Անուշ Հովհաննիսյան
Պատերազմի ողջ ընթացքում բոլորս միահամուռ ուժերով գոռում ենք` կրկին թուրքը ուզում է մեզ կոտորել, իսպառ ջնջել երկրի երեսից, այս անգամ առանց մի հայ անգամ թողնելու:Գոնե մենք գիտենք` եթե ոչ մեկ, ապա կես դար է գոռում ենք` կոտորվել ենք, մեզ վերացնել են ցանկացել ու դեռ շարունակում են ցանկանալ: Գոռում ենք, որ չմոռանանք, ու չմոռացվի մեր ցավը:
Հայ Դատի աշխարհսփյուռ կառույցները պայքարում են, որ ընդունվեն դատապարտող բանաձևեր, որ ճանաչվի Հայոց Ցեղասպանությունը և դատապարտվի միջազգային հանրության կողմից: Այո մենք էական հաջողություններ ենք գրանցել այս ուղղությամբ: Ու դեռ , ես վստահ եմ, արդեն պետական օժանդակությամբ շարունակելու ենք պայքարել, որ այն դառնալու է ազգային օրակարգի մաս:
Ինձ համար երկու բան հստակ է.
- Նույն չէ իրավիճակն այսօր: Այո, այսօր էլ մենք աշխարհով մեկ գոռում ենք Արդբեջանի ձեռքով Թուրքիայի արյունալի քաղաքականության մասին: Բնական է, անմտություն կլիներ դա չանելը: Բայց դադարել ենք անել դա ցեղասպանվածի հոգեբանությամբ: Հա հա ցեղասպանվածի: Էն ցեղասպանվածի, ում նախանձում է նաև թշնամին, ով չի տեսել ո’չ 1915, ո’չ էլ Սումգայիթ:Մենք առավելապես հաղթահարել ենք այդ հոգեբանությունը: Մեզ ստիպեց հաղթահարել պատերազմը: Մեզ հաղթահարել պարտադրեց ու շարունակում է պարտադրել Հայոց բանակը, էն 18-20 տարեկան երիտասարդները, իրենց շուրջ համախմբված կամավորներն ու պահեստազորայինները` տղաներն ու աղջիկները, թիկունքը: Այ իրենց հոգին հանձնվել չգիտի: Մեզ պարտադրեց Հայոց պետականությունը, որը մերն է պատմական տարածքներում, այլ ոչ թէ ինչ որ տեղ Արևի տակ:
- Բոլոր ճակատներում նոր նշաձող ենք սահմանում. աշխարհին պարտադրում ենք մեր տեսակը, պարտադրում ենք մեր տեսակետը, լինի դա միայնակ` ռազմաճակատում, թե ուրիշների օժանդակմամբ` դիվանագիտության մեջ:
Կերտելու ենք մեր երազանքների`ՄԻԱՑՅԱԼ և ԱՆԿԱԽ Հայաստանը: