Հայաստան

Ձեռք Ձեռքի Տված․․․

Գարեգին Միսկարյան

Շատերը կարծում են, այդ թվում նաև իրենց քաղաքական գործիչ համարող շատերը, որ քաղաքականությունը իշխանության գալու, իշխանությունը վերցնելու, իշխանական լծակներին տիրանալու միջոց է։ Որ քաղաքական գործիչը այն մարդն է, ով որոշել է իշխանության գալ ժողովրդի քվեն ստանալով։ Վերջերս շատ է հնչում. «Իշխանությունը փողոցում գցած էր» արտահայտությունը։ Մեզ ասում են` այ իշխանությունը գցած էր փողոցում, բայց դուք չկարողացանք միավորվել, ստեղծել երրորդ բևեռ և վերցնել իշխանությունը։

Սիրելի հայեր, սիրելի հայրենակիցներ, սիրելի ՀՀ քաղաքացիներ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ` ինձ, քեզ, որ հիմա կարդում ես, իմ ու քո հարազատներին, մեր ընկերներին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և մնացած ծանոթ ու անծանոթ ՀՀ քաղաքացիներին։ Մենք` ՀՀ քաղաքացիներս ենք Հայաստանի Հանրապետության տերը։ Հայաստանի Հանրապետությունը մերն է` մեր պետությունն է։

Ո’չ քաղաքական գործիչները, ո’չ պաշտոնյաները, ո’չ գիտնականները, ո’չ ծրագրավորողները առանձին վերցրած, այլ բոլորս միասին ենք Հայաստանի Հանրապետության տերը և Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է մեզ։

Երկրորդ թյուրըմբռնումը, որ կա, այն է, որ ով հայտ է ներկայացնում պաշտոն զբաղեցնել, լինի դա ուսուցիչ, իրավաբան, ծրագրավորող, տնտեսագետ, նա քաղաքական գործիչ է։

Ոչ, սիրելի մասնագիտական համայնք։ Մասնագիտական հետաքրքրությունները կյանքի կոչելու համար կան արհմիություններ, որոնք կարող են աջակցել այս կամ այն քաղաքական ուժին, բայց եթե դուք չեք գտնում այնպիսի քաղաքական ուժ, որը ձեր խնդիրների լուծումները կյանքի կկոչի, ապա դուք պարզապես լավ չեք «փնտրում»։

Իհարկե, օրենքը չի արգելում ստեղծել խառատների կուսակցություն, կավագործների կուսակցություն, ծրագրավորողների կուսակցություն, բայց հավատացնում եմ ձեզ, մեր խնդիրը ոչ թե կուսակցություններ չունենալն է կամ դրանց քիչ լինելը, այլ այն, որ էդ կուսակցությունները հիմնել են մարդիկ, ովքեր իրական քաղաքականությունից, քաղաքական ու պետական գործիչ լինելուց կիլոմետրով հեռու են։ Դրանք ավելի շատ եղել են առևտրային կազմակերպություններ, իսկ դուք հիմա ցանկանում եք հիշել մասնագիտական կազմակերպություններ։

Ամենաշատը, որ ես չէի ուզի, դա այն է, որ դուք սխալ գնահատելով խնդիրը սխալ արդյունքի հասնեք և սխալ քայլերի հետևանքով ավելի խորացնեք առանց այն էլ պետության մեջ առկա բազմաշերտ ճգնաժամերը։ Որովհետև ճահիճում խեղդվողին (տվյալ դեպքում անառողջ քաղաքական դաշտին) փրկելու համար բոլորովին անհրաժեշտ չի մտնել այդ նույն ճահիճը, այլ կարիք կա խորհրդակցել նրանց հետ ովքեր հայտ են ներկայացրել մաքրել այդ ճահիճը և համագործակցել նրանց` այո, մեզ հետ։ Հակառակ դեպքում, գլխիվայր ցատկելով այդ ծանծաղի մեջ, իբր պետությունը փրկելու համար, դուք այն ավելի եք դարձնելու անհասկանալի ու անկայուն։

Մեր կուսակցությունը բաց է բոլոր ազնիվ մարդկանց առաջ, ովքեր կարծում են, որ իրենք անելիք ունեն Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման գործում։ Ովքեր կարծում են, որ մենք` ՀՀ սրտացավ քաղաքացիներս ենք այս երկրի տերը և մենք միասին անելիք ունենք այս ճգնաժամերը հաղթահարելու ու պետականությունը կայացնելու գործում։

Ես պատրաստ եմ անձամբ հանդիպել բոլոր ցանկացողների, հետաքրքրվողների հետ, բոլոր նրանց հետ ովքեր ուզում են իմանալ, թե ինչ կերպ, ինչ ճանապարհով, ինչ միջոցներով է հնարավոր Հայաստանը հանել այս վիճակից։ Պատրաստ եմ 7 օր 24 ժամ ռեժիմով։

Բայց, ի սեր աստծո, եթե դուք բացի ձեզանից ոչ մեկին (այդ թվում նաև ինձ) չեք վստահում, դա դեռ չի նշանակում, որ դուք լինելով լավ շինարար, լավ գիտնական, լավ լրագրող, լավ էնդոկրինոլոգ, նույնիսկ լավ հռետոր, կարող եք լինել նաև լավ քաղաքական ու պետական գործիչ։ Իհարկե, կա մի փոքր հավանականություն, որ կարող եք և լինել (հատկապես, եթե շատ եք ուզում, որ լինեք), բայց ամբողջ հարցը հենց այն է, որ եթե դուք այդպիսին եք, ապա պիտի իմանայիք, որ օրինակ, չի կարելի, պարզապես չի կարելի հիմնել մաշկաբանների կուսակցություն։ Դրա համար կան մասնագիտական միություններ, արհմիություններ, ասոցիացիաներ, բայց ոչ կուսակցություն։

Եկեք միասին առողջացնենք Հայաստանի պետականության համար այդքան անհրաժեշտ քաղաքական դաշտը, եկեք ավելի չխորացնենք առանց այն էլ ապակողմորոշված ժողովրդի ծանր վիճակը, այլ միասին, խելք խելքի տալով, ձեռք ձեռքի տված քայլ առ քայլ առաջ տանենք Հայաստանի Հանրապետությունը, մեր` իմ ու քո պետությունը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *