սոց ցանց

«Փրկիչը» Չաշխատեց

Հայ-թուրքական հարաբերության մասին խոսելիս, հանրային մի շերտ կամ մարդկանց խմբեր կան, որոնք այդ խոսակցությունն ընկալում են իբրեւ հայ-թուրքական «եղբայրության» մասին խոսակցություն:

Հակոբ Բադալյան

Հայ-թուրքական երկխոսության կամ հարաբերության մասին խոսակցություն վարող մարդիկ կամ խմբերը կարծում եմ չունեն պատրանք, թե այդ երկխոսությամբ Թուրքիան մի կողմ է դնում Հայաստանի հանդեպ իր որեւէ ռազմավարական նկրտում: Ամբողջ հարցն այն է, որ այդ երկխոսությունը, հարաբերությունը պետք է դիտարկել այդ նկրտումնեի զսպման մի մեխանիզմ, ի թիվս բազմաթիվ այլ մեխանիզմների:

Չընկնենք բարդ պատմա-քաղաքական վերլուծությունների մեջ: Կա ավելի պարզ հանգամանք, որին մենք ականատես ենք եղել թե պատմության ընթացքում, թե ցավոք սրտի՝ ներկայում: Մենք չունենք ներկայիս Թուրքիային դիմակայելու ինքնուրույն ռեսուրս: Եվ չենք ունենալու տեսանելի ապագայում: Հետեւաբար մենք պետք է ունենանք զսպման ռեսուրսների բազմազանություն: Բայց մենք դա էլ չունենք, որովհետեւ մենք մեր հոգեբանական եւ մտապատկերներում ունենք մեկ «փրկիչ»՝ Ռուսաստանը: Մինչդեռ, հենց թե պատմական, թե դժբախտաբար ներկայի օրինակ ունենք, որ այդ փրկիչը չի աշխատում: Կարելի է բերել հազար ֆորմալություն եւ այլն՝ միջազգային ճանաչված սահման, ֆլան, ֆստան: Երբ պետք է լինում, Ռուսաստանը շատ հանգիստ թքած է ունենում այդ ֆորմալությունների վրա: Եվ դա բոլոր ուժային կենտրոններին բնորոշ իրողություն է:

Խնդիրը իրական քաղաքականության համատեքստն է եւ էդ համատեքստում մենք ականատես եղանք, որ «փրկիչը» չաշխատեց: Եվ ոչ միայն չաշխատեց, այլեւ փրկիչը պայմանավորվեց ագրեսորի հետ: Ես չեմ առաջնորդվում Ռուսաստանի դավադրության կանխավարկածով: Ռուսները պարզապես գործեցին ըստ իրենց կարողության ու շահի: Նրանք կուզեին կարծում եմ, որ իրենց խաղաղապահները օրինակ լինեին Հադրութ-Ջաբրայիլ սահմանին, ոչ թե Ստեփանակերտ-Շուշի, օրինակ: Բայց նրանք ի վիճակի էին այսօրվա դրությամբ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանից ստանալ կամ կորզել այն, ինչ կորզեցին, որովհետեւ ավելիի դեպքում կար Թուրքիային բախվելու սպառնալիքը: Ռուսաստանն այսօր թույլ է այդ սպառալիքի դիմաց: Հիշենք օդանավի պատմությունը, հիշենք Էրդողանի խորհրդականի հայտարարությունը՝ թե կքանդենք Ռուսաստանը ներսից, եւ քար լռությունը մոսկովյան իշխանական կաբինետներից:

Հիմա, էս օրինակները ունենալով, մենք որքան անմտություն կարող ենք ունենալ, մտածելու համար, թե բավարար է Թուրքիայի զսպման մեկ մեխանիզմի վրա հույս դնելը: Որեւէ մեկն ունի՞ երաշխիք, որ իքս տարի անց որեւէ ռազմական լարվածության պարագայում մեր «փրկիչը» մեր սպառնալիքի հետ չի պայմանավորվի մեզ համար ավելի վատ բնագծով՝ լինի Արցախում, թե Հայաստանում: Հետեւաբար, եթե հայկական հարցի վերաբերյալ Թուրքիայի հետ կարող են պայմանավորվել բոլորը՝ եւ քաղել իրենց համար անհրաժեշտը, ո՞ր տրամաբանությամբ մենք չպետք է փորձենք ինքներս, անմիջականորեն խոսել, իհարկե ունենալով որոշակի կարմիր գծեր՝ անխոս, բայց փորձենք խոսել: Խոսել, դեռ չի նշանակում համաձայնել, պայմանավորվել եւ այլն, բայց խոսել, որը մեր ձեռքին կլինի մի հավելյալ մեխանիզմ:

Հ.Գ. իհարկե էստեղ կա ճշգրտման կարիք: Թող չստացվի տպավորություն, թե Թուրքիան պատրաստ է, իսկ մենք չենք խոսում: Թուրքիան իր քաղաքականությամբ ու վարքագծով բացարձակապես չի նպաստում էդ հարցի համար նպաստավոր միջավայրի ձեւավորմանը եւ սա իհարկե ունի իր պատճառները: Հարցն էստեղ այն է, որ մենք մտածենք մեր անելիքի եւ կարողության մասին, ինչից առանցքայինն իհարկե մենք մեզ չարգելափակելն է:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *