Ազատ բեմ

Բերվում է Մի Թույլ Բյուրո

Հարութ Մանուկյան

Մեր պետականության՝ քաղաքական առումով քայքայման ենթարկված այս օրերին, Հայ Հեղափոխական Դաշնակցության պատմությանն ու գաղափարին լավատեղյակ ամեն ոք ի վիճակի չէ հասկանալու Հայաստանյան կառույցի քաղաքական սիլի-բիլին ստորացուցիչ ու հայադավ, ՓԱՍՏԱԹՂԹԻ դիմաց ծնկի եկած 15 կոռումպացված «կուսակցությունների» հետ։

Դաշնակցական մեծ ընտանիքի գլխավոր առանձնահատկություններից մեկը մշտապես եղել է միասնական կառավարման ոճն ու այդպես են վարվել  կուսակցության հիմնադիրները, ընդհուպ մինչև Զեյթլյան, Մարուխյան և Տասնապետյան։

Եվ այդպես 110 տարի, մի ողջ դարաշրջան։

Մինչև 1990-ականները ՀՅԴ-ն Սփյուռքում նախանձելի հեղինակություն էր վայելում և այդ ժամանակ էր, որ իր անվերապահ զորակցությունը հայտնեց Արցախյան Գոյամարտին և ՀՀ Առաջին Հանրապետությունից հետո առաջին անգամ իր նստավայրը հաստատեց Երևանում։ Ամուր ու հաստատակամ մնաց նույնիսկ Տեր-Պետրոսյանական պառակտիչ ճնշումների ժամանակ։

ՀՅԴ-ի շրջադարձային փոփոխությունները սկսվեցին Քոչարյանի նախագահությամբ, երբ դաշնակցական քաղաքական բանտարկյալների գործերը սառեցվեցին, ու սկսվեց պետությունը բարոյազրկող ու կեղեքող կոալիցիաների գործունեությունը։ Եվ դա ժողովրդից հեռացրեց ու բարոյազրկեց իշխանության կողքը գործող յուրաքանչյուր «կուսակցության»։

Իշխանությունների հետ սիրաբանող բոլոր կուսակցությունների հեղինակազրկումը, որը իրականացվեց ղեկավարական մութ գործարքներով, երկիրը քայքայող վատնումներով ու ՇԵՖԱԿԱՆ գաղտնի համաձայնություններով ոչ մի պահ չթուլացավ, ավելի՜ն, էլ ավելի մեծ թափ ստացավ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, որով և շարունակվեց «հեղափոխական» ղեկավարության երեքուկես տարվա ժամանակահատվածի ընթացքը, ընդհուպ մինչև ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՈՒՄԸ։

Վերոհիշյալ ՀՅԴ-ՔՍԱՆԱՄՅԱ ԵՐԵՎՈՒՅԹԻ և 2018թ․ Հոկտեմբերի 2-ի կորցված հնարավորության գնահատականները վաղ թե ուշ տրվելու են հայ պատմաբանի ու մտավորականի կողմից։

Մինչ այդ՝

Այսօր պետք է հստակորեն արձանագրել, որ ամբողջ 20 տարի ՀՅԴ-ն այնպիսի հսկայական լիազորություններ էր տվել «նախորդ» Բյուրոյի ներկայացուցչին, որ 2019թ․ հունվարին՝ 33-րդ Ընդհանուր Ժողովի իր «հրաժեշտի» խոսքում համարձակվեց իր քաղաքականության շարունակությունը պարտադրել «հաջորդ» Բյուրոյին։

Ոչ միայն՝

33-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ Հրանտ Մարգարյանը մի սենյակում հավաքեց իր հետ տարած լիազոր ձայնով պատգամավորներին ու բառացիորեն հրահանգեց՝

-Բերում ենք մի թույլ Բյուրո։

Ամփոփենք հետևյալ խտացված հաստատումներով՝

-Դաշնակցության ողջ կառույցը մաշեցնող այդ 20 և ավելի տարիներն են, որ ջարդեցին դաշնակցական մտավորականության ոգին ու ուսանողության ողնաշարը, ղեկավարի կերպարը փոխարինեցին աթոռակռվով, գաղափարախոսությունը վերածեցին բիզնեսի, կանոնագիրը՝ ներքին ճնշման, արգելման ու պատժիչ զենքի, ժողովրդավարությունը դարձավ Սերժ Սարգսյանի վերարտադրման փորձադաշտի ու Սփյուռքն էլ ստրկացվեց իբրև կույր թմբկահար, որի իրավունքը միայն ծափահարելն ու փող վճարելն է։

Եվ այդ իսկ պատճառով՝

Երևանի Ազատության հրապարակում ՀՅԴ գործում է իբրև մարդ-կուսակցություն՝ կողք-կողքի կանգնած ու բռունցք թափ տվող մնացյալ 15 քաղաքական իշխանների հետ։

    

One Response to “Բերվում է Մի Թույլ Բյուրո”

  1. Asdghig Malalyan Reply

    Եթէ Հարութ Մանուկյանը գրած լիներ, որ դաշնակցությունն էլ սխալական կուսակցություն է, թող տվել է այս կամ այն սխալը, առարկություն պիտի չանեի: Բայց նա սկսել է սխալվել առաջին իսկ տողից: Ո՞վ է ծնկի եկել դաւադիր համաձայնությանը հետ, Նիկոլն ու իր շուրջը խմբաված տգետնե՞րը, թէ այն 16-17 կուսակցությունները, ովքեր բողոքում են նրա ամոթալի պարտությանը դեմ, աշխատում են մի բան փրկել Նիկոլի կորցրածից, որպէսզի Աիյեւն ու Էրդողանը Հայաստանն էլ չխլեն մեզանից: Ասեմ մի այլ կետ. դուք մոռացե՞լ եք, որ սա այն դաշնակցությունն է, որը ձախողեցրեց ձեր ասած՝ Սերժի, եւ Թուրքիայի միջեւ համաձայնության ծրագիրը, սա այն դաշնակցությունը չէ՞, որը առաջինը եղաւ Նիկոլի կողքին կանգնելու եւ հետո, Նիկոլը եղաւ իր առաջին բարեկամին առաջին դաւաճանողը: Իսկ ի՞նչ ունեք ասելու Արցախի հողերը Ադրպեճանին յանձնելու նրա ստորագրածի մասին: Հո՞ն էլ պիտի ասեք՝ «մեղավոր է դաշնակցություն»: Մի նշանաւոր աշուղ ասել է. խելքի աշեցեք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *