Ա․ Հովհաննիսյան
Այսօր Արցախը պատերազմում է ոչ միայն Ադրբեջանի և վերջինիս քաղաքական հոր՝ Թուրքիայի, այլ նաև համաշխարհային ահաբեկչության դեմ: Այսօր Սահմանին ամուր կանգնած մեր զինվորները կենաց ու մահու կռիվ են տալիս հանուն ազատ և անկախ հայրենիքի, հանուն արժանապատիվ ապագայի կերտման և առաջին հերթին կյանքի և գոյության իրավունքի յուրացման:
Սիրելի՛ Համասփյուռ հայություն,
Մինչ այդ, Ռազմաճակատի հակառակ կողմում միջազգային դիվանագիտությունն է՝ խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման երաշխավորը: Մեր սփյուռքյան լոբբիստական կառույցները ուժ ու եռանդ չեն խնայում միշտ, այսօր առավել ևս, միջազգային հանրությանը, քաղաքական դերակատարներին, միջազգային կառույցներին, աշխարհի տարբեր կողմերին լսելի դարձնելու Տարածաշրջանի խաղաղության երաշխավոր Արցախի Հանրապետության ձայնը։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա համահայկական երթի անբաժան մասնիկը, պետք է իր համառ և աննահանջ պայքարի ոգով ճնշի իր իսկ երկրի կառավարությանը, խորհրդարանին, կարևորագույն միջազգային խաղաղարար կառույցներին, լրատվամիջոցներին՝ ազդելով վերջիններիս որոշումների կայացման վրա՝ դառնալով իրական խաղաղության մարտիկը, սատար կանգնելով Հայաստանին, Արցախին, ՀՀ միջազգային դիվանագիտությանը, Հայ Զինվորին, Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։
Դեպի՛ վերջնական հաղթանակ
Դեպի՛ Միացյալ և Անկախ Հայաստան։