Հարցազրույց «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ
– Պարոն Սահակյան, արտախորհրդարանական ուժերի և վարչապետի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո գրառում էիք արել, որ մեր ամբողջ գիտական ներուժը պետք է ծառայեցնենք գործուն միջոց ստեղծելուն, որը մեր բանակի կողմից արդյունավետորեն կկիրառվի թուրքական անօդաչուների դեմ: Սա՞ է այսօր ամենաառաջնային խնդիրը։
– Վարչապետի հետ հանդիպումն այստեղ քիչ կապ ունի։ Եթե նկատել եք, ադրբեջանական բանակի տարածած տեսանյութերում իրենց վարած մարտական գործողությունների միայն մի սցենար կա՝ օդից հայկական սպառազինությունների և կենդանի ուժի խոցում։ Բացարձակապես նման տեսանյութեր ես տեսել եմ նաև Սիրիայում և Լիբիայում թուրքական բանակի վարած մարտերի վերաբերյալ։ Իմ ենթադրությունն է, որ այդպիսի ճշգրիտ խոցումները հնարավոր են դառնում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կիրառման դեպքում։ Բացի դրանից, ժամանակակից պատերազմը ինքնաձիգներով իրար դեմ կանգնած բազմությունների մասին չէ, այլ հարձակողական ու պաշտպանական նորագույն տեխնոլոգիաների մասին։ Այսօր առաջին ազատամարտին հերոսաբար կռված մեր զինվորները բողոքում են, որ հնարավորություն չկա ոգու արիության, հնարամտության շնորհիվ ծնկի բերելու հակառակորդին։ Այդպիսի հնարավորություն կա հյուսիսային լեռնային շրջաններում, ու այնտեղ հակառակորդը պարտվում է։ Դա է իմ համոզմունքի պատճառը, որ պետք է ամբողջ գիտական ներուժը ծառայեցնենք ամենաժամանակակից թուրքական անօդաչուներից պաշտպանվելու և նրանից հզոր մե՛ր տեխնիկան ունենալու համար։
Այլ պայմաններում ես կասեի, որ մահաբերությամբ թշնամուն գերազանցող սպառազինություն ունենալու հրամայականը մեզ տանում է անվերջ ռազմական մրցավազքի ու զրկում զարգանալու, մեր բարօրությունն ու երջանկությունը ապահովելու առաջնահերթությունից։ Եվ այս առումով ավելի կարևոր է խաղաղության հաստատումը։ Բայց տարածաշրջանում ու որպես էթնիկ միավոր ինքնահաստատվելու թշնամու ձգտումը մեզ այլ ելք չի թողնում։ Խաղաղության հաստատման մեր միակ ելքը դարձել է այնպիսի պայմանների ստեղծումը, որ ունենանք այնպիսի տեխնոլոգիաներ ու դրանց կատարելապես տիրապետող պրոֆեսիոնալ բանակ, որ թշնամին նույնիսկ մտքով չանցկացնի, թե մեր դեպքում կարող է անվտանգությունը խաթարել, տարածքային կամ այլ նկրտումներ ունենալ։
– Վարչապետը երեկ հայտարարեց, որ բոլոր այն հույսերը, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, այս իրավիճակում պետք է համարենք ավարտված։ Ինչպե՞ս եք գնահատում։
– Ադրբեջանը 1992թ. հունվարի 30-ին, Հայաստանի հետ միաժամանակ միջազգային հարթակներ մտնելով, հռչակել է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իր վճռականության մասին։ 2 շաբաթ անց Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ, որում պարտվել է հայկական ուժերին։ 1994-ին, զինադադարի մասին պայմանագիր կնքելով, նա որևէ կրակի դադարեցման պարտավորություն է ստանձնել ու մինչ օրս չի պահպանել այդ պայմանավորվածությունը։ 2016-ին նոր լայնածավալ պատերազմ է սանձազերծել ու հետո պայմանավորվել կրակը դադարեցնել, ինչից հետո էլի չի կատարել իր պարտավորությունը։ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում պայմանավորվել է շփման գծում վերահսկման մեխանիզմներ կիրառել, որպեսզի պարզ լինի նախահարձակ կողմը, և չի կատարել իր ստանձնած պարտավորությունները։ 2020-ին կրկին լայնածավալ պատերազմ է հրահրել։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայի միջնորդությամբ պայմանավորվել է հրադադարի մասին ու չի պահպանել այն։ Նույն պարտավորությունը Ֆրանսիայի միջնորդությամբ ստանձնել է հոկտեմբերի 18-ին ու չի կատարել այն։ Ի՞նչ դիվանագիտական հանգուցալուծման մասին կարող է խոսք գնալ։ Ի՞նչ պայմանավորվածություններ պետք է լինեն, որի շուրջ համաձայնությունը կարող է վստահության նշույլ թողնել։
Այլ դիտանկյունից էլ կարող ենք սրան նայել։ Թուրքիայի սադրիչ ներգրավվածությունը հուշում է, որ այս պատերազմը միայն Արցախի գրավման մասին չէ։ Հարցն այստեղ ավելի շատ տարածաշրջանում ազդեցության տիրույթների վերաբաշխման, քաոսում թուրքական շահի առավելագույն սպասարկման և, ի վերջո, թուրքալեզու պետությունների հեռահար նպատակներ է հետապնդում։ Ադրբեջանն այստեղ ընդամենը մանրադրամ է, որի շահերը կարող են րոպեական մոռացվել հանուն ավելի մեծ թուրքական նպատակների։ Պատահական չէ, որ հոկտեմբերին երկու անգամ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունները խախտվել են Թուրքիայի ԱԳ նախարարի զանգից հետո։ Սրանով Ադրբեջանը ցույց է տալիս, որ հրադադարի մասին խոսակցությունները պետք է վարվեն Թուրքիայի հետ, այլ ոչ իր հետ։
Մյուս հանգամանքը, որ հուշում է, թե Ադրբեջանի հետ խաղաղության մասին բանակցություններն անիմաստ են, այն է, որ Տավուշի հատվածում հուլիսին պատերազմի սրացումից հետո Ադրբեջանի հանրությունը շատ ագրեսիվ վարք դրսևորեց հարձակումը կանգնեցրած Ալիևի նկատմամբ։ Գրավվեց Ադրբեջանի խորհրդարանը։ Ըստ էության, առանց պատերազմի ու դրանում հաղթական էլեմենտների Ալիևի իշխանությունը գոյություն չունի, նրա դարաշրջանն անցել է։ Այստեղ կարող է հարց լինել միայն հեռացման ուղիների մասին՝ դա կհանգեցնի փախուստի՞, թե՞ գնդակահարության։ 15 տարի հանրությանը կերակրել ստերով, թե՝ դուք աղքատ եք, որովհետև մենք շատ շուտով մի քանի օրում հասնելու ենք Երևան, շատ վտանգավոր քաղաքականություն էր։ Այդ պատճառով Ադրբեջանը հիմա ոչ մի կերպ պատրաստ չէ այլ ելքի, քան իր հաղթանակը, և մերժելու է կարգավորմանը միտված ցանկացած առաջարկ, մինչև վերջնականապես պարտվելու հեռանկարը աչքի առաջ չունենա։ Եվ դա էլ տեղի է ունենալու իր հեռացման գնով։
– Պարոն Սահակյան, Սերժ Սարգսյանը Independent-ին տված հարցազրույցում ըստ էության մեղադրանքներ հնչեցրեց Փաշինյանի հասցեին, թե իր իրավահաջորդը որոշեց բանակցությունները սկսել սեփական կետից։ Ի՞նչ կարծիք ունեք։
– Իմ համոզմունքն է, որ այս պատերազմը 25 տարի շարունակ Արցախի շուրջ բանակցությունների բովանդակության հետևանք է, ինչպես նաև երկրում տիրող թալանի, համակարգային կոռուպցիայի, բնակչության անվտանգության, բանակի ու նրա սպառազինության կարիքների համար հատկացված միջոցների հափշտակման ու դրանք պաշտոնյաների սեփական հարստացմանն ուղղելու հետևանք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմը դադարել է պայմանով, որ Արցախի շրջաններ են վերադարձվելու։ Երբ եկավ վերադարձնելու ժամանակը, Հայաստանի ղեկավարն արդեն այլ անձ էր, որը հայտնում էր ժողովրդի միասնական տեսակետը՝ մենք նահանջելու քիչ տեղ ունենք, և պետք է թարմացվի ու հստակեցվի բանակցությունների բովանդակությունը։ Այսինքն՝ ըստ էության Սերժ Սարգսյանը մեղադրում է հայ ժողովրդին, որ ժողովուրդը այդպիսի տեսակետ ունի։
Ըստ իս՝ Հայաստանում չկա մի մարդ, ով կվերադարձնի այդ տարածքները և իր կյանքը կարող է ապահով համարել։ Սերժ Սարգսյանը դեռ ապրում էր, որովհետև չնայած բանակցություններին իր տված խոստումներին՝ ժողովրդին կարողանում էր համոզել, որ ինքը հող հանձնող չէ։ Սերժ Սարգսյանը գիտի, որ բանակցություններն իր թողած կետից շարունակելու դեպքում Նիկոլ Փաշինյանին մեծ անախորժություններ էին սպասելու։ Եվ առնվազն արդար չէ վերջինիս մեղադրել մի բանում, որ բխել է հայկական շահերից, թեկուզ այն հանգամանքում, որ դա Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության պատճառով հանգեցրել է պատերազմի։ Պատերազմն այս պահին խնդրի հանգուցալուծման ամենավատ սցենարն է, բայց միակը, որ մնացել է տասնամյակների վարած քաղաքականության ու բանակցությունների պատճառով։ Ինչքան էլ ցավալի լինի, մենք պետք է այս արձանագրումն անենք։
Աղբյուրը` 1in.am