Հայաստան

Քաղաքական Օրակարգով՝ Շուտով Ստվար շարքեր Փողոցներում

Հանրությունը պատանդ է մնացել երկու բևեռների միջև

Սուրեն Սահակյան

Երեկ Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության հրավիրած հավաք-քննարկումը։

Հավաքի նպատակն էր ազդարարել մի գործընթացի մեկնարկ, որի ավարտին մենք կունենանք պակաս քաղաքական ապատիա և իրենց քաղաքական օրակարգը պարտադրող քաղաքացիների ստվար շարքեր փողոցներում։ Գործընթացի ավարտին երկու բևեռների պարտադրած օրակարգն իրենցը չհամարող քաղաքացիները հարթակ կունենան՝ արտահայտելու իրե՛նց մտքերն ու պահանջները։ Մյուս քաղաքացիները սրա-նրա միտինգներին «այո» կամ «ոչ» գոռացող քաղաքականության օբյեկտից կվերածվեն իրենց օրակարգը պարտադրող քաղաքականության սուբյեկտի։

Այս նպատակով կիրականացվեն գործողություններ, որոնք իրենց բնույթով նման կլինեն նախկինում Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական նախաձեռնությունների գործելաոճին։ Իհարկե, նախկինում, հին քաղաքական համակարգի դեմ կիրառվող գործիքակազմը այսօր արդյունավետ կիրառելի չէ և նոր գործիքների համար ստեղծագործական մոտեցման անհրաժեշտություն է առաջանալու, ինչի փորձը մենք ունենք։ Նախաձեռնող խումբը, ներառելով, համագործակցելով այլ քաղաքացիների, քաղաքացիական խմբերի հետ, կլուծի այդ հարցը։ Եթե գործընթացում մասնակցության ցանկություն լինի, դիմեք ինձ կամ ՔՈ ցանկացած անդամի։

Պետք է նաև հասկանալ, որ հավաքի ֆորմատը քաղաքական ավանդական, կարծրատիպային հանրահավաքի ֆորմատը չէր, որտեղ խնդիր էր դրված հնարավորինս շատ մարդ կուտակել մի կետում և նրանց գործընթացից դուրս թողնելով, պատմել, թե ինչ են մտածում «ավելի կարևոր» մարդիկ։ Ընդհանրապես, ժամանակն է վերջ դնել քաղաքական գործընթացների մասին այդ նախնադարյան պատկերացումներին։ Նրանց, որոնք հավաքների բովանդակությունը մի կողմ թողած, դրա մասին դատում են մասնակիցների քանակով, ուզում եմ ասել՝ դուք այդպես էլ չհասկացաք, թե ինչ տեղի ունեցավ 2018-ին։ Դուք չհասկացաք, թե ինչպես 15 հոգանոց քայլող խումբը մեկուկես ամսում վերածվեց 150.000-անոց Հանրապետության հրապարակի։ Քանի որ դա չէիք հասկանում, «մեղքը» բարդեցիք մասոնների, սորոսի ու այլմոլորակայինների վրա։ Չհասկացաք նաև, թե պատերազմում պարտությունից հետո հրավիրված բազմահազար հանրահավաքները ինչպես մի քանի օրում մաշվեցին, վերջացան։ Դե ինչ, ձեր այդպիսի մտածողությունը կարող է նախանշված գործընթացին մեծ օգուտ տալ, քանի որ մինչև դուք հասկանաք, թե ինչ է կատարվում, գործընթացն արդեն ավարտված կլինի։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *