Հրանտ Տէր-Աբրահամեան
Պարզ է, որ ռազմական դրության պայմաններում ճիշտ չէ քննարկել դա մանրամասնորեն: Բայց իմ խոսքը բուն նամակի մասին չէ, այլ երևույթի:
Ինչ որ տեղ նույնիսկ ուրախ եմ, որ դա եղավ, ու որոշ չափով իրավիճակ լիցքաթափեց:
Խնդիրն այն է, որ պատերազմի առաջին օրվանից մեր հանրության մեջ գեներացվում է դրսից փրկություն կոչելու կարգախոսը: Գեներացվում է և կազմակերպված քարոզչությամբ, և զուտ զանգվածային հոգեբանության առանձնահատկություններով:
Հիմա, այս նամակից հետո, մենք հնարավորություն ունենք սթափ գնահատելու այս «գեներացիայի» գործնական նշանակությունը: Իսկ գործնական նշանակություն չկա: Պարզ պատճառով:
Առանց այդ էլ, Մոսկվան, որին կոչ է արվում դիմել, անում է, կարծես թե հնարավորը:
Նախ՝ բոլորս տեսնում ենք, որ հրադադար հաստատելու ռուսական փորձերն իրական են եղել: Տեսել ենք նաև դրանց տապալումը: Գիտակցում ենք նաև, որ տապալման պատճառը որտեղից է գալիս: Էլի փորձեր լինելու են խաղաղության հաստատման: Բայց, ով դեռ չի կորցրել սթափ դատելու ունակութունը, տեսնում է, որ կախարդական փայթիկով խաղաղություն հաստատել անհնար է: Երկրորդ՝ զենքի և մնացածի հարցը: Չմանրամասնեմ՝ պարզ է:
Իսկ ավել ի՞նչ կարող է անել մի մեծ տերություն, որի բնական խնդիրն է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելն է: Ես այդպես էլ չհասկացա, ու կարծես, բացատրող էլ չեղավ, թե ի՞նչ են ավել պատկերացնում:
Ռուս-թուրքական պատերա՞զմ, որի հիմքերը չեն երևում, և որի թատերաբեմն, ի դեպ, դառնալու է ամբողջ Հայաստանը: Սա՞ ենք ուզում:
Ռուս-ադրբեջանական պատերա՞զմ, որը վերածվելու է նույն ռուս-թուրքականի: Ի՞նչ:
Չեմ ուզում նորից խորանալ, գրվել ու խոսվել է այս հարցի շուրջ:
Խնդիրն այն է, որ առանց հիստերիկաների, հանգիստ գնահատենք ու հասկանանք ոչ միայն մեր, այլև մեր դաշնակից և ոչ դաշնակից պետությունների տեսակետները, հնարավորությունները և կարողությունները:
Շնորհակալ լինենք եղածի համար:
Եվ անիրատեսական սպասումներով, նաև մեր նկատմամաբ հարգանքը չկորցնենք: Ես վստահ եմ, ու տեսնում եմ, որ շատ ռուսներ և ուրիշներ, հենց հիմա մեծ հարգանքով հետևում են հայկական հերոսական դիմադրությանը: Եվ այսպես են կերտվում իրական դաշնակցային հարաբերությունները: