Հայաստան

Վերջ Դնենք Երկգլխանի Հակադաշնակցականությանը

Դաշնակցությունը խաղաղություն է. դաշնակ ռեվիզիոնիսմը՝ պատերազմ

Կայծ Մինասյան

Որտեղի՞ց այդքան ատելություն:  Ինչու՞ այդքան մերժողականություն: Որովհետև ՀՅԴ-ից սպասելիքներ կան և եթե  նա չի  արդարացնում այդ սպասելիքները, արդյունքում առաջանում է հիասթափություն և տաղտկանք: Որովհետև ՀՅԴ-ն այնքան վախեր է ներշնչում, որ ժամանակի ընթացքում մերժողականություն և վա՞խ է առաջացնում: Որովհետև ՀՅԴ-ն այնքան լայն տարածում ունի, որ վերջ ի վերջո, նա ցանկություն է առաջացնում ազատվե՞լ տիրապետության այս համակարգից: Կամ միգուցե այս բոլոր պատճառները միասին վերցրած:

Հակադաշնակցականությունը այնքան խորն է խարսխված հայերի մտածողության մեջ, որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նրանք ազատվեն այս պաթոլոգիայից, քանի որ այն իրոք հիվանդություն է`անկարողություն և թուլություն, որը բնորոշ է այն ազգերին, ովքեր ապրում են ստորացումների մեջ և իրենց արդարացնելու համար փորձում են իրենց մեջից գտնեն մեկին, ով քավության նոխազը կլինի: Կարծում էին, որ 1991 թվականին Հայաստանի անկախացումը նվազեցրել էր այս ծայրահեղական վերաբերմունքը և թերթել էր անհաշտության և նևրոզի ազդակների էջը: Բայց ոչ, հրեշին արթնացնելու և սոցիալական ցանցերում սարսափելին կարդալու համար 2018 թվականի թավշյա հեղափոխությունն էր անհրաժեշտ և ՀՅԴ-ի զիհզագաձև պահվածքը: Ինչպե՞ս բացատրել այս հակադաշնակցականությունը: Այն բնակա՞ն երևույթ է: Ի՞նչ հիմքերի վրա է այն կառուցված: Եվ իր կողմից, արդյոք ՀՅԴ-ն չի չարաշահում իր սատանայականացման այս գործընթացը: Եթե այո, ապա ՀՅԴ-ի շրջանակներում ում համար է բարենպաստ հակադաշնակցականությունը:

Հակադաշնակցականությունը երկու կողմ ունի. Ամենալայն տարածում գտածն այն է, որ հակադաշնակցականությունը հիմարների հայրենասիրությունն է, եթե մեկնաբանենք Կարլ Մարքսի կարծիքը հակաամերիկացնիների սոցիալիզմի մասին: Հակադաշնակցականությունը պարզապես անտեղյակության նշան չէ, այն միաժամանակ մի քանի մոտեցումներից է ծագում`  համակարգային, փիլիսոփայական, պատմական, ինքնության, սոցիոլոլոգիական, քաղաքական, հոգեբանական, կրթական և մշակութային: 

Համակարգային մոտեցում. Հակադաշնակցականությունը ցույց է տալիս հայերի ինքնիշխանության փորձի պակասը, եթե հայոց պետականությունը ՀՅԴ-ի ձեռքերում լինի, ինչպես օրինակ 1918 թվականի I Հանրապետությունը, և եթե հայոց պետականության վերականգնվի և այն լինի անօրինական, ապա պետք է պայքարել դրա դեմ: 

Փիլիսոփայական մոտեցում. Հակադաշնակցականությունը լուսավորական (Lumières) գաղափարների դեմ է, քանի որ ՀՅԴ-ն հիմնվել է առաջընթացի, բանականության և երջանկության այս հարստությունների հիմքի վրա, չնայած ժամանակի ընթացքում այն հեռացել է Կանտի և 18-րդ դարի մտավորականների տեսություններից և դրանց շարունակությունից (19-րդ և 20-րդ դարեր) ինչպիսիք են օրինակ սոցիալիզմը և լիբերալիզմը: 

Պատմական մոտեցում. Հակադաշնակցականությունը ՀՅԴ-ի կողմից դրսևորած բռնությունների դեմ ագրեսիվ վերաբերմունքն է: ՀՅԴ-ն մի վտանգավոր, անպատասխանատու, արկածախնդիր կուսակցություն է, որն իր նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի: 

Ինքնության մոտեցում. Հակադաշնակցականությունը նշանավորում է 19-րդ դարի երկրորդ կեսի Զարթոնքով ներշնչված սոցիալականացման և տարածքայնացման մոդելի վավերացումը: 

Սոցիոլոգիական մոտեցում. Հակադաշնակցությունը 1880-1890ական թվականներին հեղափոխական շարժման հետևանքով առաջացած քաղաքականության դադարի մերժման ցանկությունն է, կարծես թե այդ քաղաքականությունը հայերին վախ, աղետ և անկարողություն էր ներշնչում պատասխանատվությունը իրենց վրա վերցնելու համար: 

Քաղաքական մոտեցում. Հակադաշնակցականությունը մերժում է կուսակցության և ժողովրդավարության գաղափարները: Հայերը քաղաքական կուսակցությունների կարիք չունեն, եկեղեցին բավարար է իրենց համար, քանի որ կուսակցությունները պառակտումների և մասնավոր շահերի սզբնաղբյուրներն են:

 Հոգեբանական մոտեցում. Հակադաշնակցականությունը դեմ է դաշնակցականների դավադրություններին, քանի որ իրականում ՀՅԴ-ի ներկայացուցիչները կունենային  իշխանությունը գրավելու և ամենուր իրենցը պարտադրելու գաղտնի մի նախագիծ: ՀՅԴ-ն, անցյալի և ապագայի աղետների կրողն է, հայերը պետք է պայքարեն դաշնակցական դավադիրների դեմ: 

Կրթական մոտեցում. Հակադաշնակցականությունը լայն տարածում ունի սովետական դարաշրջանի պատմության դասագրքերում,  ֆանտազիաների մի ամբողջ շարքի միջոցով առասպելները մի սերնդից անցնում են մյուսին, որպեսզի ավելի լավ կարողանան պաշտպանվել այս չար գաղափարախոսությունից` դաշնակցությունից: Վերջիվերջո, հակադաշնակցականությունը մշակութային է, քանի որ մշակույթը չի կարող ապականվել քաղաքական բաղադրիչներով, պետք է անջատել այս երկու ոլորտները: Ուստի ՀՅԴ-ն նրանց տարակուսանքի մեջ է գցում:

Այսպիսով ձևավորվում է հակադաշնակցականության ասպազենը, մի բազմաբովանդակություն` կազմված հակալուսավորչականությունից, հակակուսակցականությունից, հակառացիոնալիզմից, այսինքն՝ վարքագծի այնպիսի սոցիոլոգիական հիմք է, որը կարող է հանդես գալ որպես քաղաքական ուղղություն: Այս ուղղությունը հանդիպում է Եկեղեցու, Սովետական միության կոմունիստական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Ռամկավար կուսակցության ինչպես նաև ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) կամ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն (Հ.Բ.Ը.Մ.) և վերջերս կազմավորված կազմակերպությունների պատմության մեջ: Այս հակադաշնակցականությունը երեք բանալիների համադրության արդյունքն է: Առաջինը անտեղյակությունն ու անհեթեթությունն է: Եթե ՀՅԴ-ն  «դավաճանների կուսակցություն» է,  ուրեմն 19-20-րդ դարերի բոլոր ֆիդայինները, այդ ժամանակահատվածի մտավորականները, ինչպիսիք էին Դանիել Վարուժանը, Սիամանթոն, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանը և 1989-1994 թվականների Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված մարտիկները նույնպե՞ս դավաճաններ էին: Չենք կարող մի կողմից երգել «Արի դաշնակ Դրո» կամ «Գինի լից» և մյուս կողմից էլ մեղադրենք ՀՅԴ-ին դավաճանության մեջ: Երկրորդը, Հայաստանում կոմունիստական կրթության անկոտրում ժառանգությունն է: Այն կմնար անգիտակցական հավաքականի մեջ, հայերի`ընտանիքից  ընտանիք փոխանցման մեջ, որն էլ դաշնակցության մերժման հիմքն է: Երրորդ բանալին, որն ավելի խորն է արմատավորված պատմության մեջ, միջնադարերում հիմնված արքայատոհմերի ժառանգության համակարգն է, որին բնորոշ էր սահմանակարգել մեծ ընտանիքների`թագավորության դավաճանությունը: Այլ կերպ ասած, թագավորին դավաճանելը նորմալ էր և օրինական: Հայոց պատմության մեջ նման օրինակները բազում են: Եվ սկսած այն պահից, երբ նմանատիպ քաղաքական փորձառությունները չեն առաջացնում որևէ մատնություն և երկար ժամանակ անցնում են պատմության գիրկը, պետք չէ զարմանալ, երբ լսում ես այս սուր թեմաները 21-րդ դարում: Դրսում արդեն բավական խնդիրներ կան, չբերենք դրանք ներս:

Արդյո՞ք հակադաշնակցականությունը կմնա Դաշնակցությունից դուրս: Ենթադրաբար ոչ, քանի որ ՀՅԴ-ն շահագործում է հակադաշնակցականությունը, նույնիսկ ռևիզիոնիստ դաշնակցականները հակադաշնակցականության երաշխավորված անձինք են: Հայելիների խաղի մեջ, հակադաշնակցականության երկու կողմերը կանչում են իրարու և պատասխանում մեկը մյուսին: Դաշնակցական ռևիզիոնիստները համարվում են հակադաշնակցականության կրողները`համակարգային, փիլիսոփայական, պատմական, ինքնության, սոցիոլոգիական, քաղաքական, հոգեբանական, կրթական և մշակութային պատճառներով: Համակարգային պատճառ. Քանի որ ՀՅԴ-ն չունի իշխանության բանալին, պետությունը լեգիտիմ չէ, հաշվի առնելով այն փաստը, որ դաշնակցության գոյությունն ավելի վաղ է, քան պետության գոյությունը: Ունենալով ինքնիշխանության ավանդույթի պակաս, ռևիզիոնիստ դաշնակները չեն վստահում պետությանը: Ինչպես կարող ենք հեռանալ մի ժողովրդավարական կամ բռնապետական պետությունից, որտեղ թեկնածուները իրենց երդմնակալությունը զենքի վրա են իրականացնում: Արդյո՞ք նրանք երդում են տալիս ՀՅԴ-ի դրոշի վրա կամ ծրագրի,  միևնույն է, ծիսակարգը հարգված է և բավարար: Բայց այնտեղ զենք ավելացնելը անհասկանալի է, անընկալելի և վտանգավոր: Անհասկանալի է, քանի որ պետությունն այլևս ունի իր զինված ուժերը, ոստիկանությունը, քննչական մարմինը և դաշնակցականները, ովքեր ցանկանում են իրենց ուժերը ծառայեցնեն ի պաշտպանություն պետության, պետք է պարզապես միանան վերոնշյալ պետական կառույցներին: Անընկալելի է, քանի որ սա ենթադրում է, որ ֆիզիկական բռնության մենաշնորհը չի պատկանում պետությանը: Վտանգավոր է, քանի որ, երբ քաղաքական կուսակցությունը վսեմացնում է զենքի պաշտամունքը, պետք չէ զարմանալ, որ եթե որևէ զինված կամ ահաբեկչական հարձակում լինի հայ հասարակության մեջ, մարդիկ մատնանշելու են այդ քաղաքական կուսակցությանը: Երդում տալը Օսմանյան կայսրությունում կամ Ռուսական կայսրությունում և Արցախում արդարացված է,  քանի որ հայերը պայքարում են գաղութարարության,  տիրապետության դեմ, բայց մի ինքնիշխան պետության մեջ, որտեղ ՀՅԴ-ն մասնակցում է քաղաքական գործընթացներին և կազմակերպմանը, զենքի վրա երդում տալը ոչ մի իմաստ չունի: Ոչինչ չի արդարացնում սա: Ոչինչ: Փիլիսոփայական.  դաշնակցական ռևիզիոնիստները դեմ են Լուսավորչականությանը, քանի որ այստեղ տեսնում են մտածողականության արևելականության դրոշմը: Պատմական. դաշնակ ռևիզիոնիստները նորից են գրում իրենց սեփական կուսակցության պատմությունը`ջնջելով այն ամենը, ինչը չի համապատասխանում իրենց կարծրատիպային վարքագծին: Միակ հնարավոր պատմությունը ՀՅԴ-ի պաշտոնական պատմությունն է, իմացության զարգացման մնացած ներդրումները չարամիտ են, հետևաբար անվավեր են:  Դաշնակ ռևիզիոնիստը չի կարդում, նա ամեն ինչ գիտի: Ինքնություն. Դաշնակ ռևիզիոնիստները հենվում են ինտեգրման կաղապարի վրա, որտեղ անձը ծնվում է, ապրում և մահանում որպես դաշնակցական, և դասակարգում մարդուն հետևյալ հաջորդականությամբ`մարդ և հայ լինելուց առաջ իրենք դաշնակներ են: Սոցիոլոգիական. Դաշնակ ռևիզիոնիստները ժողովրդավարության շատ նեղ պատկերացում ունեն, նրանք հրաժարվում են ժողովրդավարական բանավեճերից և թաքնվում են իրենց որոշման հետևում` իրենց թելադրանքը առաջ տանելու համար: Նրանք ունեն դաշնակացականի միասնական և յուրօրինակ գաղափար` նվիրյալ, կարգապահ զինվոր, վերջիվերջո հանգած և պասիվ: Հոգեբանական. Դաշնակ ռևիզիոնիստները համոզված են, որ ՀՅԴ-ի դեմ դավադրություն կա, որը գրված է պատմության մեջ և ամենուր է: Յուրաքանչյուր ոք, ով գրում է ՀՅԴ-ի դեմ, ենթարկվում է մանիպլյուլացիայի, չէր ունենա ազատ կամք, քանի որ նա ծառայում էր ՀՅԴ-ի դեմ դավադրության օրակարգի համար: Քաղաքական. Դաշնակ ռևիզիոնիստները մերժում են ֆեդերացիայի Քրիստափորյան գաղափարները: Ֆեդերացիան անկարգություն է, կուսակցությունը` կարգ ու կանոն է: Ֆեդերացիան բանավեճի և գաղափարների փոխանակման հարգանքն է, կուսակցությունը գաղափարն է: Կրթական. Դաշնակ ռևիզիոնիստները ՀՅԴ-ն դարձնում են մտածողությունների վերակրթման դպրոց: Համազգային դպրոցները պետք է լինեն հասարակական կյանքի վերադարձի վայրեր` ի կողմ հակաթուրքական և հակասովետական հայդատականության: Վերջապես,  մշակութային. դաշնակ ռևիզիոնիստները չեն համաձայնվում բաժանել մշակույթը քաղաքականությունից: Նրանք դա այնքան են ընդունում, որքան որ հրաժարվում են ՀՅԴ-ի քննադատություններից, քանի որ քննադատել ՀՅԴ-ին նշանակում է քննադատել իրենք իրենց, քանի որ իրենք են ՀՅԴ-ն և այս քննադատությունը դեռևս սաղմնային վիճակում սպանելու համար պետք է արմատախիլ անել այս “շեղվողներին” ընդդիմադիրներին`դիմելով վտարման: Սա նշանակում է շուտ մոռանալ, որ Քրիստափորը չէր վտարում իր ընկերներին,  ովքեր չէին համաձայնվում իր հետ: Հիշենք Գարեգին Խաժակին, ով Բուլղարիայում դաշնակցական մամուլում քննադատում էր Քրիստափորին: Քրիստափորը նրան գրել է, որ նա այլևս իր հետ չի աշխատում, բայց Քրիստափորը նրան ՀՅԴ-ից  չի հեռացրել: 1920ական թվականների սկզբին Միքայել Վարդանյանը «Հայրենիք Ամսագրում» դատապարտում է դաշնակների ղեկավարների նեղմիտ ոգին, ովքեր թույլ տվեցին Քրիստափորին միանալ սուլթան Աբդուլ Համիդ II-ի դեմ օպերացիային: Այդ ժամանակվա ղեկավարությունը, որը բարեբախտաբար կազմված էր Սիմոն Վրացյանից և Շավարշ Միսակյանից, նրան չեն հեռացրել ՀՅԴ-ից: 1933 թվականին ԱՄՆ-ում Շավարշ Միսակյանը հրապարակավ քննադատել է ՀՅԴ-ի ղեկավարությանը 1933 թվականի դեկտեմբերի 24-ին Նյու Յորքում արքեպիսկոպոս Լևոն Թուրյանի սպանության համար: Այդ ժամանակվա ղեկավարությունը, որը դեռևս մի քանի շաբաթ ակնկալում էր Սիմոն Վրացյանին, նրան նույնպես չհեռացրեցին:

Հայաստանի քաղաքական կյանքը դժբախտաբար դուրս չի գալիս այս արատավոր, դավադիր և կործանարար շրջանակից: Այն չի մեծանում, մնում է մանկամիտ և ենթակաների վերաբերյալ հոգատար հարաբերությունների մեջ, որը բնորոշ է ազգերին, ովքեր չեն ազատագրվել տիրապետության տրամաբանությունից, և ովքեր այսպիսով չեն ավարտել իրենց Պատմությունը: Հակադաշնակցությունը այսպիսով երկգլխանի է: Մի կողմից շրջապատը և մարդկանց խմբերը ծայրահեղ թշնամական են ՀՅԴ-ի նկատմամբ, որը հասնում է անմտության և զառանցանքի: Մյուս կողմից դաշնակ ռևիզիոնիստները թշնամական են վերաբերվում ամեն ինչին, ինչը չի մտնում իրենց նեղ շրջանակի մեջ, որը հասնում է մինչև անմտության և մեծամտության: Մի կողմից «ամեն ինչը, ինչ դաշնակ է, վատ է, քննադատելի և ոչ հայկական»: Մյուս կողմից, «այն ամենը ինչը չի ընկնում դաշնակ ռևիզիոնիստների դասակարգման մեջ, ոչնչություն է և դատարկություն, աննշան և ոչ հայկական»: Այսպիսով հակադաշնակցականության երկու կողմերը միանում են և անձնատուր են լինում մի վերգետնյա, ֆանտաստիկ պատմության մեջ և առաջ են բերում պաթոլոգիաներ: Երկու կողմերն էլ օգտագործում են հակադաշնակցականությունը որպես պարիսպ` մտածողության դեմ: Ոմանք տեսնում են դաշնակներին ամենուր և խուսափում են նրանցից: Ոմանք անմիջապես քննադատում են այստեղի և այլ վայրերում գտնվող հակադաշնակցականությունը, որպեսզի արգելեն մտածելը, այն աստիճան, որ հետևյալ պատկերն է ստեղծվում. Առաջին դեպքում «պարոն այսինչը դաշնակ է, ես նրան չեմ լսում», երկրորդ դեպքում «պարոն այսինչը ՀՅԴ-ն հարցականի տակ է դնում, նա հակադաշնակցական է,  ես նրան չեմ լսում»: Այս երկակի սեկտային դավադրության մեջ, որտեղ մարդիկ կամ հիանում են մեկը մյուսով կամ ատում են միմյանց, բայց երբեք չեն սիրում միմյանց, հավաքվում են հայերի մեծամասնությունը`ողջամիտ, զարգացած, մտածող և զբաղված, լինեն ՀՅԴ-ի անդամ կամ չլինեն, բայց պատրաստ քննարկել, համագործակցել և առաջ տանել հայ պետությունը, հայդատականությունը և գաղափարները դնել ճիշտ ուղու վրա: Հակադաշնակցականությանը վերջ դնելը այս երկակի պաթոլոգիայից ազատվելն է, մեկը դրսից, մեկն էլ ՀՅԴ-ի ներսից, այնպես որ ՀՅԴ-ն գտնի իր հավասարակշռությունը և իր տեղը, որտեղից նա երբեք չպետք է հեռանար, բացի միայն 1905 թվականի Քրիստափորի մահից հետո, ծայրահեղ դեպքում 1920 թվականի Հանրապետության վերջից հետո:

    

2 Responses to “Վերջ Դնենք Երկգլխանի Հակադաշնակցականությանը”

  1. Վազրիկ Reply

    Ապրես, խորիմաստ մտքեր, իրական և իսակական դաշնակցության փնտրտուք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *