Մենք կարող էին հաղթել այս պատերազմում, ու որ մեր պարտությունից քաղելիք ճիշտ դասը սա է:
Վահան Զանոյան
Ապշած ընթերցեցի Ժիրայր Լիպարիտյանի պատասխանը փետրվարի 3-ին հրապարակված իմ հոդվածին։
Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի էր փաստարկներս այսքան տարողունակ ու համակարգային կերպով աղավաղել։ Առաջին իսկ նախադասությունից սկսած, որտեղ ըստ Լիպարիտյանի, «Զանոյանը պնդում է, թե Հայաստանի ներկա խնդիրների պատասխանատուն Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու իմ իրապաշտություն է», մինչև վերջին միտքը, Լիպարիտյանն իր պատասխանը ողողել է իմ կարծիքների խեղաթյուրմամբ։ Ինձ անհայտ բերումով նա ուշադրությամբ խուսափում է հոդվածիս հիմնական գաղափարին անդրադառնալուց, այն է՝ ի՞նչ ճիշտ կամ սխալ դասեր կարելի է քաղել պատերազմից, և որո՞նք են ապագայի հնարավորությունները, ոչ թե ինչ անել անցյալի հետ։ Նա ինձ անդադար մեղադրում է անցած 22 տարվա մեջ որևէ մեղք չգտնելու համար, մինչդեռ ես հետևողականորեն այսօրվա խնդիրները վերագրել եմ անցած 26 տարում ունեցած սխալներին՝ ժամանակահատված, որը ներառում է բոլոր երեք Նախագահներին ու ներկայիս Վարչապետին։
Անմեկնելի կերպով, սակայն, Լիպարիտյանն է՛լ ավելի անդին է անցնում, քան տեսակետներս սոսկ աղավաղելը՝ վերագրելով ինձ գաղափարների այնպիսի մի կծիկ, որոնց իմ հոդվածում ես չեմ անդրադարձել անգամ։ Ակնհայտ է, որ գիտակցության պարսավալից այս հոսքը նրա մոտ ցավագին ու սուր ինքնապաշտպանական զայրույթի արգասիք է։ Նա արձագանքել է ոչ թե իմ գրածին, այլ այն հեռատարած մտահանգումներին, որոնց նա նախընտրել է հասնել՝ մեկնելով իմ խոսքերից; ու հաճախ նրա քննադատությունն ուղղված է ոչ թե իմ դեմ, այլ իմ «կրոնական համախոհների» ու ինչ-որ «տեսլական ունեցողների», թեև պարզ չէ՝ ում նկատի ունի։
Մինչդեռ, Google-ով հոդվածներիս պարզ որոնումը պրն․ Լիպարիտյանին ցույց կտար, որ ես անցյալին երբևէ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ իր՝ Լիպարիտյանի հասցեին որևէ քննադատական բան հրապարակած չկամ։ Ես հոդվածներ եմ հեղինակել, որոնցում քննադատել եմ ներկայիս Հայաստանում քաղաքական բանավեճի որակը, քննադատել եմ թե՛ Փաշինյանի կառավարությանը, թե՛ ընդդիմությանը, քննադատել եմ երկրում մշակութային չափանիշների անմխիթար վիճակը, սակայն ոչ երբեք՝ Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Լիպարիտյանին, չնայած նրանց դոկտրինի կապակցությամբ իմ ունեցած հիմնարար տարաձայնություններին։ Նրանց մասին՝ ոչ մի նախադասություն։ Ինչո՞ւ։ Որովհետև ես խաչակրաց արշավանքի չեմ ելել Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Լիպարիտյանին վարկաբեկելու համար՝ ոչ այսօր, ոչ անցյալում։ Ավելին, այդ ամենն անցյալին է պատկանում, ու եթե ես չեմ կարող քննադատելուս հետ մեկտեղ կառուցողական որևէ լուծում առաջարկել, ապա վերապահ եմ մնում նման քննադատությունից։ Սա է՛լ ավելի անհասկանալի է դարձնում՝ ի՞նչ կապ ունեմ ես Լիպարիտյանի երևակայության մեջ իր ետևից ընկած «կրոնական համախոհների» ու «տեսլական ունեցողների» պաշտամունքի հետ։
Այս հոդվածը գրելուս դրդապատճառն այն մտայնություն է, որի արմատներն «ասում էինք, չէ՞» վերաբերմունքի մեջ են (տե՛ս Լիպարիտյանի հոդվածը Mirror Spectator-ի 2020 թ․ նոյեմբերի 24-ի համարում)։ Այնտեղ ասվում էր, որ մենք պարտվեցինք մի պատերազմում, որում երբեք հաղթել չէինք կարող, ինչը նա վաղուց արդեն կանխագուշակել էր։ Իմ կարծիքով, դա շատ վտանգավոր խորհուրդ է, քանի որ այն խաղում է բարոյալքված ու վախեցած հանրության զգացմունքների հետ։ Բացի այդ, ես բացարձակապես համաձայն չեմ դրան։ Այդտեղից էլ՝ հոդվածս։ Ահա այն ենթատեքստը, որում իմ հոդվածը պետք է ընկալել, ու ես բավարար հստակությամբ դա նշել եմ սկզբից ևեթ։ «Ի վերջո, մենք հենց նոր պարտվեցինք մի պատերազմում, որում ըստ նրանց մենք երբեք չէինք կարող հաղթել, ինչը խնդրից անտեղյակ շատ դիտորդների ոչ միայն ապացուցում է, որ նրանք ճիշտ էին, այլև որ նրանց տրամաբանությունը ևս ճիշտ էր։ Սա վտանգավոր է, որովհետև ճշմարտության հետ որևէ աղերս չունի»։
Ես կարծում եմ, որ մենք կարող էին հաղթել այս պատերազմում, ու որ մեր պարտությունից քաղելիք ճիշտ դասը սա է․ «Պատերազմում կարելի էր հաղթել, եթե մենք վերջին 26 տարում ներդրումներ արած լինեինք դրան պատրաստվելու համար։ Հեգնանքով պետք է ընդունենք, որ պատերազմից կարելի էր նույնիսկ խուսափել, եթե մենք իրոք պատրաստ լինեինք դրան, որովհետև եթե իրոք դրան լինեինք պատրաստ, ապա կարող էինք անգամ նաև հաղթած լինել պատերազմում՝ նախքան այն սկսվելը»։
Չեմ ցանկանում այս խնդրի շուրջ անպտուղ քննարկումների մեջ մտնել։ Երկու հոդվածն էլ հասանելի են հանրությանը։ Իմ փաստարկները հստակ են։ Ես բառերս ընտրել եմ ուշադրությամբ, ու յուրաքանչյուր նախադասություն հստակ իմաստ ու ենթատեքստ ունի։ Ընթերցողներին հրավիրում եմ գրածս համեմատել պրն․ Լիպարիտյանի պատասխանի հետ ու հանգել սեփական եզրակացության այն մասին, թե որքանով է մեկն առնչվում մյուսին։
Լիպարիտյանի հոդվածը կարողեք գտնել հետևյալ հղումով` newarmeian.am