Սուրեն Սահակյան
Դեռ պատերազմից մի քանի օր կամ շաբաթ առաջ աչքովս ընկավ մի մտածողի միտքը, թե պատերազմում իրական հաղթողը պարտվողն ա։ Նա էդ միտքը բացատրում էր նրանով, որ պարտվողը ստիպված ա լինում վերաիմաստավորել իր կյանքը, վարքը, մտածելու կերպը և, ի վերջո, բռնում զարգացման ճանապարհը, ինչը նրան նոր բարձրունքների ա հասցնում։ Հաղթողը, ի տարբերություն սրա, կարծում ա, որ հաջողության համար ինքը ամեն ինչ ունի, ամեն ինչ ճիշտ ա անում ու մնում ա զարգացման նույն մակարդակում։ Ինչ-որ ժամանակ անց պարտվողը օրինաչափորեն գերազանցում ա հաղթողին։
Էս կարծիքը, միտքը մինչ օրս չի թողնում ուղեղս հանգստանա։ Երկու ամիս ա, ինչ մե՛կ համաձայնում եմ մտքի հեղինակի հետ, մե՛կ մտքիս մեջ նրա հետ սուր բանավիճում, թե իրականությունից կտրված ա էդ միտքը։ Երբ պատերազմում հաղթանակի շանս էր երևում, գրել էի, որ թեպետ կհաղթենք, բայց միևնույնն ա՝ պետք ա վերաիմաստավորենք մեր ապրելու կերպը։ Սա համաձայնելու դրվագն էր։ Իսկ երբ Ադրբեջանը Արցախի հարավ-արևելքում կորցրել էր 25 տարում ձեռք բերած ծանր սպառազինության մեծ մասը ու չնչին արդունքի հասել, գրել էի, որ բոլոր պարտվողները չի, որ բավարար եզրակացություններ են անում և բոլոր հաղթողները չի, որ մնում են նույն մակարդակի վրա։ Դա բանավեճի դրվագն էր։
Վերջերս ընդունված ա ինքնախարազանման ակտերով հանդես գալ, թե ինչ վատն էինք մենք, որ հողերը խելոք հետ չէինք տալիս, բանակցություններին մաքսիմալ կառուցողական չէինք, Արցախը Հայաստանի մաս էինք համարում և այլն։ Բայց դրանք, ըստ իս, հետևանքներ են։ Աստճանաբար սկսում եմ համաձայնել մտքի հեղինակի հետ։ Պարտության պատճառը արժեքների կորուստն էր։ Մեզ թվում էր, թե ֆիդայական տրամաբանությամբ ու սպառազինությամբ բանակ ունենալը հերիք ա հաղթելու համար։ Չէ՞ որ մինչ այդ նույն կերպ հաղթել էինք։ Դրա համար բանակը սարքեցինք բիզնես։ Մեզ այն պետք չէր։ Ինչը ավել էր, վաճառվում էր։ Տնտեսությունը դարձավ կորզող, վաշխառուական, ուտել-խմելու, վայելքների միտված։ Աշխատանքն արժեզրկվեց։ Ով սեփական քրտինքով աշխատում էր, ապրում, հարգի չէր, «շուստրի» չէր, կյանքի մարդ չէր ու հալածվում էր։ Հիմքում էն էր, որ մենք հաղթել ենք, մենք ուժեղ ենք, մեզ հիմա ամեն ինչ կարելի ա, մենք զավթող ենք ու եթե էդ պահին հարմար թշնամի չկա, ապա կարելի ա յուրայինից զավթել։ Մեծ զրկանքներից հետո զավթելու ու վայելելու ժամանակներն էին եկել։ Կեր, խմի, քեֆ արա, Նազար ջա՛ն։ ՈՒ որ նայում ես՝ ովքեր են փողի ու վայելքների գերի դարձել… Ախր էդ մարդիկ կյանքը չէին խնայում արժեքների համար ու հետո ո՜նց փչացան, ո՜նց ամբողջ անցած ճանապարհը ոտքի տակ տվեցին, ո՜նց 26 տարի անց փախան մարտի դաշտից ու միայն նահանջի հրամաններ էին տալիս։ Ախր նույն դաշտերում հրաշքներ էին գործում, երբ կորցնելու միայն արժեքներ ունեին։
Լավ, հիմա անցանք էդ փուլը, պարտվեցինք։ Դասեր քաղե՞լ ենք արդյոք։ Նայեք էսօրվա հանրային կյանքը։ Մի հոգի ա մեղավոր՝ Նիկոլը, ու շատ քիչ ա խոսվում, որ մենք պետք ա վերաիմաստավորենք մեր ապրելու կերպը։ Ավելին, նրանք, որոնք հետևողականորեն կերտեցին էս պարտությունը, ասում են, որ իրենց ժամանակ ամեն ինչ ավելի լավ էր ու պետք ա նույն կերպ էլ շարունակել։ Ո՛չ մի փոփոխություն։ Մեղավո՞ր ա արդյոք Նիկոլը։ Իհա՛րկե։ Պե՞տք ա հեռանա, որովհետև ունակ չեղավ բավարար չափով փոխելու արժեքները։ Իհա՛րկե։ Ի՞նչ արժեքներ ենք փոխելու ու ո՞նց։ Էդ հարցը ոչ ոք չի քննարկում։ Միայն՝ «Նի-կո՛լ, դավա-ճա՛ն», «Նի-կո՛լ, հեռա-ցի՛ր»։
Սովորաբար նման գրառումների տակ մարդիկ պահանջում են մե՛ր պատկերացումներն ասել, քայլեր նշել, այլ ոչ միայն ստատուս գրել։ Մենք ասում ենք։ Ամեն հարցազրույցի մեջ, հանրային խոսքի մեջ դրանից ենք խոսում, մեր կուսակցության ծրագրերի, արժեքների, սկզբունքների մեջ հենց դա՛ ա նշված։ Արժեքները՝ արդարություն, ազատություն ու համերաշխություն՝ հենց նշված հերթականությամբ ու առաջնահերթություններով։ Աշխատանքը, ռեալ տնտեսությունը պետք ա կուռք դառնան, որոնց հիմքում կլինի նշված արժեքները։ Սրանք, իհարկե, լայն հասկացություններ են, որոնք բացելու հնարավորություն կունենանք նվազագույնը՝ նախընտրական արշավում։ Կարևորը՝ հարցնել, հարցադրել, թե ինչ ա լինելու հետո, ոչ թե ովքեր են լինելու։ Քաղաքացիներից ա կախված, թե ինչի մասին թենածուները կխոսեն ընտրությունների ժամանակ։ Կարող ա լինել սև-սպիտակի, կոմպրոմատների քարոզարշավ ու արժեքների ընտրություն։ Ամեն ինչ մեզնից ա կախված։
Մեր Ուղին Հարթակը կիսում է կայքէջում տեղ գտած տեսակետները: