սոց ցանց

Եռակողմ Հայտարարության Իրական Արժեքը

Սուրեն Սահակյան

Ըստ էության, նոյեմբերի 10-ի հայ-ռուս- ադրբեջանական կողմերի հայտարարությունը արժեք չունի։ Հաջորդ իսկ օրվանից՝ նոյեմբերի 11-ից խախտվել է դրա 6-րդ կետը, որով երաշխիքներ են տրվում «…Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով» ապահովելու համար։ Հաջորդ օրվանից սկսած մինչև առավելագույնը՝ նոյեմբերի 17-ը նշված ճանապարհից գերեվարվել են նվազագույնը 10 ՀՀ և ԱՀ քաղաքացի։ Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինված ուժերը կանգ չեն առել իրենց զբաղեցրած դիրքերի վրա, այլ առաջացել են հայկական Բերդաշեն գյուղի վրա և բնակիչները ստիպված են եղել ինքնուրույն պաշտպանություն կազմակերպել։ Դա հայտարարության առաջին կետի խախտում է ենթադրում։ Նոյեմբերի 23-ի դրությամբ ադրբեջանական կողմը դեռ հրապարակում է հայ գերիների ծաղրի ու նվաստացման տեսանյութեր, այնինչ հայտարարության 8-րդ կետով նախատեսվում էր «… ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»:

Ադրբեջանական կողմի վերոնշյալ խախտումները արձանագրելուց հետո դեռ խոսք է գնում հայկական կողմի պայմանավորվածությունների անվերապահ կատարման պարտավորության մասին։ Ես լավ չեմ հասկանում՝ Հայաստանի կողմից բանակցողները հասկանո՞ւմ են, որ իրենց գործառույթը հայկական շահի պաշտպանությունն է, թե՞ չէ։ Է՞լ ինչ պետք է տեղի ունենա, որ հայկական կողմը առկախի կասկածելի պայմանավորվածությունների իրագործումը, մինչև դրա բոլոր կողմերը գոնե եղած նվաստացուցիչ պայմանները սկսեն կատարել։

Պատկան մարմիններին խնդրում եմ արձագանքել ու քայլեր ձեռնարկել։ Սրանք հռետորական հարցեր չեն։ Նշված հանգամանքները, պատերազմում պարտության հանգեցնող հանգամանքների հետ միասին, վաղը պատասխանատվության լրացուցիչ բեռ են դառնալու այսօր որոշում կայացնողների ուսերին։

https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/2097035410428170

Մեր Ուղին Հարթակը կիսում է կայքէջում տեղ գտած տեսակետները:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *