիտի մասնակություն ունենա այդ ամենին, այլ նաև այն, թե ինչքանով է քաղաքացին ի վիճակի այդ հարցով զբաղվելու: Անձամբ ինձ՝ ՀՀ քաղաքացուս առավել հետաքրքրում է, որ օրենքը նորմալ կիրառվի, լինի պաշտպանված ու ինձ էլ պաշտպանի: Ինձ չեն հետաքրքրում օրենքի մանր ու փոքրիկ հավելվածները, դրույթներն ու կետերը, ես առանձնապես չեմ հասկանում և պարտավոր էլ չեմ հասկանալու: Եվ այնուամենայնիվ ինձ՝ ՀՀ քաղաքացուս համար պարզ է, որ վերջին երեսուն տարում ՀՀ-ում դատաիրավական համակարգը, այլ կերպ ասած կարգն ու կանոնը իմ համար չի պահպանվել, այլ եղել է մի խումբ մարդկանց մենաշնորհը, ովքեր արել են ինչ ուզում են: Հիմա ինձ ասում են, որ պիտի փոխվի այդ իրավիճակը ու օրենքը լինի պաշտպանված, որ ոչ մի դատավոր պետական իշխանությանը տեռորի չենթարկի, իր անձնական ցանկությունները չփաթաթի ոլորտի վզին ու ինձ էլ՝ ՀՀ քաղաքացուս չենթարկի իրավական դրույթներով սքողված անարդար ճնշման:

Խոսքեր, խոսքեր, խոսքեր….

Արդեն ձանձրանում ենք այս ճահճոտ իրավիճակից, որովհետև ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության կողմից բավարար կամք չենք տեսնում, այլ միայն անձնական մանրախնդիր մեղադրանքներ ու անհասցե «կոմպլիմենտներ»: Ամեն հարցով նույն ընթացքն է: Հիմա էլ դատաիրավականին ուղղված հարցն է դարձել անձնական վիրավորանքների ու մեղադրանքների առարկա:

Իսկ որտե՞ղ եմ ես: Որտե՞ղ է այն փոփոխությունը, որ ես, քաղաքացիս պիտի տեսնեմ, հասկանամ ու զգամ:

Այս ամենից միայն մի բան եմ առայժմ տեսնում, որ հասարակ քաղաքացին էլի դուրս է մնում գործընթացներից ու դրանց մատուցման ձևից ու քաղաքացին արդեն կորում է իշխանություն-ընդդիմություն պայքարի լուսանցքում, ուր նրան ընդդիմությունը մեղադրում է իշխանական լինելու մեջ, իսկ իշխանությունը՝ ընդդիմադիր:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *