ՄԵՐ ՈՒՂԻՆ

Կուսակցական Շերտաւորումներու Անհրաժեշտութունը

Ունիմ ինծի համար շատ յարգելի ընկերներ, որոնք համաձայն ըլլալով իմ շատ մը քննադատութիւններուն, այսօր, Դաշնակցութիւնը պաշտպանելու հասկնալի բնազդով, ակամայ ինկած են Հրանդի քաղաքականութիւնը պաշտպանողի դերին մէջ

Ռուբէն Գարագաշեան

Վերջերս շատ խօսուած է շերտաւորումներու մասին, եւ ընդհանրապէս իբրեւ
բացասական երեւոյթ։ Երբ Նիկոլ Փաշինեան եւ ուրիշներ խօսեցան
Դաշնակցութեան շերտերուն մասին, մեծ ընդվզում յառաջացաւ Դաշնակցական
ղեկավարութեան մօտ։ Ան անմիջապէս եւ պաշտօնապէս հակադարձեց,
դատապարտելով նման ՚ամբաստանութիւններ՚ եւ պնդելով որ կուսակցութեան մէջ
շերտեր չկան, եւ շերտեր փնտռելու որեւէ փորձ դատապարտուած է
ձախողութեան։

Ըստ իս, այն կուսակցութիւնը ուր շերտեր գոյութիւն չունին, հիւանդ
կուսակցութիւն է։ Նման կուսակցութիւններ, կամ հետզհետէ տկարանալով կը
հեռանան քաղաքական բեմէն, եւ կամ դառնալով հետզհետէ աւելի ջղագրգիռ,
այլամերժ եւ ամբարտաւան, կը դառնան պատուհաս ժողովուրդի գլխին։
Շերտաւորումները պէտք է պահպանել մեծ գուրգուրանքով, որովհետեւ անոնք
հարստութիւն են կուսակցութեան մը համար, ապացոյց անոր կենսունակութեան
եւ երաշխիք հաւասարակշռուած քաղաքական ռազմավարութեան եւ
գործունէութեան։ Հետեւաբար կուսակցական խելացի եւ իմաստուն
ղեկավարութեան գլխաւոր դերն է պահել հաւասարակշռութիւնը տարբեր
շերտերու միջեւ, քաջալերել առողջ եւ ազնիւ մրցակցութիւն անոնց միջեւ, եւ
կատարել այդ ամէնուն համադրութիւնը, առանց երբէք թոյլ տալու որ մէկ շերտ
բռնանայ այլ շերտերու վրայ եւ որոշ շերտեր զգան մեկուսացած, անտեսուած եւ
անզօր։

Դաշնակցութիւնը միշտ ունեցած է շերտեր։ Ան եղած է հզօր ու հեղինակաւոր, երբ
ունեցած է իմաստուն ղեկավար մարմիններ, ուր ներկայացուած են տարբեր
շերտեր, եւ զիրար յարգելով, միասնաբար մշակած են հաւասարակշռուած
գործունէութիւն։ Ան եղած է տկար եւ հեղինակազուրկ, Երբ ունեցած է ղեկավար
մարմիններ, ենթակայ կամքին միայն մէկ շերտի, որ ինքզինք պարտադրելու
համար չի քաշուիր նոյնիսկ պայքարի ամէնաստորին եւ անսկզբունք միջոցներէ։
Դժբախտաբար այս վերջինն է պատկերը Դաշնակցութեան, գոնէ այս վերջին
երկու տասնամեակներուն։ Կարելի է վիճիլ թէ այդպէս եղած է նաեւ այլ
շրջաններու ընթացքին, բայց այդ չէ էականը։ Անընդհատ բռնանալով իր հետ
անհամաձայն շերտերուն վրայ, եւ ղեկը անդադար իր ձեռքը պահելու մոլուցքէ
տարուած, ընկեր Հրանդ Մարգարեան, աւելի մեծ վնաս պատճառած է
Դաշնակցութեան, քան ամէնէն հզօր եւ ոխերիմ հակադաշնակցականները։
Այսօր, երբ կուսակցական կեանքէն ներս ժողովրդավարութենէն մնացած են
միայն ձեւն ու ծէսերը, եւ կարգապահութիւնը վերածուած է գերագոյն եւ
բացարձակ արժէքի, տարբեր գաղափարներու եւ մօտեցումներու բախումը եւ
պայքարը փոխանակ ընթանալու առողջ ու բնական ձեւով կուսակցութենէն ներս,
անիկա սկսած է ընթանալ ամէնէն հիւանդագին ձեւով ու հրապարակաւ,
ապականելով միտքերն ու հոգիները։ Սեւ ու Սպիտակի մակդիրներէն խորշող
մարդիկ, այսօր կը փորձեն դաշնակցական մեծ ընտանիքի իւրաքանչիւր անդամ
տեղաւորել երկու իրարամերժ ճամբարներու մէջ – Հրանդական,
հակահրանդական – նիկոլական, հականիկոլական – ազգային արժէքներու
պաշտպան, Սորոսական – դաւաճան, փրկիչ – եւ այսպէս շարունակ …
Նման իրավիճակ, սեւէ ու սպիտակէ զատ այլ երանգներու դրսեւորում թոյլ չի
տար։ Որեւէ քննադատութիւն ուղղուած ղեկավարութեան կ՛ընկալուի իբրեւ
հարուած ուղղուած Դաշնակցութեան եւ կ՛արթնցնէ ինքնապաշտպանութեան
բնազդ, յատուկ հոգեկան անբաւարարութենէ տառապող մարդուն։
Հակահրանդական քննադատը կը ներկայացուի իբրեւ հակադաշնակցական եւ
կամ իսկական հակադաշնակցականներու ջաղացքին ջուր լեցնող, իսկ
Դաշնակցութեան պաշտպանի դերը ստանձնողը, կամայ թէ ակամայ կը
ներկայացուի իբրեւ հրանդական։

Հակառակ անոր, որ ես բուռն քննադատողն եմ Հրանդ Մարգարեանի վարած
քաղաքականութեան եւ ղեկավարման ոճին, ունիմ ինծի համար շատ յարգելի
ընկերներ, որոնք համաձայն ըլլալով հանդերձ իմ շատ մը
քննադատութիւններուն, այսօր, Դաշնակցութիւնը պաշտպանելու հասկնալի
բնազդով, ակամայ ինկած են Հրանդի քաղաքականութիւնը եւ գործելակերպը
պաշտպանողի դերին մէջ։ Ոմանք այդ դերը կը կատարեն զուսպ եւ անհանգիստ,
իսկ դժբախտաբար ոմանք, զայն ստանձնած են անհաւատալի
խանդավառութեամբ եւ կիրքով։ Շարքերէն դուրս գտնուողներուն համար կարելի
չէ այլեւս ժողովներու ճամբով բարձրաձայնել իրենց մտահոգութիւնները եւ անոնք
դատապարտուած են յուշարարի դեր կատարել հրապարակաւ,
հակադաշնակցականի պիտակաւորումին արժանանալու գնով։ Կը յուսամ շատ
ուշ չէ այլեւս, որ այդ մտահոգութիւնները գէթ մասամբ բաժնող շարքային
ընկերներ, իրենց մէջ ուժը գտնեն բարեփոխելու կուսակցութիւնը ներսէն, եւ
վերականգնելու անոր բազմաշերտ հարստութիւնը։

Հ.Գ. Աւելորդ մեկնաբանութիւններու եւ զրպարտութիւններու առաջքը առնելու
համար կը ստիպուիմ դարձեալ նշել, որ քննադատութիւններս ուղղուած
Դաշնակցական ղեկավարութեան ոչ մէկ ձեւով կ՛ենթադրեն որեւէ համակրանք
հանդէպ Նիկոլի Փաշինեանի, որ չ՚արդարացուց ժողովրդային յեղափոխութեան իր
վրայ դրած յոյսերը եւ դարձաւ պատուհաս մեր ազգի գլխին։ Իր ձախողութեան մէջ
կարելի չէ նաեւ թերագնահատել յեղափոխութենէն դժգոհ ուժերուն դերը։ Այո, ան
անպայման պէտք է հեռանայ, սակայն ոչ փոխարինուելու համար իր
ձախողութիւնը ցանկացած Սերժերու, Րոպէրթներու ու անոնց նմաններու եւ կամ
ծառայածներու կողմէ, այլ իր ձախողութենէն հիասթափուած նոր, կարող,
պարկեշտ եւ օտարին չծառայող ուժերու կողմէ։

Երազելը տակաւին արգիլուած չէ։

    

One Response to “Կուսակցական Շերտաւորումներու Անհրաժեշտութունը”

  1. ANGELA BARSEGHIAN Reply

    Որքան էլ որ կարծում եմ, անձերը կարևոր են, հատկապես, նրանք, ովքեր պատեհություն են ստանում ղեկավարել, կուսակցություններ, ինչ որ համակարգեր, կամ նույնիսկ մինչև ղեկավարել, Հայաստանի պետությունը, հանձինս, Նիկոլ Փաշինյանի․․․պետք է հասկանանք մի բան, որ բոլոր բյուրոյական, կուսակցական, կամ իշխանության որոշումները, լինի, սահմանադրության փոփոխությունները, պետք է միտված լինեն, ի ՇԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ․․․դե, պետություն ասելով, հասկանում ենք, ժողովուրդը․․․անկախ, նրա, կուսակցկան, կրոնական, գիտակցական էությունից․․․Հրանդ Մարգարյանը, օրինակի համար, չկար, երբ ԲՅՈՒՐՈՆ, Փարիզի մեջ, որոշեց, ՉՕԳՆԵԼ Հայաստանի Պետությանը, 88ի երկրաշարժից հետո, բացատրելով, կամ արդարանալով, որ Հայաստանի Պետությունը, խորհրդային էր․․․Սա որպես օրինակ եմ գրել․․․Կան շատ ու շատ այլ պատմական օրինակներ, օրինակ, Երկրորդ Հանրապետության Անկախացումին, ՀԱԿԱՌԱԿ ԷՐ ԲՅՈՒՐՈՆ․․․բացատրելով, որ ժամանակը չէր․․․կամ, որքան էլ որ այսօր, չենք հարգում Նիկոլ Փաշինյանին, որպես ընտրված վարչապետ, միևնույնն է, ժողովրդի քվեն ոչ մեկ արժեք ներկայացրեց Դաշնակցությանը․․․որի հետևանքով, ի սկզբանե, մերժեց Նիկոլ Փաշինյանին, որպես Հայաստանի լեգիտիմ վարչապետ․․․և այլն, և այլն․․․Այս օրինակները ցույց են տալիս, շատ խորը պատկերներ, թե որտեղ՞ է սխալվել, Կուսակցությունը, որպես ՄԻՈՒԹՅՈՒՆ․․․եթե կուսակցության մեջ պիտի շերտեր լինեն, որի բացատրությունը, տարբեր քաղաքական կարծիքներ են, որ կարող են կուսակցությանը, տանել արևմտամետից մինչև արևելամետ, ռուսամետ․․․ապա, ինչ որ բան, սխալ կա, շերտավորումների մեջ, ԿԱՄ կուսակցությունը պետք է պարզ ու հստակ ներկայացնի, որ քաղաքականությունը փոփոխական է, ժամանակների հետ․․․սակայն, նպատակը նույնը, որն է, ի սպաս, Հայաստանի Պետությանը, պետության հզորեցմանը ․․և այլն և այլն․․․Ավելին, կուսակցությունը պետք է ունենա մեխանիզմ, արգելելու, ինչ որ մեկանձյա դիկտատորյա, մեկանձնյա գաղափարախոսություն, որ կհակասի, հիմնական կուսակցական նպատակին, ծառայել Հայասատնի ԼԵԳԻՏԻՄ , ժողովրդի կողմից ընտրված, պետությանը․․․Ավելին, Կուսակցությունը պետք է արգելի, Հայը Հայի նկատմամբ խտրական մոտեցում ունենա, քաղաքական, կրոնական, գաղափարական տարբերությունների հիման վրա․․․Այսինքն, պետք է արգելվի, “եթե դաշնակցական չես, ուրեմն, Հայ չես”․․․կամ “եթե Քրիստոնյա չես, Հայ չես”․․․նման հիմարություններ․․․Կուսակցությունը ՊԵՏՔ Է ԲԱՑՎԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌԱՋ․․․դա շատ կարևոր է, ոչ միայն կուսակցության համար, այլ նաև Հայ Ժողովրդի համար․․․այսինքն, Դաշնակցությունը, կամ որևե այլ կուսակցություն չպետք է լինի , ՄԻԱՅՆ ԻՐ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ․․․․և այլն, և այլն․․․Ինքս , ինչպես նկատել եմ, ահվասիկ քառասուն տարիներ, մեր բոլոր կուսակցությունները, հատկապես Դաշնակցությունը տառապել է, ու մեր ժողովուրդը այդ պատճառով վնասվել է, չի զարգացել, զուտ նրա համար, որ թշնամաբար է վերաբերվել այլ կարծիքների , այլ կուսակցությունների Հայերի հետ․․․սա, քայքայել է մեր ժողովրդին, մեր պետությանը․․․որը, կարծում եմ, կուսակցությունը հիմնողների , հիմնադիրների մտքում չի եղել․․․Կարծում եմ,նրանք, շատ ավելի ազնիվ, լայնախոհ են եղել, ու կուսակցությունը հիմնել են ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՅՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ․․․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *