Արայիկ Մկրտումյան
ՀՀ հասարակական ու քաղաքական կյանքի կաթսան շարունակում է եռալ ու փրփրել…և այնքան թեժ, որ պետք է զգույշ լինել, քանի դեռ չես այրել ինքդ քեզ կամ մեկ ուրիշին: Իսկ այս անգամ հերթական տուրուդմփոցը հասունացել է կրթական հարցի շուրջ (խիստ անորոշ մի արտահայտություն. Եթե իհարկե չգիտես, թե իրականում ով ինչ է ուզում):
Մի խոսքով: Այս անգամ հերթական աղմուկը պայմանավորված է դպրոցներում ու համալսարաններում կատարվող փոփոխությունների հետ: Իրականում փոփոխությունները ոչ թե արդեն տեղի են ունեցել, այլ դրանց մեծ մասն առաջարկություններ են, որոնք պետք է դեռևս քննարկվեն, ստուգվեն, դրվեն քվեարկության, հաստատվեն և դրանից հետո նոր միայն մտնեն ուժի մեջ, բայց մենք այդքան համբերություն չունենք և սկսում ենք գոռալ ավելի շուտ, քան կհասկանանք դրա անհրաժեշտությունն ընդհանրապես:
Իսկ փոփոխությունների մասին կա երկու տեսակետ: Առաջինը, ԿԳՄՍ նախարարության ու ԱԺ մեծամասնության կարծիքն է, ըստ որի առաջարկվող փոփոխությունները լավն են ու զարգացմանը նպաստող, իսկ մյուս կարծիքը, որ ընդդիմությանն է պատկանում, այն է, որ այդ բոլոր չափորոշիչները ապազգային, հայրենադավ, ազգապիղծ են և նպատակն այն է, որ քանդեն ու ավերեն հայկական դպրոցներն ու այլանդակեն կրթության որակը (կրթության որակին մենք դեռ կանդրադառնանք, իսկ հիմա եկեք հասկանանք, թե իրականում ով ինչ է առաջարկում ու ով ինչ է ուզում):
Եվ այսպես՝ ամենացավոտ հարցը՝ դպրոցներում սեռական կրթություն մտցնելու հարցը: Նույնիսկ չեմ հիշում, թե դա ինչից հետո սկսվեց, բայց հիմա մի այնպիսի քաոս է տիրում, որ շատ անգամ չես էլ հասկանում, թե դա ինչից ու ինչպես սկսվեց:
Շատերը նշում են Ստամբուլի ու Լանզարոտի կոնվենցիաները, որոնք ազգակործան բնութագրում ունեն: Իշխանություններն էլ պնդում են, որ ոչ մի ազգակործան բան չկա ու անիմաստ հիստերիա է բարձրացել ու որ ընդդիմության նպատակը քաղաքական դիվիդենտ հավաքելն է, ոչ թե ոլորտի նկատմամբ մտահոգությունը:
Դպրոցներում սեռական դաստիարակություն մտցնելու խոսակցության հետ մեկտեղ համացանցում սկսեցին հայալեզու գրքեր տարածվել, որոնք մեղմ ասած անբարո բնույթ ունեին ու նշվում էր, որ դրանք մատուցվելու են տարրական դասարանների աշակերտներին: Խնդրով մտահոգվածները նշում էին, որ այդ ամենը ծանր հետևանք է թողնելու՝ բարոյական, հոգեբանական: Անշուշտ նման հարցերին պետք է բավական զգույշ մոտենալ, որովհետև մի բան է, երբ քաղաքական հակադիր ճամբարները հայհոյում են իրար, մեկ այլ բան է, երբ խոսքը գնում է դպրոցում մանկահասակ երեխայի սեռական դաստիարակության մասին: Այդ նկարները խորը վրդովմունք առաջացրին ու ավելի թեժացրին իշխանություն-ընդդիմություն պայքարը: Եկավ սեպտեմբերի 15-ը, դասերը վերսկսվեցին ու ԿԳՄՍ փոխնախարարը հայտարարեց, որ երեխաներին ոչ մի սեռական դաստիարակության մասին գիրք չի բաժանվել ու չի էլ բաժանվելու: Պարզվեց նաև, որ համացանցում տարածվող նկարները վերցված են դեռևս 90-ականներին տպագրված գրքերից ու ոչ միայն չեն մտել դպրոցական ծրագրեր, այլև չեն էլ կարող մտնել: Բավական տհաճ մի իրավիճակ, երբ չգիտես, թե իշխանությո՞ւնն է ստում, թե ընդդիմություն, բայց հաստատ գիտես, որ նրանիցից մեկը ստում է: Բայց դպրոցներում ոչ մի սեռական դաստիարակության մասին գիրք այդպես էլ չհայտնվեց, դա ի գիտություն:
Երկրորդ հարցը, որ բոլորին իրար խառնեց, այն էր, որ գրականություն առարկայի ծրագրում պիտի ընդգրկվեին նաև ժամանակակից գրողներ ու հայտարարվեց, որ ծրագրից դուրս են բերվելու Նարեկացի, Քուչակ և այլն ու այդ հեղինակների փոխարեն ժամանակակիցների անհաջող գործերն են տեղ գտնելու: Աղմուկը բնականաբար ավելի ուժեղացավ, մինչև որ գրքերը բաժանվեցին ու բոլորն էլ տեսան Նարեկացին ու Քուչակը իրենց անխախտ տեղն ունեն գրականության բաժնում: Հետո, վեճեր էին ծավալվում, որ «Հայ գրականություն»-ից դուրս է եկել «Հայ»-ը ու մնացել է միայն «գրականությունը»:
Ոմանք դրա մեջ հայկականության վրա հարձակում արձանագրեցին, իսմ ոմանք էլ հայտարարեցին, որ դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա, որովհետև գրականության գրքերում ներառված են նաև արտասահմանյան գրողներ ու ճիշտ չի լինի կոչել «Հայ Գրականություն», երբ այնտեղ կան նաև Շիլլեր, Գյոթե, կամ Դոստոևսկի:
Ի դեպ, բարձր դասարանների աշակերտների համար նախատեսված այլընտրանքային գրքերում կան այնպիսի հրաշալի հեղինակներ, ինչպես օրինակ Դոստոևսկի, Հաքսլի, Օրուել ու եթե իրոք, ապա միակ մտահոգությունն այն է, որ այդ գրքերը շատ ծանր ու դժվարամարս են, ու անձամբ ես կասկածում եմ, թե այդ տարիքի պատանիները ի վիճակի կլինեն ամբողջ խորությամբ ըմբռնելու համաշխարհային անտիուտոպիայի լավագույն նմուշները, մանավանդ, որ նրանք դեռևս չունեն այդքան կրթական ու հոգեբանական պաշար, բայց սա լրիվ ուրիշ թեմա է ու ազգապղծության հետ կապ չունի:
Սրանից բացի գրականություն առարկայի հետ կապված հաջորդ բողոքը ժամանակակից հայ գրողների գործերի ներառումն էր: Եթե անկեղծ, ես այնքան էլ հիացած չեմ հայ ժամանակակից գրականությամբ ու չեմ համարում, թե այսօր ունենք Սևակի, Շիրազի, Բակունցի կամ Թումանյանի նման գիգանտներ, բայց սա իմ անձնական ճաշակն է: Բայց ուզում եմ մի կարևոր բայցի մասին նշել, որ կարծես թե այնքան էլ հաշվի չի առնվում: Իմ հայրենակիցները հավանաբար չեն ուզում հասկանալ, որ վերջին երկու- երեք տասնամյակում հայ գրականությունը շատ է միջինացվել ու Հրանտ Մաթևոսյանը, Վարդգես Պետրոսյանը կարծես վերջին նշույլներն էին այն հզորության, որ ունեինք: Այսօր իհարկե կան հրաշալի գրողներ, ինչպես օրինակ Գուրգեն Խանջյանը, կամ ցավոք արդեն հանգուցյալ Լևոն Խեչոյանը, բայց պիտի հասկանանք, որ ներկաներին կոպտորեն մերժելով ու մի կողմ շպրտելով, մենք արգելակում ենք հայ գրականության զարգացումը: Այո, մենք հիմա Թումանյան չունենք, բայց մի՞թե կնկատենք նոր տաղանդին, եթե միանգամից ասենք, որ նա Թումանյան չէ ու ծաղիկը խեղդենք դեռ չծաղկած վիճակում: Գրականությանը պետք է ավելի լուրջ վերաբերվել քան դա անում է փողոցային աղմուկը:
Խնդիրն ավելի բարդ է հայոց պատմություն առարկայի հետ կապված: Նորից նույն պնդումներն են, որ փոփոխությունը միտք ունի աղավաղել հայոց պատմությունն ու քանդել կրթական համակարգը: Այս թեմայով ամենահետաքրքիր քննարկումներից մեկը հաղորդավար Պետրոս Ղազարյանի և ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի աղմկահարույց հարցազրույցն էր, որտեղ Պ. Ղազարյանը նշեց, որ ընդդիմադիրների վախերը անիմաստ են ու Անի Սամսոնյանին էլ ստախոս անվանեց՝ միաժամանակ ցույց տալով քաղվածքներ կրթական չափորոշիչներից ու գրքերից: Ընդդիմադիր քաղաքական գործիչը պնդում էր, որ պատմություն սկսում են անցնել յոթերորդ դասարանից ու այնտեղ այլևս ոչինչ ներառված չէ հայկական վաղ պետական կազմավորումներից ու սկսվում է Ուրարտուից: Իսկ հաղորդավարը չափորոշիչներից քաղվածքներ ցույց տվեց, որով հայոց պատմությունը սկսվում էր ոչ թե յոթերորդ այլ հինգերորդ դասարանից ու այնտեղ կան մշակույթն էլ, արվեստն էլ առասպելներն էլ ու մեղադրեց պատգամավորին ոչ կոմպետենտության համար: Մի խոսքով բավական թեժ վեճ էր ու հստակորեն երևաց, որ ինչ որ բան այն չէ և որ գուցե ընդդիմությունը կամ նրա որոշ ներկայացուցիչներ այնքան էլ անկեղծ չեն իրենց պնդումներում: Ինչևէ, ես հիմա քաղաքական գնահատական չեմ տալիս, այլ փորձում եմ հասկանալ, թե ինչու է կրթական ոլորտին վերաբերվող հարցը դուրս եկել այդ միջավայրից ու դարձել քաղաքական տուրուդմփոցների առիթ ու այն, որ այստեղ ոչ թե մի այլ շատ բան այն չէ, դա արդեն աչք է ծակում: Իսկ բացի դրանից, նաև գիտեմ այն, որ պղտոր ջրում ձուկ որսալը և՛ հեշտ է, և ՛ ձեռնտու:
Անցնենք առաջ:
Հաջորդ ու հերթական աղմուկը Հայ եկեղեցու պատմություն առարկային է վերաբերվում: Այստեղ իհարկե պետք է բավական զգույշ լինել՝ թացը չորի հետ չխառնելու համար: ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ այդ առարկան պիտի դուրս գա և նրանում եղած ինֆորմացիան մտցվի հարակից առարկաների՝ հայրենագիտություն, հայոց պատմություն առարկաներում: Եղան և՛ գոհ մարդիկ, և՛ դժգոհ:
Գոհ մարդիկ նշում էին, որ Հայ Եկեղեցու Պատմություն առարկան ընդհանրապես անիմաստ է, քանի որ հայոց պատմության մեջ այսպես թե այնպես խոսվում է հայոց եկեղեցու մասին և բացի դրանից էլ այդ առարկան պարզ չի թե ինչ բնույթ ունի՝ ժամանակագրակա՞ն, թե կրոնական և նաև այն, որ կրոնական քարոզը չպիտի դպրոցում տեղ ունենա: Դեմ արտահայտվողների մտահոգությունն այն էր, որ այդ առարկայի դուրս բերումը հարձակում է հայոց եկեղեցու ու քրիստոնեական արժեքների վրա ու դրանով հարված է հասցվում ոչ միայն հայ առաքելական եկեղեցուն այլև հայ հասարակությանն ու հայ ժողովրդին: Մի խոսքով կողմ ու դեմ կարծիքները էլի նույն սկզբունքներով են հանդես գալիս: Կարելի է պաշտպանել մեկին կամ մյուսին, բայց դրանով միայն կխորացնենք առանց այն էլ ճաքեր տված կրթական ոլորտին: