Ազատ բեմ

Հակառակ Դեպքում Չոքելն Անխուսափելի Է

Մուրացկանը ստիպված է ուտել այն, ինչ նրան տալիս են:

Րաֆֆի

Արայիկ Մկրտումյան

Այս տողերն իրենց մեջ խորը և դառը ճշմարտություն են պարունակում: Եվ իրոք, մուրացկանն ընտրելու կամ պահանջելու հնարավորություն չունի, նա պիտի գոհանա, եթե իրեն ինչ որ բան են տալիս, որովհետև երբ խնդրում ես, ստիպված ես համաձայնվել ստացածի հետ:

Երբ խնդրում ես, դիմացինին իրավունք ես տալիս որոշելու թե քեզ ինչ, ինչքան ու ինչպես է պետք:

Անձնական մակարդակում ստորացուցիչ այս հանգամանքն ավելի ծանր է հասարակական, ազգային, պետական մակարդակներում, երբ ինչ որ բան ենք խնդրում ուրիշներից, այդ ուրիշներն են որոշում, թե արդյո՞ք մեզ դա տան, թե ոչ, կամ ինչ տան ու ինչ պահանջեն դրա դիմաց։

Երիցս ճիշտ էր Մլեհը, ով գտնում էր, որ հարևան պետությունը կարող է լինել բարեկամ կամ դաշնակից, բայց ոչ մի դեպքում հովանավոր, որովհետև շատ լավ գիտեր, թե ինչ է նշանակում քո ընտրության իրավունքը տալ դիմացինին:

Բայց նրան չհասկացան թանձրամիտ հոգևորականներն ու շահամոլ, կույր իշխանները, ովքեր խնդրելու կողմնակիցն էին, ոչ թե պահանջելու, վերցնելու:

Հետո պատմության անիվը թարս պտտվեց ու մենք սկսեցինք խնդրել, ֆրանսիացիներին, անգլիացիներին, Հռոմի պապին, պարսիկին, թուրքին, գերմանացուն, ամերիկացուն ու նրանք էլ որոշեցին, թե ինչ տան մեզ կամ ընդհանրապես տան թե ոչ:

Անկախ նրանից թե ՄԱԿ-ն է, Վենետիկի հանձնաժողովը, Մինսկի համանախագահները, ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի խորհուրդը, ռուս կայսրը, թե ամերիկացի նախագահը, նրանք մեր ակնկալիքները չեն արդարացնելու: Որովհետև մենք խնդրում ենք, իսկ իրենք էլ կորոշեն, թե լսեն մեզ, թե ոչ:

Մուրացկանի սինդրոմը, զոհի ու խեղճի, անարգվածի, թույլի կերպարը շահեկան է առանձին անհատների համար, որոնք այլ կերպ չեն կարողանում հասնել իրենց պահանջներին, քան տարատեսակ մանիպուլյացիաներով ու պրովոկացիաներով: Մենք մեծ խնդիր ունենք:

Մենք պետական ու հասարակական մասշտաբով սովորել ենք ուրիշներին ինչ որ բաներ խնդրելու՝ առավել հաճախ՝ հող, փող, ցեղասպանության ճանաչում և այլն և այլն և այլն:

Մենք այդպես էլ չհասկացանք, որ բռնաբարված կնոջը կարեկցում են, երբեմն օգնում, ավելի հաճախ արհամարում, բայց երբեք չեն հարգում, անկախ նրանից, որ նրա երեսին չեն գոռում, որ դու թույլ ես, վատն ես, որովհետև ինքդ քեզ չես կարողանում պաշտպանել:

Բայց եթե առանձին կնոջ դեպքում, վերջինս հաճախ իրոք հնարավորություն չունի պաշտպանվելու, երբ նրա հավատը չարաշահել են, խաբել կամ ուժ գործադրել, որին նա ի վիճակի չի եղել հակադարձելու, ապա ազգերի դեպքում դա անթույլատրելի է։

Պապ թագավորը, որին եկեղեցականները ատում էին, որովհետև նա եկեղեցու ունեցվածքը բռնագրավեց, անկախացրեց հայ եկեղեցին: Հայ կաթողիկոսը պիտի խնդրեր Կեսիարիայի մետրոպոլիտին, որ նա իրեն օծեր, հակառակ դեպքում կաթողիկոսի թեկնածուն չէր հաստատվում: Նույն կերպ և արդեն սկսել էին սովորել, որ եթե հունաց կայսրը կամ պարսից շահը չի հաստատում, ապա արքան արքա չէ: Պապը կոտրեց այս կարծրատիպերն ու վաստակեց ծնկելու սովոր մարդկանց թշնամանքը:

Բուլգակովն ասում էր. «Երբեք ոչ ոքից ոչինչ մի խնդրեք, հատկապես, երբ նրանք ուժեղ են ձեզնից: Իրենք կառաջարկեն, իրենք էլ կտան»:

Գուցե դառն է հնչում, բայց այսօր մենք հարմարվել ենք խնդրել-աղերսելուն: Խնդրում ենք սրան-նրան, որ մեր իրավունքները հարգի ու պաշտպանի:

Ո՛չ: Հազար անգամ ոչ:

Խնդրանքը թանկ բան է: Իսկ մուրացկանությունը՝ նրա կեղծ երկվորյակը:

Եկեք հարգենք ինքներս մեզ՝ որպես մարդ, քաղաքացի, հասարակություն, ազգ, ժողովուրդ, պետություն:

Հակառակ դեպքում չոքելն անխուսափելի է: Չոքածը շուտ է պառկում, իսկ պառկածին ոչ թե քրիստոնեաբար օգնում են, բարձրացնում, այլ ոտքերն են սրբում վրան:

Եվ ինչո՞ւ ենք այդպես համառորեն նայում, թե ՌԴ-ն կամ արևմուտքը կհամաձայնվի ինչ որ բանի թե ոչ: Դուք ձեր հարևանին չեք հարցնում, թե ինչ անեք ձեր տանը, իսկ մենք ահա ողջ աշխարհին հրավիրել ենք ու խնդրում ենք, որ նա հաստատի կամ մերժի: Գրողը տանի, հասկանո՞ւմ եք:

Նրանք են որոշում, թե մեզ ինչ է պետք, ինչ իրավունք: Ու մենք համաձայնվում ենք: Սա ավելի վատ է, քան ողբերգությունը, սա սխալ է, գիտակցված սխալ:

Մեզնից շատերն անհատապես ամաչում են ինչ որ մեկից ինչ որ բան խնդրել, համարում են, որ դա պատվից ցածր է: Որովհետև ուզում ենք, որ մենք ինքներս ամեն ինչ կարողանանք, որ երբևէ խնդրողի դերում չհայտնվենք, որովհետև մերժվելու ամոթն ավելի սարսափելի է:

Այդ դեպքում ինչո՞ւ մենք բոլորս, որ այդպես համառորեն իրարից ոչինչ չենք խնդրում անձնական դաշտում, խնդրում ենք համաշխարհային մաստշաբով:

Որովհետև մենք մեզ ազգային ու պետական պատասխանատու չենք համարում: Մենք տեր ենք արդյունքին, ոչ թե հետևանքներին:

Երբ կմիավորվենք ու ազգի ամոթն ու պպատիվը կդառնա մերը, սեփականը, մենք չենք խնդրի, մենք կվերցնենք:

Եթե ոչինչ չփոխեցինք, ապագայում էլ ստիպված ենք լինելու բավարարվելու նրանով ինչ ուրիշները կտան:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *