Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ
Ինչպե՞ս եք գնահատում արտախորհրդարանական կուսակցությունների հայտարարությունը, որով նրանք պահանջում են հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ: Ըստ էության՝ իր խորքում սա ի՞նչ նպատակ է հետապնդում:
– Նպատակը կարծում եմ պարզ է` դիվիդենտներ շահել, հող նախապատրաստել հաղթանակից հետո ապապետական ուժերի վերակենդանացման համար։ Ցավոք սրտի, մենք հերթական անգամ ականատեսն ենք լինում հայրենասիրական կոչերի տակ ներքին ուժերը պառակտելու գործին։ Լավն այն է, որ այդ հայտարարությանը միացած ուժերից մի մասին ընդհանրապես ուժ կոչել հնարավոր չէ, դրանք անձ կուսակցություններ են, իսկ նրանք, որոնք իրենցից ինչ որ ուժ են ներկայացնում, այդ կուսակցությունների իրական հայրենասեր անդամները այսպես թե այնպես լծված են Հայաստանի պաշտպանության, Հայաստանի փրկության գործին, թե առաջնագծում, թե թիկունքում։
Շատերը նշում են, որ միջազգային ճնշումը Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ ուժգնանում է, և հնարավոր է՝ դիվանագիտական ճնշումները փոխարինվեն նաև ավելի խիստ ճնշումներով, որը կստիպի դադարեցնել ռազմական գործողությունները: Սա իրատեսակա՞ն մոտեցում է, կարո՞ղ է միջազգային հանրությունը կանգնեցնել պատերազմը և եթե այո, ապա ինչպես:
Ցանկացած դեպքում մենք պիտի մեր հույսը դնենք մեզ վրա։ Դա, վստահ եմ, բոլորս ենք գիտեկցում։ Իսկ ինչ վերաբերվում է միջազգային հանրությանը, ապա այո, ես քիչ հավանական, բայց այնուամենայնիվ հնարավոր եմ համարում միջազգային կառույցների, գեոպոլիտիկ կենտրոնների ճնշումների տակ Թուրքիայի հետքայլը։ Կարծում եմ միջազգային հանրության մոտ արդեն կասկած չի հարուցում այն, որ Թուրքիան լուրջ վտանգ է հանդիսանում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Իզուր չէ, որ այսօր քննվում է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցը։
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հայտարարությունը, որտեղ նա հույս էր հայտնել, որ հայերը կդիմանան Ադրբեջանի գործողություններին, հակասական արձագանքների է արժանացել: Մի մասը սա համարում է հեգնանք Հայաստանի հասցեին, մյուս մասը այն հայամետ հայտարարություն է համարում, քանի որ նա հստակ նշել է Ադրբեջանի ագրեսոր լինելն ու դատապարտել Թուրքիայի ներգրավվածությունը: Դուք ինչպե՞ս եք գնահատում Պոմպեոյի հայտարարությունը:
Ինչ խոսք, դիվանագիտական հարթության մեջ կարևոր են նման հայտարարությունները, դիրքավորումները։ Բայց պետք է հասկանալ, որ Հայաստանը որպես պատերազմող կողմ, չի կարող բավարարված լինել իր նկատմամբ անհամաչափ զենք և կենդանի ուժ օգտագործող, ահաբեկչական խմբավորումների ներգրավվածությամբ ամբողջ ճակատով պատերազմ սկսած երկրի նկատմամբ ԱՄՆ-ի նման գերտերության բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, որտեղ նա «հույս է հայտնում»։ Որպես սեփական գոյության իրավունքը պաշտպանող ժողովուրդ մեզ ավելի գործուն աջակցության քայլեր են անհրաժեշտ, և ինչքան էլ հայտարարությունը հայանպաստ լիներ, հանրային դժգոհությունը արդարացի էր։
Վերջին շրջանում պաշտոնական Երևանն առաջ է քաշում «անջատում հանուն փրկության» սկզբունքը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը: Որքանով է հավանական, որ միջազգային հանրությունը կամ առանձին կշիռ ունեցող պետություններ ճանաչեն Արցախը:
Իրականում, պիտի լինի` «ճանաչում հանուն փրկության», որովհետև փաստ է այլևս, որ Արցախը անջատված է և այսօր ոչ թե անջատվելու խնդիր է լուծում, այլ պատերազմով պաշտպանում է գոյության իրավունքը։ Մեծ հաշվով էական չի, թե որ հիմքով կճանաչի աշխարհն Արցախի ապրելու իրավունքը` ազգերի ինքնորոշման, թե ճանաչում հանուն փրկության սկզբունքով։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը հասկանա, որ այստեղ ոչ թե տարածքների խնդիր է ու տարածքային ամբողջականության հարց է, այլ իրապես այդ տարածքում ապրող ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանելու խնդիր է։ Կարծում եմ այս պատերազմում աշխարհին ապացուցվեց վերոնշյալը։
Աղբյուրը` Lragir.am