Հայաստան

Երնեկ, թե Այս Նոր Տարին…

Արայիկ Մկրտումյան

Հենց այս երգի բառերն էլ այս տարի ամենաշատը հնչեցին ու հենց այդ երգով էլ մարդիկ փորձում էին ինչ որ մխիթարանքներ գտնել ու հուսալ, որ որ այս տարին ավելի լավը կլինի, կամ գոնե յնքան սարսափելի չի լինի, ինչքան, որ 2020-ը: Իսկ անցած տարին, իրոք, որ աղետալի էր՝ բոլոր առումներով: Վաղուց էր ինչ միանգամից այսքան փորձանք միաժամանակ չէին կուտակվել մեր գլխին: Եվ եթե նախորդ տարիներում մենք գտնում էին լոկալ անհաջողություններ, ապա 2020-ը պարզապես ցնցեց մեզ իր դաժանությամբ ու հրեշավորությամբ, որ չենք կարողանում ուշքի գալ, թեև դա ամենաշատն է պետք:

Բայց նախ մի քանի հարց: Ինչով էր պայմանավորված 2020թ. սարսափելիությունը: Եկեք չոր նայենք, եկեք էմոցիան դնենք մի կողմ, եկեք հասկանանք:

Նախ՝ համաշխարհային պանդեմիան: Դա ինչ որ աստվածային վճիռ չէր, ու եթե մենք ի վիճակի լինեինք երկաթյա կարգապահություն ու վճռականություն ցույց տալ, ապա առավել քան վստահ եմ, որ համաճարակը ՀՀ-ում այդպես չէրշ մոլեգնի, իսկ հիմա այն ուղղակի բարգավաճում է ու մենք հիմա սպասում ենք երրորդ ալիքին: Հիմա չեմ խորանա պետական մարմինների ու անհատ քաղաքացիների բացթողումների պահով, այլ միայն կնշեմ, որ կորոնան այդքան դաժան եղավ հատկապես մեր անհոգ ու արհամարական վերաբերմունքի պատճառով:

Պատերազմ: Սա իհարկե շատ մեծ թեմա է: Արդյունքի մասին բոլորը գիտեն, ուստի զերծ կմնամ ևս մեկ անգամ բոլորին հիշեցնելու այդ ողջ սարսափի չափերի փորձից ու կասեմ միայն մի բան: Այն ինչ կատարվեց, մեղավոր ենք միայն ու միայն մենք: Մենք և ուրիշ ոչ ոք: Իհարկե մեծ է գայթակղությունը մեղավորներ փնտրել ուրիշ տեղ, բայց կեղծ մխիթարանք է: Մենք ենք մեղավոր և՛ կորսված հողերի, և՛ հազարավոր զոհերի, և՛ ավերված քաղաքների, և՛ հենց հիմա շարունակվող ներքաղաքական այս ողջ այլանդակության համար: Եթե մենք որպես ժողովուրդ ու հասարակություն ավելի վճռական ու կամային գտնվեինք հենց 1991թ. սկսած, ապա առավել քան համոզված եմ, որ այս պատերազմը լրիվ ուրիշ ընթացք կունենար: Ու նույնիսկ հարց է, թե այս պատերազմը կլիներ, թե չէ:

Եվ այսպես: Ինչո՞ւ չպետք է 2020-ը վատ տարի լիներ: Հասկանում ենք, որ ոչ մի պատճառ չկա, որ այն վատը չլիներ: Ի վերջո հասկանում ենք, որ պարապ նստել և արդյունքի սպասելը ոչ մի հրաշալի հետևանքի չի հասցնելու: Մենք դա տեսանք, համոզվեցինք, բայց հասկացա՞նք: Վստահ չեմ: Վստահ չեմ, որովհետև կրկին ցանկություններ, մաղթանքներ…ու ոչ մի կոնկրետ քայլ, ոչ մի գործ, այլ միայն հույս: Հույս որն ուղղված է չգիտես՝ ում: Ու այդ հույսը, որը չունի ոչ մի գործնական տրամադրվածություն, վերջում սուտ ու կեղծ է դուրս գալիս ու մենք հերթական
անգամ խաբված ենք դուրս գալիս:

Այս տարի մենք էլի կենացներ խմեցինք, որ այս տարին ավելի լավը կլինի: Չեմ ուզում սկեպտիկորեն մոտենալ ու ասել, որ կենցաը վատ բան է, բայց եթե միայն կենաց է, ապա վատ հետևանքից խուսափելն ուղղակի անհնար է:

Եվ այդ խնդիրն այնքան մեծ ու արտահայտված է, որ նույնիսկ Րաֆֆին է իր ժամանակին անդրադարձել դրան: Մի փոքր մեջբերում՝
«.քանի՜֊քանի՜ հազարավոր այսպիսի դեկտեմբերներ յուրյանց հրացաններով արտաքսել են հայոց ռամիկները, քանի՜֊քանի՜ նոր տարիք սիրով ու ուրախությամբ ընդունել են նոքա։ Բայց նոցանից և ոչ մինը չէ բերել նոցա համար մի նոր բախտ։

Արդարև, հոլովական տարիքը ոչինչ չեն ներգործում հայերի տխուր և տրտում
վիճակի վերա։ Պատճառն, որ թեպետ բնության նախասահմանյալ օրենքներին համաձայն տարիքը փոփոխվում են֊ գնում է հինը, գալիս է նորը, բայց հայերը, անդարդ կենալով յուրյանց գերեզմանական անշարժության մեջ, երբեք չեն մտածում փոխել յուրյանց մեռելային դրությունը։ Հայերը յուրյանց կյանքը չեն չեն համաձայնեցնում տարիների ընթացքի հետ, և ժամանակի պիտույքների հետ։ Հայերի համար թե՛ անցյալը, թե՛ ներկան, և թե՛ ապառնին ունեն միևնույն կորստաբեր նշանակությունը։

Միով բանիվ, հայերի համար չկա Նոր տարի»:

Այո՛, դառն է ընդունել այդ ամենի իրական ծանրությունը, բայց ի վերջո մենք պիտի ուշքի գանք թե ոչ: Մենք պիտի հասկանանք, որ դեկտեմբերից անցում հունվար՝ չի նշանակում ինչ որ կախարդական ու լավ բան: Ի վերջո մի քանի հազար տարի է, որ նոր տարին մենք այդ օրերն ենք նշում: Նշել ենք նաև օգոստոսի 11-ին: Նույն տրամաբանությամբ չինացիները պիտի հույս ունենան, որ հենց այնպես տնտեսություն կվերականգնվի կամ նման մի բան: Ծիծաղելի է մտածել, որ 2021-ը ավելի լավը կլինի, եթե մենք կենացներից այն կողմ չգնանք: Իրոք ծիծաղելի ու նունիսկ տխուր:

Եվ մնում է միայն նորից ու նորից դառնանալ, որ «հայերի համար չկա Նոր տարի», որովհետև մենք մի կաթիլ անգամ պրագմատիզմ չունեցանք ու այնպես ինչպես սպասում էինք, որ մեզ ինչ որ մեկը պիտի գա փրկելու, այնպես էլ սպասում ենք, որ դեկտեմբերից հունվար անցումը մեզ համար հրաշք կատարի:

Նոր տարի չկա և չի կարող լինել: Մեզ ոչ ոք այն չի նվիրելու, մենք ինքներս պետք է այն ստեղծենք ու բերենք և այնժամ, երբ ի վիճակի կլինենք խոսքից գործի անցնելու ու զգանք, տեսնենք, հասկանանք մեր արածի հետևանքն ու արդյունքը, տարվա ցանկացած օր կարող ենք ասել. «Շնորհավոր Նոր Տարի», իսկ մինչ այդ, մեզ գործել է պետք, միայն և միայն գործել, հակառակ դեպքում «Նոր տարին երբեք չի գա»:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *