Հրանտ Տէր-Աբրահամեան
Ցավալի է գրել այս թեմայի մասին, բայց վերջապես ուղիղ պետք է ասվի:
Պատերազմի առաջին օրվանից Հայաստանում բաց կամ քողարկված տարվում է պարտության քարոզ: Այս օրերին ակտիվանում է՝ բոլորս էլ տեսնում ենք դա, չնայած անողներին թվում է, որ այնքան խորամանկ ու «շուստրի են», որ կարողանում են աննկատ մնալ:
Սա կատակ բան չէ: Այն ինչ կարդացել ենք գրքերում՝ հայ բոլշևիկների և մյուսների մասին, մեր աչքի առաջ իրականություն է դառնում:
Ի՞նչ են անում: Առիթ են վերցնում հիմա ռազմաճակատի գծի փոփոխությունը, որն աննպաստ է մեզ համար: Նորմալ հայի համար դա առիթ պետք է լինի, ավելի ևս կենտրոնանալու, մոբիլիզացվելու, ինքնակազմակերպվելու: Բայց ոչ Նժդեհի ասած թրքաբոլշևիկի համար: Նա իր երազանքներում տեսնում է սեփական հայրենիքի պարտությունը, և այլևս չի համբերում, սկսում է ավելի ու ավելի մատնել իրեն ու իր երազանքը:
Անում է այն ինչ պետք է աներ թշնամու քարոզչությունը:
Նախ՝ պատերազմի սկզբնավորման մեղքը փորձում է գցել Հայաստանի վրա: Իբր Հայաստանն է պատճառը պատերազմի: Սա ցանկացած թշնամական քարոզչության գերնպատակն է: Իբր թուրքը մեղավոր չէ, հայն է մեղավոր:
Երկրորդ՝ փորձում է տագնապային, ընկճված վիճակ ստեղծել: Իբր հերիք է պաթոս տարածեք և այլն: Իբր մեկը պատերազմ է տեսել առանց պաթոսի, այսինքն՝ կրքի, զգացմունքի անհրաժեշտ դոզայի: Հա, ավելորդ էյֆորիան գուցե կարող է խանգարել: Բայց հաստատ հնարավոր չէ պատկերացնել իր կյանքի համար կռիվ տվող հասարակություն՝ առանց զգացումքների, առանց ոգևորման, առանց ցասման, առանց հավատքի, առանց կրքի:
Երրորդ: Թիրախավարում են ոչ միայն երկրի քաղաքական ղեկավարությանն, ինչը պատերազմի ժամանակ ինքնին անթույլատրելի է, այլև անցնում են արդեն բանակին: Նախարար Տոնոյանին, Գենշտաբի ներկայացուցիչներին, վերջապես՝ Արծրունին Հովհաննիսյան: Եթե սա անձամբ Իլհամ Ալիևի պատվերով արվող թիրախավորում չէ, ապա, ես էլ չգիտեմ, ուրիշ ոնց է լինում ադրբեջանական քարոզչությունը:
Չորրորդ: Վերջապես կանգ չեն առնում հենց հայ ազգին ու ժողովորդին թիրախավորելու առջև: Օգտվում են դրա համար վաղուց մշակված՝ «պողոսներ» կոդային բառից: Իբր հայ ազգը նրա համար է ոգեշնչված և միահամուռ, որովհետև չի հասկանում որքան ծանր է իրավիճակը: Չեն մտածում, որ հակառակը՝ որքան ծանր է իրավիճակն, այնքան ավելի է համառանում իրապես կենսունակ ժողովդրի կամքը: Իրենց կուռք՝ Ստալինը շատ բան կունենար դրա մասին պատմելու: Բայց այն ինչի իրավունքն ունեն ուրիշները, սրանց պատկերացմամբ չունի հայ ժողովուրդը:
Էլի շատ բաներ կարելի է գրել, դուք՝ կավելացնեք մնացածը:
Հասկանանք վերջապես, որ սա պատահական քարոզչություն չէ: Ոչ էլ սա Հայաստանի ներսից է կազմակերպվում միայն: Դուրս գանք վերջապես միամիտ ու բարի ազգի կարգավիճակից: Հնարավոր չէ, ու ուղիղ կապի մեջ չլինեն թշնամու հետ: Հնարավոր չէ տանել Ալիևի քարոզչությունը պատահականորեն:
Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն հայոց աշխարհիս: